Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ:
Հիշեցնենք` Քոչարյանը հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, սակայն օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վերացրել էր նրա խափանման միջոցն ու ազատ արձակել: Դրանից հետո արդեն ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել` միջնորդելով նախկին նախագահին կալանավորել: Եւ ահա, ՀՀ Վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տեւած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են` ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել եւ այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության:
Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես, քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ու որոշում կայացնելիս հենվել է հենց նախկին նախագահի անձեռնմխելի լինել-չլինելու դրույթի վրա: Իսկ ահա մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով` խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել: Այնպես որ, հիմա վճռաբեկ դատարանում ցանկանում են գործը կրկին քննության ուղարկել` պահանջելով ուշադրություն դարձնել նաեւ այդ հանգամանքների վրա: Իսկ իրականում սրանով ժամանակ է ձգվում:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ՀՀ կառավարության կազմը կարող է միանգամայն այլ տեսք ունենալ: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քաղաքական որոշում է կայացվել, որ իրենց անդամ նախարարները պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմա իշխանության ներսում քննարկումներ են ընթանում, որ եթե նախարարներից ոմանք ռեյտինգային ընտրակարգով հավաքեն բավարար քվե ու ընտրվեն պատգամավոր, ապա կվերցնեն իրենց մանդատը` պորտֆելը զիջելով այլ թիմակիցների, մանավանդ, երբ նախարարներից ոչ բոլորն են այս ընթացքում փայլել իրենց պրոֆեսիոնալիզմով: Ու եթե ակնհայտ են խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները` մեծամասնություն կկազմի «Իմ քայլը» դաշինքը, եւ Նիկոլ Փաշինյանը կրկին կընտրվի վարչապետ, ապա դեռ պարզ չէ ապագա կառավարության կազմը, թե ովքեր են լինելու նախարարները:
Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ կողմից ետ կանչելուց հետո Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը: Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը, իսկ ՌԴ-ն, որի տեսակետը ՀԱՊԿ-ում վճռորոշ նշանակություն ունի, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել: Ամեն դեպքում, այդ կառույցում որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, եւ եթե որեւէ մեկը որեւէ տարբերակի վրա վետո դնի, ապա որոշում չի կայացվի: Մինչ այդ նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով»: Ու քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետեւաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, սակայն այստեղ առկա են նաեւ քաղաքական նյուանսներ:
Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Պարզվում է, սակայն, այդ քայլին Շահինյանն ինքնակամ չի գնացել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Շահեն Շահինյանը իր դիմումը գրելուց առաջ հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է դիմում գրել եւ հեռանալ: Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է, որ Շահինյանը պիտի հեռանա, որովհետեւ այդպիսին են նոր Հայաստանի պահանջները: Բացատրել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Շահինյանը, իհարկե, հերքեց այդ լուրերը` ասելով. «Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում»: ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՀԵՐԹՈՎ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սրբագրել նախորդի աղմկահարույց որոշումները: Մասնավորապես, գործադիրը ցանկանում է օրենսդրությամբ սահմանել, որ այսուհետ կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ, ի թիվս այլ առաջարկների, նշված է. «Կառավարության նիստերը դռնբաց են: Վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ»:
Հիշում եք, դեռ նախկին իշխանությունների օրոք, երբ ՀՀԿ-ն պատրաստվում էր վարչապետ դարձնել Սերժ Սարգսյանին, նոր սահմանադրության չափանիշներին համապատասխան ընդունվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը, որտեղ եւ հատուկ դրույթ ամրագրվեց կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին: Այն ժամանակ ահագին աղմուկ բարձրացավ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը փորձում էր ամեն կերպ համոզել, թե օրենքի այդ դրույթի արդյունքում չի նվազի կառավարության գործունեության թափանցիկությունը, որ սա խոսքի ազատության սահմանափակում չէ: Ընդհակառակը, նա փորձում էր պնդել, թե հենց լրագրողների ներկայությունն է պատճառը, որ կառավարության նիստերում քննարկումներ ու բանավեճեր չեն ընթանում: Մինչդեռ, կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու դեպքում այդ հարցը կլուծվի եւ ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի:
Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը, ընտրվելով վարչապետ, հայտարարեց կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին, եւ այս ամիներին հենց այդպես էլ եղել է: Բայց հիմա, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը որոշել է իր գործունեությունը թափանցիկ դարձնել նաեւ օրենսդրորեն` խորհրդարանին առաջարկելով փոխել աղմկահարույց դրույթը:
Միայն թե, նկատենք, նախորդ կառավարությունը նման մեկ այլ փոփոխություն էլ արել էր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում` ավագանու նիստերի ժամանակ սահմանափակելով լրագրողների մուտքը դահլիճ: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք այդ սահմանափակումները չեն գործում: Ու տրամաբանությունը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է հանդես գա նաեւ այս օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ` վերացնելով անհարկի օրենսդրական սահմանափակումները: Հուսանք` շատ կարճ ժամանակում հերթը նաեւ սրան կհասնի: