Շիրակի մարզում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին ակտիվ հասարակական կյանք վերադարձնելու ուղղությամբ նախաձեռնություն է սկսվել: Հեղինակները հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ակտիվ երիտասարդներն են: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա փետրվարին տարաձայնություններ եղան Ախուրյան համայնքի մի խումբ բնակիչների ու Սրբազանի միջեւ: Ըստ տարածված լուրերի` Սրբազանը թույլ չէր տվել սահմանին զոհված զինվորի դին դնել եկեղեցում, սակայն հետագայում պարզվեց, որ դա ընդամենը հերյուրանք է: Միքայել Եպիսկոպոսը ընդամենը առաջարկել էր` եթե զինվորը մկրտված չէ, նրա աճյունը չդնել եկեղեցում. այդպես է եկեղեցական կարգը: Դեպքից հետո էլ եղան մեղադրանքներ` ուղղված Սրբազան հորը, վերջինս, վիրավորված իր թեմից, լռության ուխտ արեց ու արդեն մի քանի ամիս է` Միքայել Սրբազանն անցել է պասիվ կյանքի:
«Մերօրյա Հայաստանի խնդիրներն, իմ համոզմամբ, ունեն ոչ միայն քաղաքական դրդապատճառներ: Այսօր հայ ազգն ունի ազգասեր, բանիմաց թե՛ հոգեւորականների ու թե՛ մտավորականների պակաս: Այնպես է ստացվել, որ Շիրակի թեմի առաջնորդն այն եզակի անհատներից է, ում կարելի է դիտել ե՛ւ որպես արժանի հոգեւորական. ե՛ւ որպես մտավորական: Վերջինիս հոգեւոր ծառայությունն` իբրեւ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս, թերագնահատել կարող են միայն երկարամյա նրա գործունեությունից անտեղյակ մարդիկ: Մի մարդ, ով ունի ահռելի Աստվածագիտական գիտելիքներ` միաժամանակ տիրապետելով 6 լեզվի, մի մարդ, ում ցեղը դարեր շարունակ հայ ազգին է տվել բազմաթիվ հոգեւորականներ, այսօր ըստ արժանվույն գնահատված չէ: Այս տարիների ընթացքում, սակայն, նա արել է ավելին, քան իրենից պահանջվում էր: Վերջինս չի սահմանափակվել միայն հոգեւոր գործունեությամբ, ժողովրդի համար ամենադժվար ու պատասխանատու պահերին նա եղել է իրադարձությունների կիզակետում», մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Սրտաշյանը:
Այն, որ Սրբազանը նաեւ ակտիվ է եղել հասարակական կյանքում, գաղտնիք չէ: Հասարակությունը բազմիցս ականատես է եղել: Հիշենք թեկուզ լուսահոգի Ավետիսյանների սպանությանը նախորդող խառնակ վիճակները Գյումրիում, երբ հունից դուրս եկած գյումրեցիներին ոստիկանության հետ բախումներից հետ կարողացավ պահել հենց Աջապահյանը՝ կանխելով արնահեղությունը. «Նրանք, ովքեր այդ օրերին եղել են Գյումրիի փողոցներում, կհիշեն, թե ինչպես սրբազանը կանգնեց դատախազության վրա թափվող քարերի տարափի տակ թեկուզ սեփական արյամբ սաստելու խռովված ժողովրդին»,- ասաց Վարդան Սրտաշյանը:
Սրբազանը նաեւ ակտիվ է եղել սոցիալական ոլորտում. հիշենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նրա ծավալած ակտիվ գործունեությունը: 19 տարի շարունակ էլ իր վարած «Եղիցի լույս» հաղորդումը եւս հասարակության հոգեւոր կյանքի ակտիվացման համար էր:
«Մենք մեր անհեռատեսությամբ, մեր անտարբերությամբ խորը վիրավորանք ենք հասցրել այդ մարդուն ու ըստ արժանվույն չենք գնահատել նրա վաստակը: Իհարկե, մենք մեռելասեր ազգ ենք, գնահատում ենք մարդկանց միայն մեռնելուց հետո, այս արատավոր մոտեցումը պետք է փոխել: Մենք զարմանալիորեն չենք սիրում իրար, մնացել ենք մի բուռ ժողովուրդ` այն էլ բաժանված առանձին կղզիների: Հիմա ես ու իմ ընկերները որոշել ենք մեր հնարավորության չափով նպաստել այդ բաժանման վերացմանը: Մենք փորձելու ենք կամրջել իրարից անջատ հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին, այդ իսկ պատճառով մեր նախաձեռնությունը անվանել ենք քրիստոնեական կամուրջ: Ու առաջին քայլը, որ փորձում ենք հիմա անել, դա Շիրակի թեմում ստեղծված անարդար վիճակի վերացումն է: Բնավ կարեւոր չէ, թե ինչ խնդիրներ են եղել նախկինում, մենք անցնում ենք առաջ` մոռանալով տարաձայնությունները: Միքայել եպիսկոպոս Աջապահյանին կրկին ակտիվ կյանք վերադարձնելը, հասարակական գնահատանքը նրա նկատմամբ ցուցադրելը լինելու է մեր առաջին քայլը»:
«Սրբազանի վերջին ամիսների պասիվությունը իր դառը հետեւանքներն արդեն իսկ թողել է: Շիրակի մարզը միշտ համարվել է ավանդապաշտ ու քրիստոնեական ամուր, երբեմն դոգմատիկ արժեքներ ունեցող մարզ, ու այժմ այստեղ ակտիվանում են հակաքրիստոնեական ուժերը: Սրբազանի պասիվությունից այսօր ուրախացել են մի շարք անհատներ, քանի որ վերջինիս հեղինակություն վայելող խոսքը շատ դեպքերում եղել է որոշիչ ու խափանել է ոմանց ապազգային նկրտումները: Գիտենք, թե ինչպիսի արժեքային մարտահրավերների առաջ է կանգնած ողջ աշխարհը, ինչպես նաեւ մեր երկիրը: Այդ մասին խոստովանեց վերջերս անգամ երկրի վարչապետը: Ու այս պայմաններում չունենալ հոգեւոր առաջնորդ, ով կռիվ կտա ազգային արժեքների համար, անթույլատրելի է: Սրբազանը կարծում է, որ իր կարիքը ժողովուրդը չունի, այնինչ, հակառակը, մենք բոլորով պետք է փաստենք, որ նա մեզ այժմ անհրաժեշտ է այնպես, ինչպես երբեւէ»,-եզրափակեց նախաձեռնության անդամ Վարդան Սրտաշյանը:
Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է հանրահավաք, որտեղ ժողովուրդը կոչ է անելու հոգեւոր առաջնորդին վերադառնալ ակտիվ հասարակական կյանք:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԿՂԵԿԱՎԱՐԻ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը հայտնել է. «Գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու եւ պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է՝ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ եւ ամրագրել ՀՀ քաղաքացու վերջնական հաղթանակը»։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:
ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼ Է
ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը եւ քննվող գործերի ցանկից հանել «Գրիգորյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գանգատը։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության` գործը վերաբերում է 2000-ականներին սկիզբ առած հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման գործընթացի շրջանակում դիմումատուների անշարժ գույքի օտարմանը: Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը եւ դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Դիմումատուները պահանջել են 874 974 եվրո որպես նյութական վնասի եւ 3 301 եվրո կրած ծախսերի եւ ծախքերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 000 եվրո որպես արդարացի փոխհատուցում: Հիմք ընդունելով Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ ներկայացված Կառավարության միակողմանի հայտարարությունը՝ Եվրոպական դատարանը որոշել է գանգատի այդ մասը հանել քննվող գործերի ցանկից:
ԱՄՆ-Ն ԳՆԱՀԱՏՈՒՄ Է
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար, այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- նշել է նա:
ԲԺՇԿԱԿԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
ՀՀ պաշտպանության եւ կրթության, գիտության նախարարությունները համատեղ որոշման նախագիծ են մշակել, ըստ որի` ինտերնատուրայի միջոցով կկարգավորվի կադրերի պատրաստման անհրաժեշտությունը եւ բժիշկ-սպաների պահանջարկի ապահովումը:
Նշենք, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի մի շարք ուսանողներ դժգոհում են, որ զորակոչվելու են բանակ առանց լեյտենանտի կոչման: Մասնավորապես, նրանց առաջարկվում է հետբուհական բարձրագույն կրթության ինտերնատուրա տարբերակը: Այսինքն` մեկ տարի սովորել ինտերնատուրայում, ապա զորակոչվել բանակ որպես լեյտենանտ: Սրան, սակայն, ուսանողները դեմ են, քանի որ նախ ինտերնատուրա տարբերակում պետք է սովորեն, բայց այդ ընթացքում առաջարկվում է իրենց դառնալ շարքային զինծառայող: Մյուս կողմից պետք է քաղաքացիաիրավական պայմանագիր ստորագրեն, օրենքի այդ կետից դուրս գան, ինքնակամ դառնան շարքային զինծառայող: Ստացվում է, որ պետք է իրենք իրենց լեյտենանտի կոչումից զրկվեն, դառնան շարքային, հետո նորից ստանան լեյտենանտի կոչում: Այս խնդրի շուրջ նրանք դիմել էին վարչապետին, պաշտպանության նախարարություն, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խնդրի առնչությամբ կատարված քննարկումների արդյունքում կրթության, գիտության եւ պաշտպանության նախարարությունները հաշվի են առել uտացած մաuնագիտությունը, առողջապահական համակարգի եւ զինված ուժերում ներկայիս եւ ակնկալվող կադրային պահանջարկը: Եւ որոշվել է շրջանավարտներին առաջարկել 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում (հունվարին) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց անմիջապես հետո ՊՆ-ի հետ կնքել բժշկական համալսարանի ինտերնատուրայում մեկ տարի ժամկետով ուսումնառության վերաբերյալ քաղաքացիաիրավական պայմանագիր եւ ուսումն ավարտելուց հետո ծառայության անցնել որպես բժիշկ-սպաներ: Այսինքն, որպես այդպիսին, ուսանողների դժգոհությունը չի բավարարվի: Ամեն ինչ մնացել է նույնը:
Բայց ԿԳՆ-ն առաջիկայում կառավարությանը կներկայացնի պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ լրացուցիչ 35 ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Ասել է թե` ԿԳՆ-ն առաջարկում է պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում հատկացնել ուսումնառության 35 տեղ ԵՊԲՀ-ի շրջանավարտների մեկամյա հետբուհական կրթությունն ապահովելու համար: Ըստ ԿԳՆ-ի` նման մոտեցումը հնարավորություն կտա ապահովել շարունակական կրթությունը եւ համալրել զինված ուժերում առկա բժիշկ-սպաների կադրային պահանջարկը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ