Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արդեն նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը: Ըստ factor.am-ի՝ Սոնա Հովհաննիսյանը Ռիտա Սարգսյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Շահեն Շահինյանը հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է պարզապես դիմում գրել եւ հեռանալ: Պատճառաբանությունն էլ եղել է այն, թե երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանի հետ:
-Պարո՛ն Շահինյան, ըստ մեր տեղեկության` Ձեզ դիմում գրելու մասով հորդորել է ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Մասնավորապես ասել է, որպետք է դիմում գրեք եւ հեռանաք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նման բան չկա: Նման բան չի եղել: Ինչ ասես, կարող են խոսել: Բայց հո ես եմ եղել, ես գիտեմ` ինչ եմ ասել: Եթե լիներ, ես կբարձրաձայնեի այդ մասին:
-Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը, որ ազատման դիմում գրեցիք:
-Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում: Մարդը մի օր այդ աշխատանքին է անցնում եւ մի օր էլ դուրս է գալիս: Մենք սովոր ենք, որ ամեն տեղ պետք է խնդիր լինի: Սա իմ անձնական որոշումն է: Հիմա անկեղծորեն եմ ասում` ես դերի մեջ չեմ եւ ճիշտն եմ ասում` ինքս որոշել եմ, գրել եմ դիմումը եւ հեռացել աշխատանքից:
-Ձեր որոշման մասին հայտնե՞լ եք կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
-Այդ մասին խոսել ենք: Խոսակցության մեջ առաջարկել եմ, որ երեւի թե ժամանակները փոխվել են, 21-րդ դարը ունի իր պահանջները, եւ, ընդհանրապես, կառույցների ղեկավարները պետք է ունենան այլ ունակություններ, լինեն ավելի ճկուն եւ երիտասարդ: Այդքանով եզրափակվել է մեր խոսակցությունը: Դրանից հետո դիմում եմ ներկայացրել, որովհետեւ արդեն իմ այս տարիքում ուզում եմ իմ մասնագիտությամբ զբաղվել եւ օգտագործել այն կրթությունը, որը ստացել եմ: Ռեկտորի աշխատանքը հսկայածավալ ադմինիստրատիվ աշխատանք է, եւ լուրջ առողջություն ու մեծ ժամանակ պետք է տրամադրել, որը անվերջ է: Օրը 24 ժամը չի հերիքում այս աշխատանքի համար: 8 տարի շարունակ նույն ռեժիմով ապրելը ամեն մեկին տրված չէ:
-Ասացիք, որ երիտասարդ կադրեր են պետք, ովքեր ավելի ճկուն կլինեն: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք թավշյա հեղափոխությունից հետո ինչ-որ բաների հետ չեք հարմարվում:
-Թավշյա հեղափոխությունը որեւէ կապ չունի դրա հետ: Այդ դարում ամեն օր աշխարհը զարգանում է, զարգացման պրոցեսի մեջ է: Ժամանակը սկսել է շատ արագ պտտվել, եւ մարդը պետք է հասցնի ե՛ւ ադմինիստրատիվ աշխատանք անել, ե՛ւ զբաղվել ընտանիքի հոգսերով, ե՛ւ շատ այլ հարցեր կան: Հիմա բոլորն էլ թող իմանան, որ ցանկացած կառույցում առաջին մարդը լինելը լուրջ պատասխանատվություն է: Տեսել եմ շատ եվրոպական երկրների փորձը եւ նկատել եմ, որ շատ կառույցներում ռեկտորի պաշտոնը կարող է նույնիսկ մեկ տարի թափուր մնալ, որովհետեւ ամեն մեկը չէ, որ համաձայնում է նման լուրջ գործ վերցնել իր վրա եւ մտնել այդ ծանրաբեռնվածության տակ: Ինքդ պետք է որոշես` ինչպես դասավորես քո կյանքը, որ վերջ ի վերջո ապրես: Հիմա ուզում եմ գոնե օրը մի քանի ժամ զբաղվել իմ մասնագիտությամբ, չես կարող միայն ադմինիստրատիվ կյանքով ապրել:
-Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել:
-Պատրաստվում եմ լարային ամբիոնում շարունակել իմ պրոֆեսորական աշխատանքը: Կավելացնեմ ուսանողներիս քանակը եւ այլն:
-Այսինքն` Ձեր` ռեկտորի աշխատանքից հեռանալը կապված չէ՞ նրա հետ, որ Դուք աշխատել եք նախկին իշխանությունների հետ:
-Ես աշխատել եմ ե՛ւ կոմունիստական հասարակության մեջ, ե՛ւ նոր հանրապետությունում: Այսինքն` ես բոլոր ֆորմացիաներում եղել եմ: Արայիկ Հարությունյանի եւ իմ մեջ երբեւէ որեւէ խնդիր չի եղել: Ինչպես աշխատել եմ նախորդ նախարարների հետ, այնպես էլ շատ լավ աշխատել եմ նրա հետ: Հետագայում էլ մեր հարաբերությունները շատ նորմալ ձեւով կշարունակվեն: Ոչ միայն Արայիկ Հարությունյանի, այլեւ բոլոր նախարարների հետ ոչ մի խնդիր չունեմ:
-Դեռեւս 2014 թվականին մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ դատախազությունը մի շարք բուհերում ռեկտորների գործունեության հետ կապված ուսումնասիրություն էր սկսել եւ չարաշահումներ բացահայտել: Այդ ուսումնական հաստատությունների թվում էր նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիան, եւ այդ ժամանակ ռեկտորը Դուք էիք: Հնարավո՞ր է, որ այդ չարաշահումների հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
-Չէ: Նման բան չի եղել:
-Թավշյա հեղափոխությունից հետո կոնսերվատորիայում ստուգումներ եղե՞լ են:
-Ոչ մի ստուգում չի եղել, որովհետեւ ընդամենը մի տարի առաջ հերթական ստուգումները եղել ու անցել են:
-Որպես նախկին ռեկտոր՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք ներկայիս ռեկտորի պաշտոնակատարից:
-Ես նրան վաղուց եմ ճանաչում: Վաղուց ունենք շփումներ: Ինքը մեր կատարողական արվեստը ամենաբարձր պահողներից է: Ինքը երգչախումբ է ղեկավարել, իսկ երգչախումբը կոլեկտիվ է: Այսինքն` կոլեկտիվի հետ աշխատելու փորձ ունի, եւ դա լավ է: Շատ լավ նշանակում է: Շատ մարդկանց անուններ էին շրջանառվում, բայց ես մտորում էի, որ շատ ճիշտ կլինի, որ ինքը դառնա ռեկտորի պաշտոնակատար:
Հ. Գ. Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դիմել նաեւ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՓԵՏՐՎԱՐԻՑ ՍԱԿԱԳՆԻ ԻՋԵՑՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին, բազմիցս նշել է, որ ինքը համոզված է, որ մենք ռեզերվներ ունենք այդպիսի սակագին սահմանելու առանց ընդհանուր բալանսը խախտելու։ Նրա կարծիքով` պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա:
Ի հակասություն սրա` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Մարգարյանը, խոսելով գազի սակագնի իջեցման մասին, նշել է, որ այդ դեպքում ֆինանսները չեն բավարարի համակարգը շահագործելու համար, եւ եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի։ «Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայել, որպեսզի իջեցնենք, դա մոտեցում է, պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»,-երեկ հայտարարել է նա: «Ժողովուրդ օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ, քննիչ հանձնաժողովի ղեկավար Միքայել Մելքումյանի հետ։
-Պարո՛ն Մելքումյան, ինչո՞ւ է նման հակասություն ստեղծվել։
-Շատ քննարկումներ ենք ունեցել, բայց ամեն մեկս մնացել ենք մեր տեսակետին։ Հանձնաժողովի աշխատանքը կամփոփենք, նոր ամեն ինչ պարզ կլինի։ Բայց մենք մնում ենք մեր տեսակետին։ Իրենք իրենց բիզնեսի, ծառայություն մատուցողի աչքերով են նայում, մենք էլ մեր տեսանկյունից։
-Ի՞նչ ակնկալիքներ կան քննարկումներից։
-Մեծ։ Մենք դեռ պետք է հաջորդ նիստին էներգետիկայի նախարարին եւ ծառայությունների հանձնաժողովի ղեկավարին կանչենք։ Մենք գիտենք բոլոր խնդիրները եւ գիտենք` դրանք ինչի հետ են կապված։
-Ի վերջո, ընդհանուր հայտարարի կգա՞ք։
-Կյանքը ցույց կտա։ Կարծում եմ` հաջորդ տարվա փետրվարի մեկից արդեն իջեցումներ կունենանք։
Նյութերը` ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՉԻ ԽՈՍՈՒՄ
Ինչպես արդեն հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը նախօրեին վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ Յուրի խաչատուրովի նկատմամբ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել վերջինիս հետ պարզելու համար, թե նա մարտի մեկի հետ կապված ինչ ելք է կանխատեսում եւ ըստ նրա` Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահող երկիր կմնա արդյոք: Սակայն Խաչատուրովը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց` ռուսերեն ասելով. «շ վպ ոցՊց չՏՉՏՐՌՑՖ, Չրպ»:
ԸՆԴԴԵՄ ՔԿ ՆԱԽԱԳԱՀԻ
Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության նախկին պետ Գեւորգ Սիմոնյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 7-ին նա դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի հոկտեմբերի 22-ի որոշումը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հոկտեմբերի 25-ի հրամանը: Ըստ էության, քննչականի պետին կարգապահական պատասխանատվության են ենթարկել, հետո աշխատանքից հեռացրել: Ու հիմա նա, համամիտ չլինելով որոշման հետ, դիմել է դատարան: Հիշեցնենք, որ 2014 թվականին ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Գեւորգ Ղուկասի Սիմոնյանը նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, իսկ արդեն 2017թ. նա Արարատի քննչական մարզային վարչության պետն էր, նույնիսկ պարգեւատրվել էր Հովսեփյանի կողմից:
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ` ՀՅՈՒՐԱՆՈՑԻՆ
Երեւան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը կգումարվի նոյեմբերի 13-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու նիստի օրակարգում կհաստատվի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը: Բացի այս, հնարավոր է «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տրվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու, ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N98-Ա եւ 2010 թ.-ի մայիսի 7-ի N96-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Նաեւ կհաստատվեն Երեւանի ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունները: Ի դեպ, նիստի օրակարգում ներառված է Երեւանի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու եւ հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին հարցերը: