ԱԺ արտահերթ ընտրության արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Շահնազարյանը, ով ՀՀԿ ցուցակի երրորդ համարն է:
Նրա խոսքով, հեղափոխությունը չի եղել «Իմ քայլը» դաշինքի պատճառով, այլ եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը: Ըստ նրա՝ առնվազն հարգանքի է արժանի ՀՀԿ-ի այդ քայլը:
«Այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Ընտրությունների արդյունքները, ինչը կարձանագրվի, դրանք լավագույն դեպքում, ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարը այդ պահին, իսկ մեկ ամիս, երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ»,- նշեց նա:
Դավիթ Շահնազարյանը հավելեց, որ մինչ ընտրություններն ինքը հանդիպել է ՀՀԿ ղեկավարներից մեկի հետ, որի անունը չի ուզում հայտարարել: «Ասացի՝ մասնակցելու եք ընտրություններին, ասաց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի: Ու շատ վտանգավոր է այսօր ՀՀ-ում ունենալ կասկածելի ընտրություններ», – հավելեց նա: