ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ն լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը: Միայն թե առայժմ ՀՔԾ-ն պաշտոնապես չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ լրացումներ է կատարել նրա մեղադրանքում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Քոչարյանին ոչ թե նոր հոդվածով մեղադրանք է առաջադրվել, այլ հայտնի դրվագներով ավելի է մանրամասնվել առաջադրված մեղադրանքը, նաեւ հիշատակումներ կան լրացուցիչ գործողությունների մասին: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրացնելը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին, հակառակ սպասումների` նա կարծես թե չի ձեւավորել որեւէ ուժ, որին սատարի ԱԺ ընտրություններին: Այնպես որ, ՀՔԾ քայլը չի կարելի որակել իշխանությունների կողմից նրան լռեցնելու փորձ: Բայց ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ: Եւ վճռաբեկ դատարանի որոշմանն ընդառաջ ՀՔԾ-ն իր այս քայլով լրացուցիչ հիմքեր է ստեղծում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման հասնելու համար: Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, նաեւ հետաքրքիր կլիներ ի վերջո իմանալ, թե այս գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ինչ նոր փաստեր է բերել ՀՔԾ-ն:

 

 

 

«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, որ նախկինում Երեւանի ավագանու անդամ էր ընտրվել ՀՀԿ ցուցակով: Ընդ որում, նա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է եղել այն դեպքում, երբ միաժամանակ հանդիսացել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կետիկյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասել է. « Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»: Կետիկյանը նաեւ հաստատել է, որ ինքը «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու:

 

 

 

Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված: Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաեւ, որ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասացին, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված:

 

 

 

Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին: Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաեւ տարեսկզբի համեմատ. հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր: Այս տեղաշարժը, թերեւս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետեւանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղղում են եղած պարտքը սպասարկելուն: Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետական պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն:

 

 

 

ՎՃՌՈՐՈՇ ՉԷԻՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «Դաշնակցություն»-ը չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ իրենց ձայնը վճռորոշ չէ: «Մենք այլեւս չենք լինի այդպիսի կոալիցիաների մեջ, որտեղ առանց «Դաշնակցության» կարող են որոշումներ ընդունել: Սա երեւի մեր անցած ճանապարհի ամենագլխավոր գնահատականն է»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիան մի քիչ տրամաբանություն ուներ իր մեջ, քանի որ առանց ՀՅԴ-ի չէին կարողանում 3/5-րդ ձայն ապահովել ԱԺ-ում, իսկ մնացած դեպքերում ՀՅԴ ձայնը վճռորոշ չի եղել:
Եթե անկեղծ, ապա Արմեն Ռուստամյանը միանգամայն ճիշտ է: Նորանկախ Հայաստանում ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել չորս անգամ՝ 2003, 2008, 2016 եւ 2018 թվականներին: Առաջին երեք կոալիցիաները կազմվել էին նախկին իշխանությունների օրոք, որտեղ թելադրողը միշտ եղել է ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ ձայնը վճռորոշ չի եղել: Ու դա առավել քան ակնհայտ է եղել: Եւ ընդհանրապես, այդ մասին շատ-շատ է խոսվել ամենատարբեր մակարդակներում: Սակայն այն ժամանակ ՀՅԴ-ականներն ուշադրություն չէին դարձնում նման հարցերին, ընդհակառակը, փորձում էին համոզել, թե ինչ անում, հանուն ազգի ու երկրի ապագայի են անում, մինչդեռ իրականում իշխանության մաս կազմելով՝ փորձում էին իրենց բաժին պատառ հացը փախցնել իշխանական կերակրատաշտից:
Այստեղ հետաքրքրականն այն է, որ ՀՀԿ իշխանության օրոք կազմված կոալիցիաներում ՀՅԴ-ն թեեւ վճռորոշ ձայն չուներ, բայց նրանց ներկայությունն օրվա իշխանություններին խիստ անհրաժեշտ էր: 2008թ. կոալիցիայում ՀՅԴ-ի, նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայությունը ՀՀԿ կողքին անհրաժեշտ էր՝ լեգիտիմացնելու մարտի 1-ի ոճրագործությունը, ցույց տալու, թե անգամ դրանից հետո նախագահական ընտրությունների մասնակից ուժերից ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կողքին են՝ նրա հետ կիսելով իշխանությունը:
2016թ. կոալիցիայում ՀՅԴ ներկայությունը ՀՀԿ-ին պետք էր լեգիտիմացնելու սահմանադրական կեղծված հանրաքվեն. չէ՞ որ այն ժամանակ ՀՀԿ-ն նպատակ ուներ սահմանադրորեն ապահովել Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակականությունը, եւ այս հարցում նրան պետք էին կողմնակիցներ:
Այնպես որ, ժամանակին ՀՅԴ-ն գիտակցված է ՀՀԿ-ի հետ գնացել կոալիցիոն համագործակցության՝ քաջ իմանալով, որ իր ձայնը վճռորոշ չէ:
Ինչ վերաբերում է առաջիկայում ՀՅԴ-ի հետ կոալիցիաներ կազմելուն, ապա հազիվ թե նրան հաջողվի դա. նոր իրողությունների պայմաններում ՀՅԴ-ն դեռ պետք է անցնի խորհրդարան, որպեսզի մտածի իշխանության մեջ տեղ ունենալ-չունենալու մասին:




Լրահոս