«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Նժդեհ Հովսեփյանն անդրադարձել է ՀՀԿ երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին:
«ՀՀԿ-ի քաղաքական մունետիկի լիազորությունները ստանձնած Դավիթ Շահնազարյանն այսօր մի շարք հայտարարություններ է հնչեցրել, որոնք մանիպուլյատիվ բնույթ ունեին ոչ միայն քաղաքական բանավեճի տեսնակյունից, այլև նախ և առաջ հակասում էին հենց իր՝ բանախոսի՝ նախկինում հնչեցրած մտքերին։ Դ. Շահնազարյանը թերևս այնքան է իրեն ինտեգրել ՀՀԿ-ի սոցիո-հոգեբանական ընկալումներին, որ լիապես մոռացել է նախորդ տարիների սեփական խոսքերը, հայտարարություններն ու գործողությունները։ Սա, սակայն, ամենևին պատիվ չի բերում պարոն Շահնազարյանին՝ առաջնահերթորեն պայմանավորված նրա՝ Արցախյան շարժման առանցքային ներկայացուցիչներից լինելու հանգամանքով։
Ի թիվս այլ հարցերի՝ ուշագրավ էին բանախոսի ձևակերպումները Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ։ Այսժամ նա մի մանիպուլյատիվ հայտարարություն է անում. «առաջին գծից գեներալներին կանչում են ՀՔԾ ու ինչ-որ սպասեցնում են ժամերով. դա ուղղված է բանակի դեմ»։ Այս ձևակերպումից անհասկանալի է մնում՝ խնդիրը սպասեցնե՞լն է, թե՞ հարցաքննության կանչելը։ Շահնազարյանը հավանաբար նկատի ունի վերջին պարագան, բայց մոռանում է պատասխանել հարցին՝ իսկ ինչպե՞ս պիտի բացահայտվի հանցագործությունը, եթե ոչ, օրինակ, գործում ներգրավված անձանց հարցաքննելու միջոցով։ Իսկ գուցե Շահնազարյանը համոզվա՞ծ է, որ հարցաքննության հրավիրվող ռազմական ու քաղաքացիական անձինք անմեղ են և պետք է չհարցաքննվեն։ Սակայն եթե այժմ իշխանությունների գործողությունները Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ սխալ են ու ուղղված են բանակի դեմ, ապա Դավիթ Շահնազարյանը այդ գծի կողմնակիցն է դեռևս 2009 թվականից։ Այնժամ նա բացեիբաց հայտարարում էր, որ 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում և դրանից հետո Հայաստանում տեղի էր ունեցել «ռազմական հեղաշրջում». «2008թ. փետրվարի 23-ի ՀՀ Պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանն ուղղակի իրեղեն ապացույց է` բռնի ուժով իշխանության զավթման: Այդ հրամանը շատ լուրջ հիմք է քրեական գործ հարուցվելու համար և կասկած չունենաք, որ ժամանակին դա կհարուցվի»։
Կարելի է ասել, որ Դ. Շահնազարյանը 2009թ. մարգարեացել է՝ դեռ 9 տարի առաջ իր ներդաշնակությունը հայտնելով ՀՔԾ-ի այսօրվա գործողություններին։ Այդուհանդերձ, այսօր մի չափազանց կարևոր հարց է բաց մնում, որին Շահնազարյանը չի պատասխանում՝ արդյո՞ք 2008թ. ՀՀ-ում ռազմական հեղաշրջում է եղել։ Եթե ոչ՝ այդ դեպքում արդյո՞ք վերոնշյալը պատասխանատու գործչի հայտարարություն էր, իսկ եթե այո, ապա ի՞նչ անուն կարելի է դնել ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած անձանց հետ միասնաբար ընտրություններին մասնակցելուն և այդ ռազմական հեղաշրջման հեղինակներին պատասխանատվության կանչող իշխանության հասցեին լուտանքներ թափելուն։
Այնուհետ, անդրադառնալով առանց դատարանի վճռի, առանձին անհատներին ուղղված մեղադրանքներին՝ Շահնազարյանը բառացի հայտարարում է, որ «որևէ մեկը թող մեղադրանք չհնչեցնի, եթե դատարանով ապացուցված չէ»։ Բավական է հիշել, որ նա առաջին գործիչներից մեկն էր, որը դեռ 1998թ. ամենածանր քննադատությունն էր տեղում Ռոբերտ Քոչարյանի հասցեին ու նրան ուղարկում Հաագայի միջազգային քրեական դատարան՝ դատվելու։ Մի՞թե այնժամ Քոչարյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել՝ էլ չխոսած դատական վճռի մասին, որ պարոն Շահնազարյանն իրեն իրավունք էր վերապահում նման հայտարարություններ տարածելու։ Իսկ մեղադրանքները խիստ ծանրակշիռ էին՝ ՀՀ Սահմանադրության շրջանցում 1998 և 2003 թթ., կեղծ փաստաթղթերի հիման վրա նախագահական ընտրություններին մասնակցություն և իշխանության յուրացում։ Ավելին՝ 2008թ. ՀԱԿ-ի նախաձեռնած համազգային ստորագրահավաքի պատասխանատուն հենց Դավիթ Շահնազարյանն էր, որը Քոչարյանին մեղադրում էր արյունով գալու իշխանության և նույն կերպ հեռանալու համար՝ Մարտի 1-ը ճանաչելով որպես «իր բոլոր հատկանիշներով հանցագործություն մարդկության դեմ»։ Եվ հիմա ի՞նչ է ստացվում. կա՛մ այն ժամանակ ինչ-որ գաղտնի դատարան հաստատել էր Քոչարյանի մեղադրանքները և Շահնազարյանը ճիշտ էր վարվում «անպատասխանատու մեղադրանքներ» հղելով, կա՛մ այսօր է նա բացահայտում, որ սխալվել է իր 20-ամյա գործունեության մեջ։
Վերջապես, նախկին իշխանությունների գործելակերպը գնահատելիս Շահնազարյանը գովաբանում է ՀՀԿ-ին՝ 2018թ. ապրիլ-մայիսին ուժի չդիմելու համար՝ շեշտելով, որ դրա համար ՀՀԿ-ն արժանի է հարգանքի։ Խիստ ցավալի է, որ նման անձնավորության կողմից հրապարակ է նետվում իշխանության ու հասարակության բաժանման գաղափարը՝ ցուցադրելով նաև այս քաղաքական խմբավորման ապաժողովրդական ու ապասահմանադրական բնույթը։ Նախ՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակարգերում, առաջին հերթին քաղաքական ըմբռնմամբ, իշխանությունը պիտի ներկայացնի ժողովրդին, ապա՝ դա սահմանադրական անփոխարինելի դրույթ է՝ հանձին 2-րդ հոդվածի. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ուստի, 2018թ. ապրիլ-մայիսին իշխանությունը չէր կարո՛ղ և իրավունք չունե՛ր ուժ կիրառել իր ձևավորման աղբյուրը հանդիսացող ժողովրդի նկատմամբ։ Իշխանությունը պարտավո՛ր էր ենթարկվելու ժողովրդի ազատ կամարտահայտությանը։ Արդ, արդյո՞ք արդար կլինի հարգել իշխանությանը՝ իր իրական տիրոջ նկատմամբ ձեռք չբարձրացնելու ու չգնդակահարելու համար։ Այլապես ստացվում է, որ քաղաքական ուժին պետք է պատիվ մատուցել միայն նրա համար, որ անսացել է ժողովրդի կամքին ու կատարել Սահմանադրության պահանջը», – նշված է հոդվածում։