Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխության օրերին ամենաշատն օգտագործված «Քա՛յլ արա» արտահայտությունը շարունակում է հիմա էլ ակտուալ մնալ: Այս լուսանկարը եւս մեկ ապացույց է:
ՀԱՐՑ. Զագսավորվելու համար որքա՞ն վճարում պետք է կատարել։ Որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարի չափը։
Անահիտ Մելքոնյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամ գումարի չափով, եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ, ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը ոչ աշխատանքային ժամերին (18:00-20:00)՝ 50 000 դրամ, գրանցման մարմնի աշխատավայրից դուրս՝ 50.000 դրամ, իսկ ՔԿԱԳ մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցումը՝ 20.000 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ։
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե անձը դիմում է կենսաթոշակ ստանալու նպատակով, ապա ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը։ Դիմողը ե՞րբ կարող է ստանալ իր կենսաթոշակը։
Լիդա Հունանյան (63 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`
1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
3. կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
4. զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք է ընդունում ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները։