ՀՅԴ-Ի ՑՈՒՑԱԿՆ ԱՄԲՈՂՋԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի եւ կհրապարակի կուսակցության համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե վերջին շտկումներն են արվում, սակայն ցուցակն, ըստ էության, պատրաստ է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը, հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում, այնքան էլ մեծ փոփոխությունների չի ենթարկվելու: Հիմնականում ցուցակը բաղկացած է լինելու հին դեմքերից, ովքեր եղել են նաեւ նախորդ ընտրություններում:
2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 065 ձայն: Ըստ էության, երկու ուժերի միջեւ ձայներն այնքան էլ չէին տարբերվում: Եվ մի քանի ընտրատեղամասերում, այդ թվում մարզերում ՀՅԴ-ն ավելի շատ ձայներ էր ստացել, քան «Ելք» խմբակցությունը:
Օրինակ` թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուներից է եղել Սերգեյ Լոքյանը, ով էլ այս ընտրատարածքում կուսակցությունից ամենից շատ թվով ձայներն էր ստացել` 2524 ձայն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս անգամ Սերգեյ Լոքյանը չի առաջադրվելու: Իսկ այս ընտրատարածքից որպես վարկանիշային թենածու կարող է առաջադրվել Արմեն Ռուստամյանը, ով նախկինում գլխավորում էր կուսակցության համամասնական ցուցակը: Այս ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 7220 ձայն, իսկ «Ելք» խմբակցությունը` 16 հազար 034 ձայն:
Թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 6254, որից 1000-ից ավելի ձայնը ստացել է Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս անգամ եւս նա կլինի ցուցակում եւ կրկին կառաջադրվի վարկանիշային ընտրակարգով: Այս ընտրատարածքում կառաջադրվի նաեւ Միքայել Մանուկյանը, ով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այս կուսակցության վարկանիշային թեկնածուն էր: Նա նախորդ ընտրություններում ստացել էր 917 ձայն:
Թիվ երեք ընտրատարածքում` ՀՅԴ-ն ամենաքիչ ձայնն էր ստացել` 5 հազար 409 ձայն: Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող այս ընտրատարածքի շուրջ ՀՅԴ-ում դեռեւս ակտիվ քննարկումներ են: Նախորդ ընտրություններում այստեղ առաջադրված է եղել Սամվել Սարգսյանը, սակայն այժմ վերջնական որոշում կայացված չէ:
Թիվ չորս ընտրատարածքում նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն ստացել էր 5674 ձայն: Այս ընտրատարածքի շուրջ եւս վերջնական որոշում կայացված չէ: Սակայն չի բացառվում, որ առաջադրեն Սպարտակ Սեյրանյանի թեկնածությունը: Այս կուսակցությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Արմավիրի մարզում, քանի որ նախորդ ընտրություններում 3064 ձայն ստացած եւ վեցերորդ ընտրատարածքից պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանն այս անգամ հնարավոր է` չառաջադրվի վարկանիշային ընտրակարգով: Չնայած վերջինս կողմ էր այս համակարգի պահպանմանը, սակայն վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն նրա եւ ՀՅԴ-ականների հարաբերությունները. Կարապետյանն անկուսակցական է եւ բազմաթիվ հարցերում կուսակցությունից առանձին դիրքորոշում էր արտահայտում: Այս անգամ Արմավիրի մարզից կառաջադրվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: Ընդ որում, այս ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 11 հազար 579 ձայն, իսկ, օրինակ, «Ելք»-ը` 6218 ձայն:
Օրինակ` թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) «Ելք»-ը ստացել էր ընդամենը 1757 ձայն, իսկ ՀՅԴ-ն` 8557 ձայն: Այստեղ կուսակցության վարկանիշային թեկնածուն նախկինում Տարոն Տոնոյանն էր, սակայն այս ընտրություններում Արագածոտնի մարզից որպես վարկանիշային թեկնածու կառաջադրվի ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը:
Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) ՀՅԴ-ն կողմնորոշվել է իր թեկնածուի հարցում եւ կրկին, ինչպես նախկին անգամ, առաջադրվելու է նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այս ընտրատարածքում ՀՅԴ-ն ստացել էր 9107 ձայն, որից 3458-ը հենց Սաղաթելյանի ստացած ձայներն են եղել:
Թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ) վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա նախորդ ընտրություններում 509 ձայն էր ստացել, իսկ կուսակցությունն էլ` 5 հազար 547 ձայն:
Թիվ 11 ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզի պարագայում եւս որոշումը կայացված է: Թեկնածուն, ինչպես եւ նախկինում, կլինի Ռոմիկ Մանուկյանը: Նախորդ տարի նա կուսակցության հավաքած 12 հազար 354 ձայներից հավաքել էր 3123 ձայն: Այստեղով կառաջադրվի նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Նկատենք, որ այսօր ՀՅԴ-ն այլեւս իշխանության չէ, չունի ՀՀԿ-ի նման «հզոր» հովանավոր, որ կերաշխավորի ներկայությունը խորհրդարանում: Ուստի ԱԺ այս ընտրություններն ավանդական հայկական կուսակցության համար բավական լուրջ փորձաքար են լինելու: Եւ այս առումով ՀՅԴ-ում իսկապես միանշանակ չէր որոշում կայացնելը` գնալ հին կադրերով, թե նոր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄ
Երեկ Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն է արել: Նա նշել է, թե 1998 թվականից հետո իրական ընդդիմություն չի եղել: «Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն եւ ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետեւ ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի», – նշել էր Փաշինյանը: Եթե ակնհայտ է` 1998թ. ի վեր ժողովրդի մանդատը վայելող իշխանություն չենք ունեցել, ապա առնվազն տարակուսելի է ընդդիմության հասցեին նրա գնահատականները. ստացվում է` 1998թ. ի վեր ՀՀ-ում լեգիտիմ ընդդիմություն էլ չենք ունեցել: Ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը շատ երկար ժամանակ քաղաքական գործունեություն ծավալել է ընդդիմադիր դաշտում` որպես «Այլընտրանք» նախաձեռնության անդամ, 2008թ. համաժողովրդական շարժման, ՀԱԿ առանցքային դեմքերից մեկը, հետո արդեն ՔՊ հիմնադիր, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար: Այդ առումով նրա որակումները տարակուսելի են: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, որն էլ ասաց. «Այստեղ այն իմաստով է, որ ընդհանրապես ընտրությունները լեգիտիմ չեն եղել, եւ դրա մեջ մի քիչ էլ հարցական է եղել ընդդիմության հարցը: Իմ կարծիքով` այդ իմաստով է ասվել»:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների` կատարվածից հետո ԳՇ-ում հատուկ արտահերթ ժողով է հրավիրվել: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելին, իրավապահների շրջանում տարվող քննության նախնական տվյալներով` տեխնիկական խնդիրներից մեկը եղել է այն, որ մեքենայի այն սարքերը, որոնք պետք է ապահովեին մեքենայի հավասարակշռությունը շրջադարձերի համար, ոչ պիտանի են եղել: Բացի այդ, ՊՆ Դավիթ Տոնոյանը նշել է, թե նախնական արդյունքներով` արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ:

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մարտիրոսյանին խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք ներկայացնել: Միաժամանակ, նա մի քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլն դրամ գրավը: Սակայն այդ ընթացքում Մարտիրոսյանը նոր քաջագործություններ է արել. երկու քաղաքացու փորձել է վրաերթի ենթարկել, ուստի նրան նոր մեղադրանք է առաջադրվել, եւ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու եւ կալանավորելու մասին: «2018թ. նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու եւ գրավն անթույլատրելի ճանաչելու մասին: Նշված դեպքն ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած ընդհանուր առմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին` դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհիմն կերպով՝ անտեսելով քննիչի կամ դատախազի ներկայացրած տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները», – ասված է հաղորդագրությունում:

 

 

 

ՈՐՊԵՍ ՀՅՈՒՐ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովին որպես հյուր հրավիրելու հարցը: Ըստ «Կոմմերսանտ»-ի` դաշինքի մասը չկազմող պետությունների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայն են: Նազարբաեւի առաջարկը դրական է ընդունվել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ինքը` Ալիեւն էլ պատրաստ է եղել մեկնելու որպես հյուր, սակայն դեմ է արտահայտվել հայկական կողմը: Ալիեւի հրավերի վերաբերյալ տեղեկությունը մեկնաբանելու «Կոմմերսանտ»-ի հարցին ի պատասխան` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ նման տեղեկություն ԱԳՆ-ն չունի:

 

 

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որեւէ հարաբերություններ չունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է իրեն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում, այս պահին ինչ հարաբերություններ ունի նրա հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, վերջին ժամանակներում հարաբերություն չունեմ: Այսինքն` հարաբերություն չունեմ, չեմ հանդիպել»:Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել ԱԺ հատուկ նիստում մարտի 2-ին:




Լրահոս