Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդը» օրաթերթը գրել էր, որ գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: Նոյեմբերի 20-ին լրանում է երեք ամիսը, ինչ այս գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Եւ հիմա ՀՀ վճռաբեկ դատարանը մինչ երեք ամիսը լրանալը պետք է գործով որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության գործով մեկ եզրակացության են եկել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Արդյունքում գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան: Գրել էինք, որ հարցի քննարկմանը մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել, որ այն դատավորը, որը քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկությունները տրամադրելու է ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի նրանք ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը:
Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տեւած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են, որ ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել եւ այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության:
Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը, քննելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել եւ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես, նկատել են, որ քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ընդամենը մեկ հանգամանքի վրա է կանգ առել, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է ու վերջ, եւ մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով` խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանում կարծում են, որ ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործը բեկանել եւ ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան նոր քննության, ինչո՞ւ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանում գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի նաեւ գործով մյուս հանգամանքները, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել քննության ընթացքին:
Ըստ էության, ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրակացությանը, որ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բոլոր հանգամանքները պետք է քննության առարկա դարձներ, ուստի հավանաբար ճիշտ կլինի գործը ուղարկել նոր քննության բոլոր հանգամանքները հանգամանալից քննություն դարձնելու նպատակով: Ինչ որոշում կկայացնեն ՀՀ Վճռաբեկ դատարանում`դժվար է ասել: Սպասենք այս գործով զարգացումներին ու որոշմանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՐՏԵ՞Ղ Է ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես հայտնի է, 2018 հուլիսի 25-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների եւ հափշտակությունների առնչությամբ: Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվել էր 2011թ-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր:
Իսկ ավելի ճիշտ` այդ ուսումնական կենտրոնը պետական միջոցների հաշվին հենց Գագիկ Խաչատրյանն էր կառուցում այն որպես բարձրակարգ հյուրանոց դարձնելու հեռահար նպատակով: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասու պաշտոնատար անձինք առանց գնման պայմանագրեր կնքելու, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով կազմակերպել եւ իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առկայության վերաբերյալ. խոսքը միլիոնավոր դոլարների յուրացման ու հափշտակման մասին է: Ու հիմա ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելու համար:
Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության մասին բազմիցս է մամուլում հրապարակում եղել, սակայն գործին իրավապահները որեւէ ընթացք չեն տվել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո կենտրոնի շինարարության մասով քրեական գործ հարուցվեց եւ ենթադրվում էր , որ նման տեմպերով ընթանալու դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հարցաքննվի, միգուցե ձերբակալվի նաեւ Գագիկ Խաչատրյանը:
Անցել է շուրջ 4 ամիս, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է արել ՀՔԾ այս գործով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել` արդյոք հարցաքննության հրավիրվե՞լ է Գագիկ Խաչատրյանը, արդյոք նրան մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, եւ դեռ ավելին` միգուցե իրավապահները նրան հարցաքննության են հրավիրել եւ պարզվել է, որ նա երկրում չէ եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ի պատասխան մեր հարցման` ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործի շահերից ելնելով` մանրամասներ չեն կարող հայտնել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ եւ նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Գեւորգյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր: Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ: Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ: Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ 5-ամյա որդին, բկ-ում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, նույն օրը մահացել է: Ըստ հաղորդման` երեխայի մահը վրա է հասել բկ-ի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաեւ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԿԱԶԱՏՎԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ
Կառավարությունը հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա եւ այն անձանց նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում` 35 տարին: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ
Նախօրեին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ: Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: