«Մենք» դաշինքի լրատվական ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ վերջին օրերին մամուլում շրջանառվող սոցհարցումների արդյունքները հին են, վերաբերում են հոկտեմբերի 9-29-ի ժամանակահատվածին, երբ դեռ ընտրություններին մասնակցող մի շարք ուժեր (օրինակ՝ «Մենք» դաշինքը) ձևավորված չէին. այսպիսով նմանատիպ հրապարակումները նպատակ ունեն մանիպուլացնել հասարակությանը։
Դաշինքի մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը:
Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ:
Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն շրջանում, երբ «Մենք» դաշինքը (որի Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին) և այլ նոր ուժեր դեռևս ձևավորված չեն եղել և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:
Ակնհայտ է, որ այս տվյալները ավելի վաղ փուլում չհրապարակելը և դրանք ընտրարշավի հենց այս փուլում հրապարակայնացնելը և չհիշատակելը, որ Մենքը և մյուս ուժերը այդ ժամանակ չեն եղել, ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն, հասարակությանը շփոթության մեջ գցելու անհաջող փորձ, ինչու չէ նաև՝ ակնհայտ օժանդակություն որոշ քաղաքական շրջանակների:
Նոր Հայաստանում նման իմիտացիոն երևույթները պետք է տեղ չունենան, և մենք նաև պայքարում ենք, որ բացառենք նման գործելաոճը և իմիտացիոն երևույթները:
Մենք գտնում ենք, որ սա օրենքի ակնհայտ խախտում է և հակաքարոզչություն: Միջազգային դիտորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և այլ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա»