Միքայել Մելքումյանը ներկայացրել է ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության ծրագիրը ներկայացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ծրագրի հիմքում երկու հիմնական սկզբունք կա. «Առաջինը՝ նախորդ մեր բոլոր ծրագրերի նկատմամբ հետևողական ենք լինելու: Երկրորդ՝ հետհեղափոխական շրջանում, երբ հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, պետք է համարժեք արձագանք»,- ասաց Մելքումյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում ներառված կոնկրետ գերակայությունները. « Երբևիցե երկրի տնտեսական զարգացման հիմնախնդիրները չպետք է հակադրել մարդկանց արդիական սոցիալական խնդիրների լուծմանը, երբ ասում ենք՝ թոշակ, աշխատավարձ բարձրանա, երբեք չպետք է հակադրենք այն մոտեցմանը, թե դե ցույց տվեք՝ որտեղից այդ գումարները, դրանք պետք է հայթայթվեն, և հասցեները գիտենք: Մենք գիտենք, թե երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերել»,-ասաց նա:

Նախընտրական ծրագիր հաջորդ կետն այն է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն. պետք է կտրուկ բեկում մտցնել: «Ոչ թե պետք է խոսել 3-4 տոկոս աճի մասին, այլ պետք է երկնիշ տնտեսական աճ ունենաք: Տարվա կտրվածքով Հայաստան պետք է մտնի 2-3 մլրդ դոլար »,- մանրամասնեց Մելքումյանը:

Հաջորդ սկզբունքը տեխնոլոգիական հեղափոխության ապահովումն է. Միքայել Մելքումյանի խոսքով՝ իրենք համոզված են, որ տնտեսական բեկում չի լինի, եթե տնտեսությունը նոր տեխնոլոգիական մակարդակի չբերվի: «Պետք է ապահովենք ճյուղային կառուցվածքի կտրուկ փոփոխություն տնտեսությունում: Այսինքն՝ ավանդական արդյունաբերության ճյուղերը մնան իրենց տեղում, բայց կարողանանք տեխնոլոգիական կառուցվածքը փոխել»,-ասաց նա:

Կուսակցության նախընտրական ծրագրի հաջորդ կետը թոշակների և աշխատավարձերի բարձրացումն է: «Նվազագույն թոշակի և աշխատավարձի չափ չենք գրել, միայն նշել ենք, որ արժանապատիվ կենսապահովման չափ պետք է ապահովվի»,-ասաց նա:

Հաջորդ կետը ՓՄՁ-ների զարգացման հիմնախնդիրն է. «Այն ձեռնարկությունները, որոնք տարեկան ունեն մինչև 30 մլն դրամի շրջանառություն, պետք է հարկերից ազատվեն»,-ասաց նա և շարունակեց, որ գյուղական փոքրիկ խանութների տեղը պետությունը պետք է մոռանա, ՀԴՄ-ից բացի այլ հարկեր չդրվեն նրանց վրա:

Կուսակցության ծրագրում նաև էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման դրույթ կա: «իքայել Մելքումյանը, ով նաև ղեկավարում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից 3-3.5 դրամով նվազեցնելու ռեզերվներ կան:




Լրահոս