ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԴԵՖԻՑԻՏ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ այս ընթացքում ճանապարհային ոստիկանների գրեթե անհնար է հանդիպել: Արդյունքում մի խումբ վարորդներ, առիթից օգտվելով, ինչպես ուզում, վարում են`թույլ տալով լուրջ խախտումներ:

Ըստ որոշ տեղեկությունների` ճանապարհային ոստիկանների կտրուկ պակասելու պատճառը ցածր աշխատավարձն է: Այսինքն` մարդիկ, տեսնելով, որ քիչ աշխատավարձ են ստանում, եւ վարորդներից կաշառք վերցնելն էլ արգելվել է, այլեւս հաշվարկել են, որ եկամտաբեր չէ ՃՈ աշխատելը, դրա համար էլ հրաժարվում են ծառայությունից: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանների կտրուկ «դեֆիցիտը» նկատվել է օգոստոսից հետո:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իսկապես բավականին շատ թափուր տեղեր կան. «Բայց այս պահին գործընթաց է գնում` կադրերի ընդունում, վերապատրաստում, ծառայության մեջ ներգրավում: ՃՈ աշխատողները ոչ թե դուրս են գալիս, այլ թոշակի են անցնում: Այդպիսի հոսք չկա, որ դուրս են գալիս, բնական հոսք է. այսինքն` տեղափոխություն այլ ծառայության, թոշակի անցնել, կարգապահական մոտիվացիաներով ազատվել եւ այլն: Բայց ներկայումս կա նաեւ ընդունելություն, 30-ից ավել երիտասարդներ վերապատրաստվում են, որպեսզի անցնեն ծառայության»:
Մյուս կողմից` ժամանակին վարորդները բողոքում էին ճանապարհային ոստիկանների «առատությունից», իսկ հիմա` «դեֆիցիտից»: Նրանց խոսքերով` ամեն դեպքում ճանապարհային ոստիկանների ներկայությունը զգոնացնում էր անկարգ վարորդներին: Իսկ հիմա Երեւանում երթեւեկությունը դարձել է անկանխատեսելի, շատ դեպքերում աղաղակող խախտումներով: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքեր կամ ճանապարհային ոստիկաններ չկան, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման` հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը: Նկատենք, որ այս տարվա երրորդ եռամսյակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է, նաեւ զոհերի ու վիրավորների թիվն է աճել:
Այսպես, Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 2 հազար 923: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2 հազար 923-ից 245 մարդ ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է, վիրավորվել` 4 հազար 278 մարդ:
Մինչդեռ նույն պաշտոնական տվյալներով` նախորդ տարվա երրորդ եռամսյակում ՃՏՊ-ների քանակը կազմել է 2 հազար 553` այս տարվա երրորդ եռամսյակի համեմատ 370-ով պակաս: ՃՏՊ-ների հետեւանքով անցած տարվա երրորդ եռամսյակում զոհերի թիվը 200 է, վիրավորներինը` 3 հազար 784: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՃՏՊ-ների թիվը 14.5 տոկոսով ավելացել են: Իսկ ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի թիվը ավելացել է 22.5 տոկոսով, վիրավորներինը` 13.1 տոկոսով: Միայն սեպտեմբերին ՃՏՊ-ների թիվը 418 է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 380:
Ըստ Արմեն Խաչատրյանի` ՃՏՊ-ների քանակի աճը տարբեր պատճառներ ունի: «Իհարկե, մի պատճառով չես պայմանավորի այս ամենը: Զոհերի եւ վիրավորների էական աճ ունեցանք 2018 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 10, այսինքն` ամիսուկես ժամանակահատվածում մենք ունեցանք, որքանով հիշում եմ, 48 ավել զոհ, քան նախորդ տարի: Դրանից հետո միջոցառումներ իրականացվեցին այդ դինամիկան զսպելու համար: Այսինքն` այսօրվա վիճակագրությունը, որ ունենք, դա դեռեւս հունվար-փետրվար ամիսներից մնացած ժառանգությունն է: Իսկ հունվար-փետրվար ամիսներին մենք ունեցանք եղանակային լավ պայմաններ երթեւեկության համար, այսինքն` այն բավականին ինտենսիվ էր, չէր տարբերվում ամռան ամիսների երթեւեկության ինտենսիվությունից: Դրան գումարվեց տոնական օրերը, ոչ սթափ վիճակում վարելու հանգամանքները, եւ ունեցանք այդպիսի վիճակագրություն»,- բացատրեց ՃՈ պետի տեղակալը:
Մեր զրուցակցի խոսքերով` երկրորդ պատճառը կապված է տրանսպորտային միջոցների քանակի ավելացման հետ: Ըստ Խաչատրյանի` այս տարի ավելի քան 7 տոկոսով ավելացել են տրանսպորտային միջոցները: «Սա արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման: Չեմ բացառում, որ ճանապարհային ոստիկանության կողմից այս տուգանքների կիրառման պրակտիկայի մեղմացման արդյունքում մի խումբ վարորդներ օգտվում են այս հանգամանքից եւ արդեն իսկ ռիսկեր են ստեղծում պատահարների առաջացման»,- նկատեց Խաչատրյանը:
Բայց մյուս կողմից` գաղտնիք չէ, որ մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Արդյունքում այսօր Հայաստանում ով ասես, մեքենա է վարում` վտանգելով մարդկանց կյանքը: Եւ նրանք, ովքեր իրենց վկայականները գումարով ձեռք բերելու պարագայում (ըստ օդում կախված լուրերի` այն 150 հազար դրամով կարելի է) այդպես էլ չեն սովորում երթեւեկության կանոնները: Ու չնայած սրան` պատկան կառույցները չեն վերահսկում ոլորտը, եւ գնված վարորդական վկայականով անբարեխիղճ վարորդներին չեն ուղարկում վերապատրաստման դասընթացների:
Հ.Գ. Երեկ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով հանրապետությունում 8 զոհ է գրանցվել։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՑՈՒՑԱՐԱՐ ՏՆՕՐԵՆԸ
Նոյեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել նոյեմբերի 1-ից լուծել Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Վորոշիլովի Հակոբյանի հետ 2014թ. դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Տեղեկացնենք, որ մինչեւ մրցույթով այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Լ. Հակոբյանը նշանակվել էր այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Լարիսա Հակոբյանը կենսաթոշակային տարիքի է, այդ պատճառով էլ լուծվել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Նրա խոսքերով` առաջիկայում Ազատամուտի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է անցկացվելու, այն կկայանա դեկտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ Լ. Հակոբյանը ակտիվորեն մասնակցում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, Ազատամուտի դպրոցի դասադուլներին: Նա այդ հանրահավաքների ժամանակ բարձրախոսով համայնքի ղեկավարի դեմ ելույթներ էր ունենում, նրա ղեկավարած դպրոցի աշակերտներն էլ ծափահարում էին: Այս փաստն ապացուցող տեսանյութերն առկա են համացանցում: Նկատենք, որ Ազատամուտի դպրոցում տեւական դասադուլների, փոքրահասակ աշակերտների կողմից համայնքի ղեկավարի դեմ բողոքի գործողություններին, նաեւ միջպետական ավտոճանապարհը փակելու ակցիային մասնակցության համար դպրոցի տնօրեն Լ. Հակոբյանը իր վերադասի` Տավուշի մարզպետարանի կողմից պատասխանատվության չի ենթարկվել:

 

 

ԿՌՈՒՆԿՈՎ ԳՈՂԸ
Նոյեմբերի 2-ին Հաղարծին գյուղի մի բնակիչ իր վերամբարձ կռունկով «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարին է բարձել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հարակից գոտում գտնվող կառույցից 7 հատ 2 մետր երկարությամբ հենասալեր: Նա «ԿԱՄԱԶ»-ի վարորդին հայտնել է, թե հենասալերն իրեն են պատկանում, բեռնատարի վարորդը չի իմացել, որ ինքը գողության է մասնակցում: Վերամբարձ կռունկի վարորդը նախկինում աշխատել է Երեւանի բնակչին պատկանող այդ կառույցի շինարարությունում: Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են հանցագործությունը: Դեպքի կապակցությամբ Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որից հետո քրեական գործ կհարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Հենասալերի գողության կապակցությամբ նշանակված է ապրանքագիտական փորձաքննություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս