Գորիսի քաղաքապետը` իրեն մահակներով ծեծի ենթարկելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի ավագանու անդամներից Լյովա Արզանյանը մահակով ներխուժել է Խնձորեսկի համայնքապետարան` վենդետա իրականացնելու այնտեղ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ:

Գրել էինք, որ հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ էր արել, որից հետո քաղաքապետ Առուշանյանը ավագանու անդամների առաջ ծեծի էր ենթարկել ավագանու անդամ Արզանյանին:

Ոստիկանությունում սկսված հետաքննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո կրքերը պետք է հանդարտվեին, սակայն «կռիվ կինոն» դեռ նոր է սկսում: Գորիսեցի ավագանին որոշել է հարցերը լուծել «տղայական կերպով»:

Այսպիսով` նոյեմբերի 25-ին խորհրդարանական ընտրություններում ընտրողների հետ հանդիպման նպատակով Խնձորեսկ խոշորացված համայնք է այցելել քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Վերջինս մինչ համայնքապետարանում սպասել է, թե երբ պետք է ընտրողները հավաքվեն, եւ նա գնա նրանց հետ հանդիպման, տեղի է ունեցել անսպասելին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավագանու անդամ Լյովա Արզանյանը իր մտերիմներից ոմն Աշոտի հետ, ինչպես նաեւ այլ անձանց հետ մահակներով ներխուժել է Խնձորեսկի համայանքապետարան եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Իրավիճակը տեսնելով` միջամտել է համայնքի բնակիչներից Նվեր անունով անձնավորություն:

Սակայն ըստ ներկաների` նրա գլխին հարվածել են, եւ նա բավականին լուրջ վնասվածք է ստացել: Ըստ համայնքում տարածված լուրերի` «դուբինկաներով» համայանքապետարան ներխուժած անձինք ամբողոջությամբ ջարդ ու փշուր են արել այնտեղ առկա ողջ գույքը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար զրուցեց քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ. «Ես հիմա քարոզարշավի եմ: Նման դեպք չի եղել, որ որեւիցե մարդ վնասվածք ստանա: Ավագանու անդամին ես ծեծի չեմ ենթարկել: Երեկ եղել ենք շատ գյուղերում, եւ ժողովրդի կողմից շատ ջերմ ընդունելություն է եղել»:

Դատելով դեպքերի այսպիսի ընթացքից` սխալված չենք լինի նշել, որ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահների վրա: Եթե իրավապահներն ընթացք տային այս գործին, չէինք ունենա այն, ինչ ունենք, երբ ավագանու անդամը սեփական ուժերով է փորձել հաշվեհարդար տեսնել:

Քնար Մանուկյան




Լրահոս