ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների ներքին տարաձայնությունը այն աստիճան է խորացել, որ ԲԴԽ-ի հանձնարարությամբ ստուգումներ են սկսել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի գործունեության հետ կապված: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի եւ Կարինե Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Սուքոյան, ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացնելուց հետո Ձեզ մոտ ստուգումներ են սկսվել, Ձեզ հետապնդո՞ւմ են:
-Այո, ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացնելուց հետո ինձ մոտ դատական դեպարտամենտի կողմից եղավ ստուգում, ոսումնասիրեցին գործեր, բայց դրա վերաբերյալ որեւէ ամփոփ եզրակացություն չի ներկայացվել: Ստուգումներ միշտ լինում են, բայց այս ստուգումը համընկավ այն դեպքի հետ, երբ մենք ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացրեցինք դատարան: Հիմա դա համընկա՞վ, թե՞ պլանային էր, չգիտեմ, բայց ստուգման արդյունքները կհարապարակեն:
-Տեղեկություններ կան` երբ սկսել են ստուգումները, դուք ներքին կարգով ԲԴԽ-ին հասկացրել եք, որ սա Ձեր նկատմամբ հետապնդում է:
-Արտահայտվել եմ այդ մասին եւ ասել եմ, որ կանխակալ մոտեցում է մեր նկատմամբ: Այդ ստուգումը թե՛ դադարեցվեց, թե՛ արդյունքները չամփոփվեցին, չգիտեմ, այլ բանից տեղյակ չեմ:
-Այսինքն` վերջնական արդյունք դեռ չե՞ն հայտնել` ինչ են գտել Ձեզ մոտ:
-Մոտավորապես գիտեմ` ժամկետների վերաբերյալ է լինելու: Գիտե՞ք ինչ, ժամանակին սխալ մենեջմենթի պատճառով երեք դատավորի վրա դրվեցին Հայաստանի Հանրապետության բոլոր արբիտրաժային գործերը, եւ մենք լսել ենք հազարավոր գործեր, պատկերացնո՞ւմ եք, ես, տիկին Պետրոսյանը եւ Մելքումյանը լսել ենք հազարավոր գործեր, հնարավոր է` այնտեղ կարող են լինել բացթողումներ, չեմ բացառում: Հիմա այդ բոլոր գործերը լսում են 60 դատավոր, եւ հիմա նրանք ասում են` ծանրաբեռնված ենք, իսկ այն ժամանակ երեքն են լսել:
-Բայց օրերս տեղեկություններ կային այն մասին, որ Դուք այն դատավորն եք եղել, որի գործունեության պատճառով ՀՀ պետական բյուջե չի մուտքագրվել 1 միլիոն 450 հազար դրամ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տեսեք, որեւէ տեղեկատվություն, որեւէ ստուգման արդյունք մեզ չի ներկայացվել, եւ մենք կարող էինք ներկայացնել փաստարկներ, որ այդպիսի պետտուրքի պակասորդ չկա: Գիտե՞ք ինչ, դեպարտամենտը պարտավոր է դատավորին իրազեկել այդ մասին, որ մենք հասկանանք մեր կատարողական վարույթները, միգուցե բացթողում կա, կամ չկա, մեր պատճառաբանությունը ներկայացնենք: Գիտե՞ք, մեր վրդովմունքը հենց այդտեղ է, Բարձրագույն դատական խորհուրդը ինչ-որ դիտարկումներ է կատարում գաղտնի մեզանից, իրենք պաշտոնական կայքում ասում են, որ ուսումնասիրել են գործեր ու դա արել են մեզանից գաղտնի: Եթե ես բաց եմ թողել պետտուքի որեւէ գումար, ինքը առաջին հերթին ոչ թե պետք է մամուլով հրապարակեր, եւ իմ անձի նկամամբ որպես դատավոր կարծիք ձեւավորեր, այլ պետք է ինձ ներկայացներ, միգուցե ես պատճառաբանեի, եթե բացթողում կա, ասեի, որ ոչ, ես օրենքով եմ գործել: Փաստ է մեկ բան, որ դու չճշտված տեղեկատվություն ես տալիս` թույլ չտալով դատավորին պաշտպանվելու: Ինչո՞ւ ես հրապարակում, ինչո՞ւ ես ստվերում իմ աշխատանքը, իմ որակը: Մեր հոգեվիճակն է խաթարվել այս դատական վեճերի, այս հետապնդումների արդյունքում: Շատ բարդ է, երբ գալիս ես աշխատանքի, ու քեզ ասում են, որ շենքը պետք է լքես, ու պարզ չէ, թե ուր պետք է գնաս: Սա ազդում է մեր ներաշխարհի վրա, ի վերջո, մենք էլ ենք չէ՞ մարդ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյան
-Տիկի՛ն Պետրոսյան, Ձեզ մոտ ստուգումներ եղե՞լ են:
-Ինձ մոտ եւս իրականացվել են ստուգումներ, եւ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ենթադրյալ թերություններ, որոնք հետո պարզվեցին, որ թերություն չեն: Փորձեցին գտնել ինչ-որ բան:
-Տիկի՛ն Պետրոսյան, օրերս մամուլում հրապարակվեց այն մասին, որ Դուք այն դատավորն եք եղել, որի պատճառով ՀՀ պետական բյուջե չի մուտքագրվել 2 միլիոն դրամ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Երբ մենք ընդդեմ ԲԴԽ-ի հայց ներկայացրեցինք, մենք պատրաստ ենք եղել բոլոր տեսակի գործողություններին: Չեմ թաքցնում, պատրաստ ենք եղել նաեւ այն հանգամանքին, որ հնարավոր է հետապնդումների միջոցով վերջնական արդյունքում մեր լիազորությունները դադարեցվեն:
-Այսինքն` նման վտանգ էլ եք կանխատեսե՞լ:
-Ոչ թե կանխատեսել ենք, այլ պատրաստ ենք եղել, քանի որ գիտեինք գործող դատավորը, ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացնելով, պետք է ամեն ինչ պատրաստ լինի: Ինչո՞ւ եմ ես դա համարում հետապնդում, քանի որ նույն ստուգումների արդյունքում սրանից մեկ ամիս առաջ պարզվել էր, որ ես պետական բյուջեի հետ կապված թերություն ունեմ 200 հազար դրամի չափով, ինչն արագ վերականգնվել է: Հետո երեւի դա բավարար չէր, կրկին անգամ մեր գործերը ստուգել են, խնդիր ունեն թերություն գտնելու, որ մեր նկատմամբ կարողանան վարույթի հարուցման հիմք գտնեն, եւ հասարակության մեջ սեւացնեն մեր նկարագիրը: Ես հորդորում եմ` շարունակե՛ք ստուգումները, նոր թերություններ հայտնաբերե՛ք, կհանդիպենք դատարանում:
-Դուք նաեւ դիմել էիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` նշելով, որ Ձեզ դատարանից դուրս են հանում` պատճառաբանելով, որ այդ դատարանում իրենց գործունեությունն է ծավալելու սնանկության գործերով դատարանը: Ունե՞ք պատասխան նախագահականից:
-Այո, դիմել ենք ՀՀ նախագահին` հաշվի առնելով այն հանգամանքը, երբ վիճարկում ենք բարձրագույն դատական խորհրդի վարչական ակտը, իսկ այդ ընդունվեց, որ վարչական ակտ է: Օրենքի ուժով վարչական ակտի կատարումը կասեցվում է, դա դոկտրինա է, բայց մեր բարձրագույն դատական խորհուրդը որոշեց, որ ինքը ցանկացած գնով հունվարի 1-ից գործողության մեջ պետք է դնի սնանկության դատարանը, եւ այդ պատրվակով մեզ փորձում են դատարանի շենքից հանել: Մենք դիմել ենք, ահազանգել ենք նախագահին, որպեսզի կանխի նման հնարավոր գործողությունը, եւ հանրապետության նախագահը պատասխանել է` նշելով, քանի որ գտնվում է դատական պրոցեսում, վերջինս զերծ է մնում այդ կապակցությամբ որեւէ միջամտություն կատարելուց, բնականաբար դա իր գործառույթը չէ, եւ պատասխանը բավարար էր:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱՎԱՉԱՓ ՉԷՐ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2002 թվականի հուլիսի 18-ին հրամանագիր էր ստորագրել «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքը, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 20-ին: Եվ արդեն հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին զրկել էր կոչումից: Դեռ այն ժամանակ այս որոշման սահմանադրականության հետ կապված խնդիրներ էին առաջ քաշվում, եւ հիմա էլ սա ավելի շատ բնորոշվում է ոչ թե որպես իրավական, այլ քաղաքական որոշում:
Եվ ոչ իրավական լինելու հանգամանքի առումով մի քանի ապացույցներ են առկա: Նախ այն ժամանակ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը սահմանում էր նախագահի կողմից կոչումներ ու շքանշաններ շնորհելու իրավունքը: Իսկ ահա կոչումներից ու շքանշաններից զրկելու դրույթ ո՛չ այն ժամանակ գործող Սահմանադրությունը, ո՛չ էլ օրենսդրությունը չէր նախատեսում: Սահմանադրության 116-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն` հանրապետության նախագահն իրականացնում է միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Ըստ այդմ, Սահմանադրությունը նախագահին զինվորական կոչումից զրկելու լիազորություն չէր վերապահում: Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքին, ապա այն հետադարձ ուժ չունր եւ չէր կարող ազդել մինչ այդ տեղի ունեցած դեպքերի վրա: Ասել է թե` 2002թ. օրենքի ընդունումից երկու օր անց է տրվել Վ.Հարությունյանին գեներալի կոչումից զրկելու մասին հրամանը: Ստացվում է, որ այդ 2 օրվա ընթացքում պետք է տեղի ունեցած լիներ խիստ դատապարտելի ու գեներալի կոչումն արատավորող արարք, ինչը, սակայն, չի եղել:
Բացի այդ, «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքը վերաբերում է միայն զինծառայողներին, իսկ Վաղարշակ Հարությունյանը 2000 թվականի հուլիսից չէր ծառայում ՀՀ զինված ուժերում, բնականաբար օրենքը չի կարող վերաբերել քաղաքացիական մարդուն:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր 2000 թվականի մայիսին՝ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո: Իսկ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել է 1996 թվականին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Եվ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի կողմից այդպիսի որոշում կայացնելու պատճառը Վաղարշակ Հարությունյանի քաղաքական ընդդիմադիր գործունեությունն էր, հատկապես, երբ վերջինս սկսել էր քաղաքական գնահատականներ տալ Ռոբերտ Քոչարյանի գործելակերպին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի փոխանցման` բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ: Ըստ կոմիտեի` քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ հոկտեմբերի 8-ին այցելել է սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժին կենսաթոշակը ձեւակերպելու համար: Նույն բաժնի պետը եւ գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը եւ հայտնել, թե իբր կենսաթոշակը ձեւակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում, եւ այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու եւ կենսաթոշակը ձեւակերպելու համար քաղաքացուց պահանջել են 100 հազար դրամ կաշառք: Արդյունքում Շենգավիթի տարածքային բաժնի պետը քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է: Հարուցվել է քրգործ, տարածքային բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՉԻ ՆՍՏԵԼՈՒ
Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը հայտնել է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի նստելու, նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին: «Խաչատուրովը չի նստելու, որովհետեւ սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո բաց թողնելը: Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա նոր նրա նկատմամբ քրեական գործ հարուցեին: Նրա խոսքով` իրականում Հայաստանը ՀԱՊԿ-ում կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն ըստ նրա` իշխանությունները շուտով կորակեն հաղթանակ, ինչպես դա արեցին Կապանի համայնքապետի ընտրություններից հետո»,- ասել է նա:




Լրահոս