«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը։
-Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ժամանակ, մամուլի հրապարակումների համաձայն, պետք է որոշվեր կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։ Սակայն, փաստացի այդ հարցի կարգավորումը հետաձգվեց դեկտեմբերին։ Կատարվածը տարբեր կերպ մեկնաբանվեց՝ այդ թվում երկրների ղեկավարների միջեւ անհամաձայնությամբ։ Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Աստանայում։
-Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու էին մամուլում տեղ գտել հրապարակումներ, որոնց համաձայն իբր պետք է որոշվեր, այլ ոչ թե քննարկվեր կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։ Իրողությունը հետեւյալն է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է լիազորությունների վաղաժամ դադարեցման հետեւանքով։ Միաժամանակ, նման դեպքերում ՀԱՊԿ նորմատիվ իրավական փաստաթղթերով կանոնակարգված չէ, թե որ պետության կողմից պետք է ներկայացվի թեկնածու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակման համար։ Ուստի կարիք կար, որպեսզի բարձրագույն մակարդակով ձեռք բերվեր համաձայնություն նման դեպքերում կիրառվելիք սկզբունքի մասով: Հայկական կողմը ելնում է նրանից, որ նման դեպքերում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է նշանակվի միեւնույն պետության ներկայացմամբ մինչեւ եռամյա ժամկետի ավարտը։ Եվ այս դիրքորոշումն ու համապատասխան փաստարկներն են, որ Հավաքական անվտանգության նստաշրջանի ժամանակ ներկայացվել են գործընկերների ուշադրությանը։ Բնական է, որ հնչել են նաեւ այլ կարծիքներ՝ այլ հիմնավորումներով։ Ուստի, ի վերջո, որոշում է կայացվել հարցին վերստին անդրադառնալ մոտակա հարմար առիթով:
-Ինչո՞ւ երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ։ Երեք տարբերակ էր առաջ քաշվել մամուլում՝ ՀՀ, ՌԴ կամ Բելառուսի ներկայացուցիչ։ Այլ տարբերակ քննարկվո՞ւմ է, եւ այս պահի դրությամբ ո՞ր որոշման կողմն է նախապատվությունը:
-Կարծում եմ` առավել ճիշտ կլինի ասել, որ փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու եւ որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա, իրականում, դրանք 2-ն են։ Եվ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում նոր գլխավոր քարտուղարի թեկնածություն պետք է ներկայացնի կա՛մ նախորդին ներկայացրած պետությունը, տրամաբանորեն մինչ նախորդի եռամյա ժամկետի ավարտը, կա՛մ ռուսական այբուբենին համապատասխան հաջորդ պետությունը` ռոտացիայի սկզբունքի համաձայն։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողին, ապա այն, ըստ գործող կարգի, նշանակվել է պաշտոնը թողնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից գլխավոր քարտուղարի տեղակալների կազմից։ Եվ այս պարագայում զուգադիպություն է, որ պարտականությունների կատարումը ստանձնած ամենափորձառու տեղակալը նշանակված է իր (խմբ.՝ տեղակալի) պաշտոնին ՌԴ քվոտայով։ Հարկ է նաեւ նշել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրությանը թեկնածու է ներկայացվում Արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից, ինչը ենթադրում է արտաքին գերատեսչություների միջոցով թեկնածության նախապես համաձայնեցում։ Եվ այս պահի դրությամբ նման գործընթաց պաշտոնապես չի նախաձեռնվել ո՛չ հայկական, ո՛չ բելառուսական կողմերից։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համալրման որեւէ այլ տարբերակ չի դիտարկվում։ Խոսել նախապատվության մասին դժվար է, քանզի հնչել են տարբերակներ համապատասխան հիմնավորումներով, եւ այժմ հարկ է գալ համաձայնության, թե որը կհանդիսանա ամենաարդյունավետը Կազմակերպության հետագա զարգացման տեսանկյունից։
-Միջանկյալ որեւէ առաջարկ եղե՞լ է Նիկոլ Փաշինյանին։
-Տեղեկացված չեմ, եւ միաժամանակ՝ հասկանալի չէ, թե ինչպիսի միջանկյալ տարբերակ կարող էր լինել։ Ըստ երեւույթին, դա ինքնաբերաբար առկա տարբերակն է, այն է` մինչ թեկնածություն ներկայացնող պետության մասով համաձայնության ձեռքբերումը Կազմակերպության աշխատանքային մարմին հանդիսացող քարտուղարության ղեկավարումը կշարունակվի իրականացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի միջոցով։
-Անհատապես ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն ինչպիսի՞ դիրքորոշում են հայտնել, հարցի ինչպիսի՞ լուծման կողմնակից են եղել։ Կարծիքները միատեսա՞կ են եղել, թե՞ բազմազան։
-Հավաքական անվտանգության նստաշրջաններն անցկացվում են նեղ կազմով եւ հաջորդիվ լիագումար նիստերի գումարմամբ։ Ընդ որում՝ նեղ կազմով նիստերի սղագրությունները կրում են գաղտնիության համապատասխան ծածկագրում։ Կոնկրետ այս հարցը քննարկվել է նեղ կազմով նիստի ժամանակ, որին ներկա են գտնվել Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարողը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահներն, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողը։ Միակողմանիորեն մանրամասների բացահայտումը հնարավոր չէ՝ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից։ Միաժամանակ, միանգամայն բնական է, որ յուրաքանչյուր պետության կողմից ներկայացվել է ուրույն մոտեցում՝ ելնելով համապատասխան փաստարկներից։
-Մասնագետների հավաստմամբ` հարցը գտնվում է իրավական դաշտում, եւ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ կանոնակարգում կարգավորումներ չկան՝ ինչ է լինում, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետ է կանչվում։ Ի վերջո, զուտ կանոնակարգային առումով առավելությունը Հայաստանի՞ կողմն է, թե՞ ոչ։
-Մասնագետները միանգամայն իրավացի են, եւ ակնհայտ է` իրավական տեսակետից առկա է բաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում։ Սակայն, առկա է նաեւ անհրաժեշտություն որոշելու, թե ինչպիսի սկզբունքով են իրականացվելու ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումները գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում։ Այստեղ կցանկանայի ուշադրություն հրավիրել նաեւ առ այն, որ հետ են կանչվում պետությունների դեսպանները այլ պետություններում կամ կազմակերպություններում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի կարող հետ կանչվել, այլ կարող է ներկայացվել լիազորությունների վաղաժամ դադարեցման նախաձեռնություն, որն էլ ձեւակերպվում է ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման կայացման տեսքով։ Ինչ վերաբերում է կանոնակարգային առումով առավելություններին, ապա այդպիսիք չեն կարող լինել, քանի որ հարցը որեւէ կերպ կանոնակարգված չէ ՀԱՊԿ-ի նորմատիվ իրավական փաստաթղթերով։
-Հայաստանում տեսակետներ են հնչում, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից պետք է բարձրացվի կառույցի հեղինակության եւ այնտեղ գտնվելու արդյունավետության հարցը։ Որպես պաշտոնական ներկայացուցիչ՝ համակարծիք կլինե՞ք այսպիսի որոշմանը։
-Կարծում եմ, որ հարցն այլ հարթության վրա պետք է դիտարկվի, եւ հարկ է զգուշորեն մոտենալ կատեգորիկ պնդումներին։ Որքանով է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ՝
-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից՝ Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար,
-իրավական տեսակետից առկա է բաց. ամրագրված չէ, թե լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում մինչ եռամյա ժամկետի ավարտը թեկնածություն է ներկայացվելու գնացողին ներկայացրած պետության կողմից, սակայն, միաժամանակ, դա նաեւ որեւէ կերպ սահմանափակված չէ։ Ուստի, հարկ է կողմնորոշվել, թե որ պետությունը պետք է ներկայացնի թեկնածություն նոր գլխավոր քարտուղարի նշանակման համար։ Այս առումով, կարելի է ասել, որ երկու մոտեցումներն էլ առաջին հայացքից հավասարազոր կենսունակ են, եւ հարկ է կողմնորոշվել, թե որ տարբերակը կարող է լավագույնս օգտակար հանդիսանալ Կազմակերպության համար։
Այս առումով կարծում եմ` ակնհայտ է, որ հայկական կողմի համար առաջնայինը Կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովումն է՝ հանուն անդամ պետությունների անվտանգության ապահովման։ Եվ չի կարող դրվել պաշտոն պաշտպանելու կամ կորցնելու հարց։
Ելնելով ասածից` չեմ կարող համաձայնել այն մտքերի հետ, թե ՀԱՊԿ-ում գտնվելու արդյունավետությունը պետք է պայմանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՄՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀՈՒ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը՝ նույն ինքը Դինա Ակոպովնան, որ հետախուզվում էր ինտերպոլի կողմից ԱՄՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Գրիգորյանը նոյեմբերի 6-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն. փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր, քանի որ ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել այս թեմային` տեղեկացնելով, որ ԱՄՆ իրավապահները բացահայտել էին, թե ինչպես է ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա ստանալու համար պարի կեղծ վկայագրերով տրամադրվել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 47-ամյա Ստելլա Բոյաջյանին Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանին: Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հաղորդավարուհին վստահաբար պնդում էր , որ այդ ամենի հետ կապ չունի եւ, առհասարակ, ԱՄՆ մուտքի արտոնագրից չի զրկվել, սակայն այսօր արդեն ինքնակամ ներկայացել է իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ ավարտ ունեցավ հաղորդավարուհու ինքնակամ իրավապահներին ներկայանալու գործընթացը: «2018թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՁՊՎ է տեղափոխվել ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը` Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, եւ նա ազատվել է արգելանքից»,- ասված է դատախազության պատասխանում:
ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող, Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տեւական ժամանակ է՝ գործունեություն է ծավալում: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխանի նաեւ լրագրողների հարցերին, թեկուզ եւ՝ իր համար անցանկալի: