Բնակիչները կանգնած են բերքի իրացման խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչները կանգնած են բերքի իրացման խնդրի առջեւ: Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով միջնորդները կարտոֆիլը ձեռք են բերում ցածր գնով, իսկ ահա ՊՆ-ին վաճառում թանկ:

Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները, որոնք կարտոֆիլագործությամբ են զբաղվում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին` ասելով, թե միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով:

«Գալիս են ու ասում, որ բանակի համար կարտոֆիլ է պետք 50-60 դրամով, ժողովուրդն էլ ստիպված համաձայնվում է: Մեզ հայտնի չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես են այդ ընկերությունները տենդեր շահում: Անցած տարի այս խնդիրը կար, եւ կարտոֆիլը մթերում էին 45 դրամով: Անգամ այս խնդրով Նիկոլ Փաշինյանը պատգամավորի կարգավիճակով անցած տարի եկավ մարզ եւ ԱԺ-ում ընդամենը մեկ ելույթից հետո այդ 45 դրամը դարձավ 70 դրամ: Իրենք գալիս էին կարտոֆիլն ընտրում, բարձում առանց որեւէ քաշքշուկի: Իսկ հիմա գալիս, ասում են 50-60 դրամով կարող ենք գնել, իրավիճակ է փոխվել, մենք պետք է նորմալ կարտոֆիլ բերենք:

Պարկեր ձեռք բերելու համար մենք ենք ծախս անում, բայց մթերելուց արժեքը իրենց է մնում, մենք ծախսը անում ենք, իրենց են մնում պարկերը, բացի այս, տոննայի մեջ 30 կգ-ի չափով ի օգուտ իրենց են հանում: Սրանց գումարած նաեւ այն, որ բանվորի ծախսերն էլ մենք պետք է հոգանք: Իսկ բանվորին էլ մեկ տոննայի դեպքում 2000 դրամ ենք վճարում»,- ներկայացրեցին Նորակերտի կարտոֆիլագործները:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս գինը նույնպես ինքնարժեքի մեջ չի տեղավորվում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով: Պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը: Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: Փաստորեն ստացվում է, որ միջնորդները ՊՆ-ին 30-50 դրամ թանկ գնով են վաճառում: ԵՒ ՊՆ-ն էլ, նրանցից կարտոֆիլը թանկ գնելով, վնաս է հասցնում պետությանը:

Մեր զրուցակիցներից կարտոֆիլագործ Իլյիչ Սիմոնյանը հայտնեց նաեւ, որ երբ գյուղացիները տենդեր շահող ընկերությունների ներկայացուցիչներին լրացուցիչ հարցեր են տալիս, լարվածություն է ստեղծվում, այդ ժամանակ նրանք ասում են` «գիտե՞ս` ինչ կա, էլ քո կարտոֆիլը չենք տանի, կարանք տանենք, բայց չենք տանի»: «Ու տենդեր շահած ընկերությունները իրար մեջ պայմանավորվում են ու տեղեկացնում, թե որ գյուղացուց կարտոֆիլ վերցնեն: Բայց ես ի՞նչ եմ ասել նրանց: Միայն Նիկոլի խոսքերը` «դուք պետք է ժողովրդի հաշվին չհարստանաք»:

Կարտոֆիլագործը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց, որ տարիներ առաջ ՊՆ ներկայացուցիչներն են եկել, նայել կարտոֆիլը, գին են առաջարկել, պայմանավորվածություն ձեռք բերել, ապա գնել այն ու գնացել: Իսկ հիմա մրցույթով տենդեր շահած ընկերությունները, այլ կերպ ասած` միջնորդներն են պայմաններ թելադրում:

Բացի այս, եւս մեկ խնդրի շուրջ կարտոֆիլագործը բարձրաձայնեց. «Կարտոֆիլը տանում, հասցնում են զորամասեր, ապա զանգահարում ու ասում են, որ չեն ընդունել այն, միաժամանակ խնդրի առաջ են դնում մեզ` պահանջելով եւս 1-2 տոննա զեղչել, որ ընդունեն: Արհեստական խնդիրներ են ստեղծում: Դա էլ փող աշխատելու իրենց տարբերակն է»:

Նկատենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում բարձրաձայնել էր այս խնդրի մասին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը արձագանքել էր`նշելով հետեւյալը. «Դա միջնորդի եւ գյուղացու շուկայական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի խնդիր է։ Խնդիրը շատ հստակ է, որովհետեւ մատակարարը բավականին ծավալուն աշխատանք է իրականացնում: Նա, գյուղացուց գնելով այդ մթերքները, պահեստավորում է, որովհետեւ բանակը միանգամից չի ընդունում, այլ մատակարարողին հանձնարարում է կոնկրետ զորամասեր մատակարարել տարվա ընթացքում:

84-100 դրամ գնի տատանումն ուղղակիորեն կապ ունի այն զորամասի հեռավորության հետ, որտեղ հասցվում է կարտոֆիլը»: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մատակարարները, որպես կանոն, ոչ թե իրենց պահեստներում են պահեստավորում կարտոֆիլը, այլ գյուղացիների: Բեռնավորման աշխատանքները կոնկրետ Վարդենիսի տարածքում իրականացնում են գյուղացիները:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դարձյալ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հետաքրքրվեց` արդյոք ՊՆ-ն տեղյակ է միջնորդների վերը նշված գործողությունների մասին: Բացի այս, ՊՆ-ից խնդրեցինք մեկնաբանել` հնարավոր չէ՞ արդյոք` ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք բերի անմիջապես գյուղացուց: Սակայն ՊՆ-ից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս