ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գլխավորում է «Իմ քայլը» դաշինքը, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին օրը սկսեց Շիրակի մարզից` Մարալիկ, Արթիկ, Հոռոմ, Ազատան եւ վերջում Գյումրի: Հիշեցնենք` նա Գյումրիից էլ սկսել էր թավշյա հեղափոխության քայլարշավը:
Շիրակի մարզի գյուղական համայնքներում Փաշինյանին դիմավորել են երգ ու պարով, ճոխ սեղաններով: Փաշինյանը խոսեց ոչ միայն իրենց ծրագրերից, այլեւ ելույթներում քաղաքական ուղերձներ հղեց: Արթիկում նա հեռակա պատասխանեց «Սասնա Ծռեր»-ի այն հայտարարությանը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործելու է ընդամենը 1,5 տարի: «Էդ դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվե՛ք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ «Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով, ով ուզում է լինի»:
Վերջին կանգառն էլ Գյումրին է: Մի քիչ նեղացած, բայց, միեւնույն է, բարձր տրամադրությամբ գյումրեցիները դիմավորել են Նիկոլ Փաշինյանին: «Մեղավոր եմ, ժողովո՛ւրդ ջան, մեղավոր եմ» բացականչություններով Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին ու ասել. «Հեղափոխությունը քանի կա, ես մտքով այս հրապարակում եմ, մտքով ձեզ հետ եմ, առաջին թափը, առաջին հաղթանակը, առաջին սերը դուք եք տվել եւ դարձել այս հեղափոխության անկյունաքարը»:
Հատկանշական է, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդին Գյումրիում դիմավորել է նաեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը, սակայն, ո՛չ ՔՊ-ից է, ո՛չ էլ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Դեռեւս անկուսակցական Բալասանյանը, հիշեցնենք, քաղաքապետ դարձավ ՀՀԿ եւ ՀՔԴՄ կուսակցությունների «Բալասանյան» դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Բալասանյանը հատուկ էր եկել ու ցանկություն է հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին ու խոսել իր ճակատագրի մասին, սակայն հանդիպումն ու քննարկումը տեղի չի ունեցել:
Իսկ Սամվել Բալասանյանը դեռ վաղուց էր հայտարարել, ասաց մեկ անգամ եւս՝ աջակցելու է «Իմ քայլը» դաշինքին. «Ես Ֆելիքս Ցոլակյանին եմ աջակցելու»,-երեկ հայտարարեց նա: Թե ինչ է լինելու Սամվել Բալասանյանի ճակատագիրը, հատնի չէ: Բայց Գյումրիում շատ են դժգոհությունները. գյումրեցիների սրտով չեն նաեւ երիտասարդ կադրերը: Գյումրիում հեղափոխությունից հետո շատ երիտասարդներ, որոնք պայքարեցին հանուն իշխանափոխության, նեղացած են Նիկոլ Փաշինյանից: Նրանք նաեւ քարոզարշավին ներկա չէին: Գյումրիում էլ շատ է քննադատվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը:
Ինչո՞ւ նրանք, որոնք շատ էին գոռում, շատ պայքարում ու քայլում, անտեսվեցին, իսկ ովքեր քիչ երեւացին, պաշտոնների արժանացան. «Մենք թույլ չենք տա նախկին սխալները: Կուսակցական սկզբունքերով չենք ընտրելու կադրեր: Կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չենք տալիս: Ով պաշտոնի համար է պայքարում, կարող են թողնել, հեռանալ, այս պայքարը պաշտոնի համար չէ: Օրենսդիրում կլինեն մարդիկ, որոնք ի վիճակի են ծառայել, օր ու գիշեր ծառայելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աղետից 30 տարի անց Գյումրիում խնդիրները լուծված չեն: Նիկոլ Փաշինյանը գտել է լուծման բանալին, բայց այս պահին շիրակցիների քվեի կարիքն ունի. «Հեղափոխությունից 6 ամիս անց ձեր քվեն ենք ուզում տնտեսական հեղափոխություն կատարելու համար: Աղետի գոտին էլ վերացնելու համար տնտեսական հեղափոխություն է պետք»:
Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները Գյումրիից մեծ են: Փաշինյանի համար հրապարակ շտապած քաղաքացիներից շատերն էլ վստահ են` ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ հիմա Փաշինյանը դեպի հաղթանակ է գնալու Շիրակի մարզի աջակցությամբ: Նույն կարծիքին է նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Էն գործը, որ Գյումրիից սկսվեց, խերովա, ժողովո՛ւրդ ջան, դուխովա: Էն գործը, որ Գյումրիից սկսեց, աջով է գնալու: Ներդրողներին էլ խորհուրդ եմ տալիս անպայման ներդրումներ անել Գյումրիում, որովհետեւ Գյումրիում կատարաված ներդրումները խերով են լինելու»:
Փաշինյանը նաեւ «Իմ քայլը» դաշինքի 15 թեկնածուին ներկայացրեց: Նրանց խոսք չհասավ: Հանդիպումը եզրափակեց Սասուն Միքայելյանը. «Այսօր այս համախմբվածությունը թուրքի դողն է դա: Եթե ոտնձգություն լինի սահմանին, համախմբված ժողովուրդը` մեր ու մանուկ, դուրս կգա եւ կպայքարի ու կհասնի մինչեւ Բաքու»:
Հեղինե Մանուկյան
Գյումրի