Ինչպես հայտնի է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ հյուրանոցները: Թեեւ Հայաստանում ավելանում է հյուրանոցների թիվը, բայց դրանց կողմից վճարվող հարկերը այդքան էլ մեծ չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 33-րդ տեղում հայտնվել է Վերին Պտղնիում հյուրանոց եւ խաղատուն շահագործող «Օնիրա Քլաբ» ընկերությունը: Այս տարվա երրորդ եռամսյակում այն պետական բյուջե վճարել է 3 մլրդ 581 մլն 884 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 557 մլն 301 հազար դրամ: Նշենք, որ ընկերությունը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Պարզվում է` Ծառուկյաններին պատկանող ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելի քան 24.5 մլն դրամով ավելացրել է հարկերը: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շահագործում է «Մուլտի Գրանդ Հոթել»-ը: Մյուս կողմից` նկատենք, որ «Օնիրա Քլաբ»-ի հարկային վճարումների աճը կապված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ: Չէ՞ որ ընկերությունը շահագործում է նաեւ Հայաստանի խոշոր խաղատունը` «Շանգրի Լա»-ն: Եւ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից հնարավոր չէ ասել, թե «Մուլտի Գրանդ Հոթել»-ը կոնկրետ ինչքան հարկ է վճարել այս եւ նախորդ երրորդ եռամսյակներում:
Մյուս խոշոր հարկատուն «Արմենիա հյուրանոցային համալիր»-ն է: Խոշորների ցանկում այն զբաղեցնում է 178-րդ տեղը` 1.46 մլրդ դրամի 676 մլն 174 հազար դրամ հարկերով: Ինչպես նախորդը, «Արմենիա հյուրանոցային համալիր»-ը եւս նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ մոտ 72 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները: Հյուրանոցային համալիրը պետական բյուջե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 604 մլն 151 հազար դրամ հարկ ու տուրք:
Խոշոր հարկատուների շարքում է նաեւ «Անի Պլազա Հոթել»-ը, որը այս տարվա երրորդ եռամսյակում պետբյուջե վճարել է 386 մլն 177 հազար դրամ հարկ: Հանրության շրջանում հայտնի «Անի» հյուրանոցը թեկուզ չնչին, բայց այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է հարկային վճարումները: Ըստ ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի` «Անի» հյուրանոցը նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարել է 385 մլն 630 հազար դրամ հարկ:
Իսկ ահա «Փարիզ հոթել»-ը, հակառակը, նվազեցրել է հարկային վճարումները: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` «Փարիզ» հյուրանոցը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 110 մլն 315 հազար դրամ հարկ ու տուրք, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 115 մլն 988 հազար դրամ:
«Երեւան հյուրանոց»-ը ոչ միայն տեղ է գտել խոշորների ցանկում, այլեւ ավելացրել է հարկային վճարումները: Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակում հյուրանոցը պետական բյուջե վճարել է 216 մլն 763 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 361 մլն 123 հազար դրամ հարկ ու տուրք:
Իսկ «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ընկերությունը, որը շահագործում է Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» եւ Երեւանում գտնվող «Ռեդիսսոն բլու» հյուրանոցները, զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում կատարել է 118 մլն 351 հազար դրամի հարկային վճարումներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը կազմել են 261 մլն 716 հազար դրամ:
Հ.Գ. Ի դեպ, հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին զբաղված են եղել բոլոր հյուրանոցները: Այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերը ստիպված են եղել տեղավորվել Երեւանից դուրս գտնվող հյուրանոցներում, անգամ մոթելներում կամ վարձու տներում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Տավուշի մարզում վերջին տարիներին ամենամեծ ֆինանսական ներդրումները կատարվել են Դիլիջանում, ուր բացվել է միջազգային դպրոց, ՀՀ կենտրոնական բանկի գիտաուսումնական կենտրոն, վերագործարկվել են շուրջ երեք տասնյակ առողջարաններ, հյուրանոցներ, նաեւ տասնյակ մասնավոր հյուրատներ են շահագործման հանձնվել: Այդ օբյեկտներում Երեւանի, Հայաստանի այլ քաղաքների բնակիչներ էլ են աշխատում, սակայն դրանցում Դիլիջանի բնակիչներն էլ քիչ չեն: Սակայն կարծես դա չի ազդում Դիլիջանի տարածաշրջանում գործազրկության մակարդակի վրա: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր էր Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքել, սակայն այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ: Դիլիջանում աշխատանք չունեցողների քանակն ավելի մեծ է, քան մարզի մյուս` սահմանամերձ Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության` Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության` 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 5175 աշխատանք փնտրող անձ, որից Իջեւանի տարածաշրջանում` 1755, Դիլիջանում` 1852, Բերդում` 563, Նոյեմբերյանում` 1005:
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը կրկին փորձում է ակտիվ քաղաքական կյանք վերադառնալ: Նա օրերս այցելել է Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում` Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակ: Հ. Աբովյանը միայնակ նստել է այդ գրասենյակում եւ առանց որեւէ մեկի հետ շփվելու հեռացել: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին` իր 54-ամյակի օրը, Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Հ. Աբովյանը չէր զբաղվում քաղաքական հարցերով, հասարակական վայրերում չէր լինում: Արդեն պարզ է, որ Տավուշի մարզում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների մեծ թիվ է լինելու, թեժ պայքար է սպասվում: Նախկին մարզպետը, սակայն, կարծես թե մտադիր է չմասնակցել առաջիկա ընտրություններին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ