ՀՀԿ-Ի ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները: Ու պետք է նկատենք՝ ՀՀԿ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու. սա ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար մրցակից է, այլ որովհետեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք հասարակության համար այնքան անընդունելի են, հասարակության կողմից այնքան մերժված, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն նրանց անվտանգությունն ապահովելու եւ ֆիզիկական բռնություններից զերծ պահելու համար: Բարեբախտաբար, ի տարբերություն հերթական ընտրությունների, արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տեւելու:
Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ օրերս կայացած խորհրդի նիստից: Մասնավորապես, նիստը վարել է անձամբ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս այս օրերին անձամբ է զրուցել տարբեր ժամանակներում իրենց վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնականաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենեւին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից: Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ:

 

 

«Փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու եւ որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը»,- մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` պնդելով, որ նման դեպքում կա իրավական բաց: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից կառույցում մեր գտնվելու նպատակահարմարության հարցը բարձրացնելուն, Վիրաբյանն ասել է. «Որքանո՞վ է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար»:

 

 

 

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է: Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչեւ 2037 թվականն է:

 

 

 

ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել: «Այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է, ես չէի ուզենա որեւէ մեկնաբանություն անել դրա հետ կապված»,- ասել է նա: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են բացահայտման դեպքերը: «Եթե հիմա որեւէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում եւ ունեցել է հետեւանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ»,- ասել է նա:

 

 

ԻՍԿ ԴՈՒՔ ԼԵԳԻՏԻ՞Մ ԷԻՔ
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին ՀՀԿ խորհրդի հայտարարությունից տպավորությունը մեկն է. այս կուսակցության գործելաոճն ինչպես իշխանավարման տարիներին, այնպես էլ հիմա, ընդդիմադիր կարգավիճակում չի փոխվել, եւ ՀՀԿ-ն շարունակում է հասարակությանը մոլորեցնել կեղծ պնդումներով:
Մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին ՀՀԿ պնդումները, քննադատությունները, որոնք այլ կերպ, քան իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ, դժվար է որակել:
ՀՀԿ խորհրդի հայտարարության մեջ ուշագրավ է իշխանության ղեկին եղած տարիների սխալների ու բացթողումների արձագանքը: Միամիտները կմտածեն, թե ՀՀԿ-ականները նպատակադրվել են հանդես գալ ինքնախոստովանությամբ` իրենց սխալների համար հասարակությունից հայցելով ներողամտություն: Բայց հիասթափեցնենք` ամենեւին ոչ: Պարզապես նրանք մի քանի ակնհայտ փաստ են մատնանշել, առանց այդ ամենի համար ներողություն հայցելու:
ՀՀԿ-ն նաեւ խոստովանել է, որ հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի որոշ դրսեւորումներ: Բայց մյուս կողմից ՀՀԿ հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ամիսների կոռուպցիոն բացահայտումները որակված են «ցուցադրական բնույթ կրող արշավ», «ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք»: Իսկապես, ՀՀԿ-ն լավ գիտի իր իշխանավարման ժամանակ կոռուպցիայի ծավալները, եւ քանի դեռ նոր կառավարությունը չի բացահայտել իրենց իշխանության թալանածի գոնե 20-30 տոկոսը, բնական է` նախնական բացահայտումները կարող են եւ «ցուցադրական» թվալ:
ՀՀԿ-ն խոստովանել է, որ ներկուսակցական ժողովրդավարությունը նահանջ է ապրել, առողջ քննադատությունը երբեմն չէին տարբերակում ապակառուցողական ընդդիմախոսությունից: Ու սա այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում իրենք, ընդհակառակը, պնդում էին, թե ՀՀԿ ներսում ժողովրդավարություն է, բանավեճեր են ընթանում, ականջալուր են հասարակության ձայնին, իրենք ամենաճիշտն են: Իսկ ընդդիմության քննադատությունները որակում էին խնդիրները շահարկելու փորձ:
Բայց ՀՀԿ իշխանության ամենագլխավոր սխալի մասին կուսակցության հայտարարության մեջ լռել են: Խոսքը ՀՀԿ իշխանության լեգիտիմության բացակայության մասին է. 20 տարի շարունակ ՀՀ իշխանությունն ունեցել է այդ խնդիրը: Ավելին, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն փորձել է իշխանությունը վերարտադրել ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով: Հասարակության փորձերը ընտրությունների միջոցով փոխելու իշխանությունը մշտապես կասեցվել են ուժով, բռնությամբ:




Լրահոս