Ում էին ուղղված բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրենց «վետերոկ»-ները ֆինանսավորելու ակնարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Լոռու մարզում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին կրկին անդրադարձավ նախօրեին ՔՊ վարչության նախագահ, Արցախյան ազատամարտի հրամանատար Սասուն Միքայելյանի դեմ լրատվական արշավին: Հիշում եք՝ Միքայելյանի՝ նախօրեին Թալինի ելույթը ներկայացվեց խեղաթյուրված, որից հետո ե՛ւ ՀՀԿ-ականները, ե՛ւ ՀՅԴ-ականները, ե՛ւ Արցախից պաշտոնյաներ սկսեցին քննադատական հայտարարություններ անել:

Երեկ Փաշինյանը հայտարարեց, թե Միքայելյանին քննադատողները ձայն չհանեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների ժամանակ: «Բա ո՞ւր էիք, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղերը գիտենք, լուսանկարներ ունենք, շատ բան չենք ասում, քանի որ պետական գաղտնիքի հարց կա, ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց «վետերոկ»-ներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանի դեմ արշավին միացել են Արցախցի պաշտոնյաներ՝ ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը, որ ավելի ուշ հեռացրել էր իր ֆեյսբուքյան գրառումը, նաեւ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղահրամանյանը: Ավելին, մեր տեղեկություններով` բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց «վետերոկ»-ները ֆինանսավորելու ակնարկներն ուղղված էին հենց Արշավիր Ղահրամանյանին, քանի որ նա է Արցախում «օբյեկտների» կամ «վետերոկների» սեփականատեր:




Լրահոս