«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որը ծագելու է իշխանության եւ հանրության համար, Ազգային Ժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ Դեռեւս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում․ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի եւ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։
Նախնական տեղեկություններով, ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանակելով Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու նապաստակ է խփում․ մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է եւ չի կարող համարժեք պաշտոն չստանալ, մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղեկավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն։
Արայիկ Հարությունյանի պարագայում ասում են՝ կան կոնկրետ խոչընդոտներ։ Մասնավորապես՝ ինչ որ կոմպրոմատ, որն ընդդիմությունը կդնի շրջանառության մեջ եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի որպեսզի կոմպրոմատը «չաշխատի» որոշել են հրաժարվել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից։
Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաեւ դրված։ Նա ցուցակի 38-րդ համարն է, զբաղեցնում է Պետգույքի կառավարման վարչությունը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից էլ դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լենա Նազարյանը՝ կառավարությունը։ Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի կամ առնվազն նախարարի կարգավիճակով։
Ալեն Սիմոնյանի դեպքում թեեւ արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատմամբ ՔՊ վարչությունում խանդ կա եւ որոշակի նեգատիվ վերաբերմունքը, ինչն արտահայտվեց Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ։ Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։
Սակայն ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը որոշելու է խաղաքարտերը մինչեւ վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ եւ անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել։ Ոմանց թվում է, թե ռեյտինգային ընտրակարգով տարած քվեների հիման վրա է կատարվելու ապագա պաշտոնաբաշխումը, ուստի այս օրերին քափ-քրտինք մտած ընտրաձայներ են հավաքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: