ՊԵԿ-Ի ՊԱՀԱՆՋՈՎ` ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «պայքարի» մեջ է մտել «Վահրամ Առաջին» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:

Ըստ «Վահրամ Առաջին» ընկերության ներկայացրած փաստարկների` իր եւ ՊԵԿ-ի միջեւ այս տարվա հունվարին կնքվել է Երեւանի Ահարոնյան 12/3 հասցեի ՊԵԿ մասնաշենքի վերանորոգման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր: Հետագայում այս պայմանագրում փոփոխություններ կատարելու նպատակով հուլիսի 11-ին երկու կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի` ընկերությունը մոտավորապես 258 հազար դրամի կատարված աշխատանքների կատարողականն ուղարկել է ՊԵԿ-ին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել: Ըստ «Վահրամ Առաջին»-ի` ՊԵԿ-ը «ինչ-ինչ պատճառաբանություններով ձգձգել եւ չի ստորագրել կատարողականը, որն էլ, ըստ էության, խոչընդոտ է հանդիսացել ընկերության համար պայմանագրով նախատեսված հետագա աշխատանքները կատարելու համար»:
Իսկ ահա ՊԵԿ-ն էլ իր փաստարկներն ու դիրքորոշումն ունի: Այսպես, ՊԵԿ-ն էլ իր հերթին պնդում է, որ «Վահրամ Առաջին» ընկերությունը պարտավոր էր մինչեւ այս տարվա սեպտեմբերի 21-ը կատարել 4 մլն 257 հազար 130 դրամի աշխատանքներ, սակայն մինչեւ նշված ժամկետը կատարել է ընդամենը 391 հազար 40 դրամի աշխատանք: Ըստ ՊԵԿ-ի` ընկերությունը խախտել է պայմանագրի էական պայմանները: Արդյունքում ՊԵԿ-ը ստիպված է եղել միակողմանի մասնակի լուծարել պայմանագիրը 3 մլն 866 հազար 90 դրամ չկատարված աշխատանքների մասով: Բայց մյուս կողմից` ըստ ՊԵԿ-ի` ընկերությունը պարտավորվել է աշխատանքների 100 տոկոսը կատարել անձամբ, պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում, իր ուժերով, գործիքներով, մեխանիզմներով, ինչպես նաեւ անհրաժեշտ նյութերով ու պատշաճ որակով: Հակառակ դեպքում աշխատանքները սահմանված ժամկետում չկատարելու հետեւանքով ընկերության նկատմամբ տուգանքներ ու տույժեր են կիրառվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊԵԿ-ը հոկտեմբերի 5-ին միակողմանի մասնակի լուծարել է երկու կողմերի միջեւ կնքված պայմանագիրը: Բացի այս, ՊԵԿ-ը պնդում է նաեւ, որ ընկերությանը դեռեւս սեպտեմբերի 17-ին նախազգուշացրել է պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարել, հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր ու տուգանքներ:
Ըստ կնքված պայմանագրի` կապալառուն, այս դեպքում` «Վահրամ Առաջին»-ը, պարտավորվում է սահմանված կարգով կատարել վերանորոգման աշխատանքները, իսկ պատվիրատուն` ՊԵԿ-ը, իր հերթին պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը եւ վարձատրել դրա համար:
Ի դեպ, պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծարել պայմանագիրը եւ պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները այն դեպքում, երբ կապալառուն ժամանակին չի սկսում աշխատանքի կատարումը կամ այն այնքան դանդաղ է կատարում, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, կամ էլ խախտել է պայմանագրում նախատեսված ժամկետը:
Բայց ընկերությունը ընդամենը կատարել է 391 հազար 40 դրամի աշխատանք, որոնց համար ներկայացվել է կատարողական ակտ միայն 285 հազար 379 դրամի կատարված աշխատանքների մասով: Իսկ 105 հազար 661 դրամի չափով կատարված աշխատանքների համար կատարողական ակտ չի ներկայացվել: Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է բավարարել ՊԵԿ-ի` «Վահրամ Առաջին» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պահանջը: Ի դեպ, ընկերությունը սեւ ցուցակում կմնա դեռ երկու տարի:
Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վահրամ Առաջին» ընկերությունը ստեղծվել է 2014 թվականին, իսկ հիմնադիրն է Վալերիկ Վարդանյանը: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերությունը մի քանի անգամ մասնակցել է պետական գնումների գործընթացներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն անհաջող:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՊՕՐԻՆԻ
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որեւէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին` շարունակել են շինարարությունը` ամեն օր խախտելով օրենքը»,-նշել է Հայկ Մարությանը: Նա անդրադարձել է նաեւ աղբահանության խնդրին. քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հսկողության տակ պահել բնակելի շենքերի աղբամուղերի մաքրումն ու ախտահանումը:

 

 

ՍԱՔՈՒԼԻԿԸ ԱԶԱՏՎԵՑ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: «Դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ժամանակին նախարար Սեյրան Օհանյանը տնտեսագիտական համալսարանի անձնակազմին պարգեւատրումներ էր արել. մասնավորապես, Վազգեն Սարգսյանի անվան մեդալով է պարգեւատրել Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորին` Սեւակ Խաչատրյանին: Հիշեցնենք նաեւ, որ 2013թ-ի դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ ՀԿ երիտթեւը Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ խոչընդոտել էր լրագրողների աշխատանքին: Որոշ ժամանակ անց «սաքուլիկ» Սեւակ Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ
ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվել է ««Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ խաղադրույք անողների թիվը տատանվում է` կախված սպորտային իրադարձությունից: Բացի այդ, ըստ նրա` ՀՀ-ում խաղում է 60-62.000 մարդ, որից 2000-ը համարվում է խաղամոլ, խոցելի է: «Կարծում եմ, որ հավաքարարը, լավ ՏՏ մասնագետն իրեն, այդուհանդերձ, աշխատանք կգտնի, բայց այն մարդը, որ կործանվում է, դժվար»,- ասել է նա: Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանն էլ նշել է, թե դա բավական մեծ աշխատատեղեր են. «Կտրուկ փակել ամեն ինչ, այս մոտեցումն այդքան էլ չեմ կիսում: Ի վերջո, աշխատատեղերի խնդիր կա»: Այս նախագիծը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել, սակայն այսօր կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստին:

 

 

ՄՈՐ ՄՈՏ
Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի կարծիքով` փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: «Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է եւ կարիք ունի աջակցության»,- ասել է Մ. Թանդիլյանը: Ըստ նախարարի պաշտոնակատարի` խորքային ուսումնասիրել է դեպքը եւ տեսել հնարավորությունը, որ երեխաները մեծանան իրենց կենսաբանական մոր հետ, ինչն էլ բխում է փոքրիկների լավագույն շահից: Հիմա աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել նրանց առողջ եւ բարեկեցիկ մանկությունը: Վերջիններիս մայրն ապրում է Երեւանում, վարձով: Նշենք, որ երկվորյակներն այս պահին գտնվում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը:

 

 

ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԼԱՐՍՈՒՄ
Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ մոտ 2 կմ տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են:




Լրահոս