Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը:
Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր հարկատուն եղել է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հիմա 1-ին տեղում է: Այս տարվա երրորդ եռամսյակում կոմբինատը կատարել է ավելի քան 32 մլրդ 795 մլն դրամի չափով հարկային վճարումներ: Նկատենք, որ ընկերությունը 5-րդ հորիզոնականից է առաջ եկել` մեկ տարվա ընթացքում ավելի քան 19.6 մլրդ դրամի չափով ավելացնելով հարկերը: Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն բաց եղանակով շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: ԶՊՄԿ-ի հետ փոխկապակցված ընկերություններն են «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊԸ-ն եւ «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»-ը:
Այս ընկերությունները եւս տեղ են գտել այս տարվա հազար խոշոր հարկատուների երկրորդ եռամսյակի ցանկում: Օրինակ` «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն այս տարվա երրորդ եռամսյակին մոտ 2 մլրդ 662 մլն դրամ հարկ ու տուրքով զբաղեցրել է ցանկի 47-րդ տեղը` անցած տարվա վճարած 1 մլրդ 342 մլն դրամ հարկի դիմաց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն»-ը զգալի նվազեցրել է հարկային վճարումները. այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 587 մլն դրամ հարկ ու տուրք,իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել է ավելի քան 960 մլն 878 հազար դրամ հարկ ու տուրք:
Ինչ վերաբերում է «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»-ին, ապա այն միայն 2016 թվականից է խոշոր հարկատուների ցանկում եւ հիմնադրվել է 2015 թվականի հունիսին: Այս տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը կատարել է 2 մլրդ 884 մլն դրամ հարկային վճարում եւ հայտնվել ցանկի 41-րդ տեղում` անցած տարվա ավելի քան 1.5 մլրդ դրամի դիմաց:
Ինչպես հայտնի է, Հայաստանից դուրս եկող ոսկու 99 տոկոսը արտահանում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որն այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ պետբյուջե վճարել է 12 մլրդ 363 մլն դրամ` զբաղեցնելով ցանկի 6-րդ տեղը: Մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում նույն ընկերությունը վճարել է 10.2 մլրդ դրամ հարկ: Նշենք, որ այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին եւ շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ ունի երկրի ամենախոշոր` Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները: Խոշոր հարկատուների ցանկում են նաեւ «Վալլեքս» խմբին պատկանող ընկերությունները: Այս խմբի մեջ են մտնում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն («Էյ-Սի-Փի»), «Թեղուտ» ՓԲԸ-ն:
«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարը «Վալլեքս գրուպ»-ի տնօրենն է` գործարար Վալերի Մեջլումյանը: ԶՊՄԿ-ից եւ «Գեոպրոմայնինգ»-ից հետո հանքարդյունաբերողների մեջ երրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն էր:
Այն շահագործում էր Թեղուտի հանքավայրը: Բայց «Թեղուտ» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 3 մլրդ 859 մլն դրամ հարկ` զբաղեցնելով ցանկի 32-րդ տեղը: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 8 մլրդ 902 մլն դրամ` տեղ գտնելով ցանկի 8-րդ տեղում: Ավելի քան 5 մլրդ դրամով նվազեցրել է հարկերը: Պատճառն այն է, որ ընկերությունը ավելի քան մեկ տարի է` չի շահագործում Թեղուտի հանքավայրը, քանի որ գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում: Արդյունքում շուրջ 1000 աշխատող այսօր գործազուրկ է: Բայց եթե այսպես շարունակվի, Հայաստանի երբեմնի խոշոր հարկատուն դուրս կմնա հազար խոշոր հարկատուների ցանկից:
«Վալլեքս» խմբին պատկանող մյուս խոշոր հարկատուն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն է, որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Այն եւս ներառված է առաջին 20 հարկատուների շարքում, 17-րդ տեղում է եւ վճարել է մոտ 5 մլրդ 373 մլն դրամ հարկ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գտնվելով ցանկի 161-րդ տեղում` վճարել է ավելի քան 628 մլն դրամ հարկ: Սակայն չի բացառվում, որ այս ընկերությունը եւս արժանանա «Թեղուտ» ՓԲԸ-ի ճակատագրին: Բանն այն է, որ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեությունը: Գործարանը եւս գրավադրված է ՎՏԲ բանկում: Նշենք, որ այս ընկերության տնօրենը Վալերի Մեջլումյանի եղբոր աղջիկն է` Լուսինե Մեջլումյանը, ով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց: Նկատենք, որ այս տարվա երրորդ եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.7 տոկոսի անկում:
Հ.Գ. Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված քրեական գործ հարուցելու մասին: «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր: …ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ եւ շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին»: Թե որ ՍՊԸ մասին է խոսքը, դատախազությունը չի մանրամասնել: Միաժամանակ նշենք, որ այդ ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը երջանկահիշատակ Արմեն Մովսիսյանն էր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՈՐԾԱԴՈՒԼ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԲԿ-ՈՒՄ
Ախուրյանի ԲԿ-ում օրեր առաջ նոր տնօրեն են ընտրել: Մեկ տեղի համար երկու հայտ է ներկայացվել. կառույցը ղեկավարելու ցանկություն էին հայտնել ԲԿ ժամանակավոր պատշտոնակատար Միխայիլ Մկրտչյանն ու զինվորական բժիշկ Զավեն Մանուկյանը: 6 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթող է ճանաչվել Զավեն Մանուկյանը:
Մրցույթի երկրորդ օրվանից Ախուրյան ԲԿ-ում գործադուլ է: Աշխատակիցները դժգոհ են որոշումից: Ասում են` ժամանակավոր պաշտոնակատարը արդեն հասցրել է ծանոթանալ կոնտրոնի խնդիրներին, բուժանձնակազմի հետ էլ լավ հարաբերությունների մեջ է, իսկ նոր տնօրենը հիվանդանոց ոչ մի անգամ ոտք չի դրել: «Մենք ընդամենը գնահատում ենք այդ մարդու այսքան ամիսների ներդրումը: Չենք ուզում երիտասարդը կոտրվի: Հասցրել է կարճ ժամանակահատվածում շահել մեր վստահությունը: Հիվանդանոցում էլ ահագին աշխատանքներ է կատարել»,-ասաց բժիշկներից մեկը:
Բժիշկներից Սեդա Չախմաջյանն էլ ավելացրեց. «Ժողովրդավարությունը մենք չեն զգում մեր մաշկի վրա: Իր պարտականությունները գերազանց է կատարել: Նման աշխատանք չենք տեսել նախկին տնօրենի կողմից»:
Շիրակի մարզի ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանի փոխանցմամբ` մրցույթն արդեն կայացել է, եւ բուժանձնակազմը դուրս է եկել օրենքի դեմ. «Մրցույթը կայացել է օրենսդրության շրջանակում, թափանցիկ եւ արդար: Հաղթող է ճանաչվել Զավեն Մանուկյանը»: Բուժանձնակազմը չի պատրաստվում զիջումների գնալ եւ պահանջում է չեղյալ համարել մրցույթի արդյունքները: Իսկ Ախուրյանի ԲԿ-ն մարզի ամենախնդրահարույց բուժհաստատություններից է:
Մինչեւ 2006-ը Ախուրյանի հիվանդանոցը, պոլիկլինիկան եւ շտապօգնությունը գործել են առանձին: 2007-ին օպտիմալացման արդյունքում դրանք միավորվեցին: Ախուրյանի բժշկական կենտրոնում առողջության առաջնային պահպանման ծրագրով սպասարկվում է 10 հազար, իսկ դիսպանսերային ծառայության կողմից` 46 հազար բնակիչ` ներառյալ Ախուրյանի տարածաշրջանի նախկին գյուղական համայնքները:
30 տարվա վաղեմության բուժսարքավորումները նորով փոխարինելը Ախուրյանի բժշկական կենտրոնի առաջնահերթությունների թվում է:
Տնօրենի երկու թեկնածուներն էլ իրենց 5-ամյա զարգացման ծրագրում շենքային պայմանների բարելավումն են դրել որպես առաջնային խնդիր: Նշենք նաեւ, որ ԲԿ-ում մեծ պարտքեր են կուտակվել: Թե ինչ լուծում կստանա ստեղծված խնդիրը, հայտնի չէ: Այս փուլում հիվանդանոցի աշխատանքը կաթվածահար է:
Նշենք նաեւ, որ դեռ քննարկման փուլում է հիվանդանոցի օպտիմալացման խնդիրը: Նախատեսվում էր հիվանդանոցը տեղափոխել Գյումրի ԲԿ:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի