Երեկ մեկնարկեց դեկտեմբերին 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Եվ հետաքրքիր է, որ անգամ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ընտրություններին մասնակից 11 ուժերից միայն «Իմ քայլը» դաշինքն է հայտարարում, որ գալիս են ամբողջական իշխանությունը վերցնելու: Մյուս ուժերը պայքարում են երկրորդ տեղի համար եւ իրենց ելույթներում շեշտում են, որ հենց իրենք են լինելու երկրորդը:
Սակայն երկրորդ տեղի համար պայքարն ու հետագա խորհրդարանի ձեւավորումը եւս մեծամասամբ կախված է «Իմ քայլը» դաշինքից եւ նրա ստացած ձայներից: Բանն այն է, որ խորհրդարանում պատգամավորների թիվը ստատիկ չէ եւ այժմ գործող 101-ի փոխարեն այն կարող է ավելի շատ լինել, եւ հենց դա էլ է կրկին կախված «Իմ քայլը» դաշինքի ստացած ձայներից: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի հստակ պահանջն է, որ պատգամավորների թվի 3/5-րդը պետք է լինի երկրորդ տեղը զբաղեցրած ուժը, որն ընդդիմադիրն է լինելու: Եվ այս պարագայում ստացվում է` որքան շատ լինի «Իմ քայլը» դաշինքի հավաքած ձայների քանակը, այնքան էլ շատ մանդատներ կունենա երկրորդ տեղը զբաղեցրած ուժը:
Օրինակ` «Իմ քայլը» դաշինքը կարող է ստանալ 80 մանդատ, եւ այս պարագայում պատգամավորների ընդհանուր թիվը պետք է այնքան շատ լինի, որ դրա 3/5-րդը լինի ընդդիմադիր ուժ: Այս պարագայում խոսքը 130-ից ավել պատգամավորի մասին է: Եվ հետաքրքիրն այն է, որ այս պարագայում երկրորդ տեղը զբաղեցրած ուժն անգամ 10 տոկոս ձայն ստանալու պարագայում ոչ թե կունենա 10 մանդատ, այլ 30-ից ավելի` բոնուսային համակարգի շնորհիվ: Իհարկե, այս պարագայում եւս գործ ունենք բացասական երեւույթի հետ:
Նախ, եթե «Իմ քայլը» դաշինքն այդքան ձայն ստանա, կնշանակի, որ Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի, եւ դա վտանգավոր է հենց իշխող ուժի համար, քանի որ հասարակության այդպիսի լիակատար վստահությունը հղի է նաեւ բացասական հետեւանքներով: Իշխանությունը պետք է արդարացնի մարդկանց ակնկալիքները: Բայց քանի որ ՀՀԿ-ից Փաշինյանի կառավարությունն ահավոր վատ ժառանգություն է ստացել, խնդիրները մեկ օրում չեն լուծվի, ինչն էլ կարող է հիասթափության ալիքի հանգեցնել: Բայց փաստ է, որ Փաշինյանի ղեկավարած ուժը հասարակության գերակշիռ մեծամասնության աջակցությունն է վայելում, եւ նրանց հաղթանակին նույնիսկ ընդդիմախոսները չեն կասկածում:
Մյուս կողմից էլ` եթե երկրորդ տեղը զբաղեցրած ուժը բոնուսներով ստանա այն, ապա կբախվենք մեկ այլ իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը կարող են ամեն անգամ «երեսով տալ» այդ հանգամանքը եւ հիշեցնել, որ նրանք այդքան մանդատ ունեն կրկին «Ւմ քայլը» դաշինքի, այլ ոչ թե հասարակության աջակցության շնորհիվ:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, այժմ ոչ թե միայն քվե է ուզում իր` վարչապետ դառնալու համար, այլ իր ամբողջ թիմի եւ լիակատար իշխանության համար: Եվ հենց դա է պատճառը, որ «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված են նաեւ կառավարության անդամները: Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն իր համարներից մեկում անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի նախագծին, որով նա ցանկանում է ամրագրել, որ կուսակցությունների ընտրացուցակներում պետք է ընդգրկվեն նաեւ կառավարության անդամները, եւ հստակ պետք է հայտարարվի կառավարության կազմը, որպեսզի նրանք նշանակեն հենց թեկնածուներին: Այլ կերպ ասած` չպետք է լինեն նախարարների թեկնածուներ, որոնք չկան կուսակցության ընտրացուցակում:
Օրինակ` «Իմ քայլը» դաշինքի պարագայում: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կազմի փոփոխություններին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վստահաբար կարող է ասել՝ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվելու են իրենց պաշտոններում: Բայց այս երկու առնացքային նախարարներն իր քաղաքական թիմի անդամները չեն, ոչ էլ ընդգրկված են իր գլխավորած դաշինքի ցուցակում, անկուսակցական են:
Մյուս կողմից` հենց իր թիմին Փաշինյանն առաջադրելով «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում` վստահության քվե է ուզում ոչ միայն խորհրդարանի, այլեւ ողջ կառավարության համար: Ի վերջո, պարզ է, որ համապետական ցուցակում ներկայացված անձանց մի մասն աշխատելու է գործադիրում, այդ թվում՝ ներկայիս նախարարների պաշտոնակատարները: Պարզապես պարզ չէ՝ կոնկրետ ովքեր կվերցնեն պատգամավորական մանդատը, ովքեր՝ կառավարությունում պատասխանատվությունը: Թերեւս դա պարզ կլինի միայն ընտրությունների արդյունքներից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն էլ, վերլուծելով ընտրությունների արդյունքները, որոշում կկայացնի:
Նաիրա Հովհաննիսյան