ԱԱԾ բացահայտման հետքերով․ կեղծ թղթադրամների գործով շրջանառվում են հայտնիների անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: «Ժողովուրդ» օրաթերթին կեղծ թղթադրամների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործով անցնող անձանցից մեկին մեկ տարի առաջ պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը:

Նախ` պաշտոնապես. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների եւ քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը` իրացման պահին, իսկ մնացած մասը` պատրաստման փուլում, ինչպես նաեւ դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները, օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ:

Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել. հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար:

Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, որոնց եւ ձերբակալել են: Նախաքննությունը շարունակվում է:

Այս գործի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթին բավական ուշագրավ մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, իրավապահները այս գործի բացահայտման հետքի վրա դուրս են եկել, երբ նկատել են, որ բոլոր թղթադրամներն ունեն նույն սերիան: Դա կասկածներ է հարուցել, եւ ԱԱԾ-ականները սկսել են այդ ուղղությամբ հետաքրքրվել: Արդյունքում էլ բացահայտվել է այս դեպքը:

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին, մեկ տարի առաջ գործով ձերբակալված անձանցից մեկին մեկ տարի առաջ պարտքատերերը առեւանգել են եւ պահանջել վերադարձնել իրենց գումարները: Բայց տեղի է ունեցել անկանխատեսելին. առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է: Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել, ինչը հարցականներ է առաջ քաշում:

Բացի այդ, այս գործով կալանավորված անձանցից մեկն էլ հայտնել է, որ նա կեղծ թղթադրամների հետ կապ չունի, պարզապես այդ օրը եղել է մեքենայի մեջ: Իսկ թե ինչքանով է վերջինիս ցուցմունքը արժանահավատ, կպարզի քննությունը: Նրա նկատմամբ եւս խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Դատելով իրավիճակից` միգուցե ԱԱԾ կանգնի մի հետքի վրա, որ կեղծ թղթադրամներ պատրաստող անձանց թիկունքում ազդեցիկ մարդիկ են կանգնած. սպասենք քննության արդյունքներին:

Քնար Մանուկյան




Լրահոս