Կաշառք տալու գործով մեղադրվող ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարն ընդունել է իր մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք բաժանել են տարածքի ընտրողներին` ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառմանը տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձնանց, ինչպես նաև կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, բոլոր մեղադրյալներն էլ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են: Այս գործով դատաքննություն դեռևս չի ավարտվել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Նրա խոսքով` առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ողջ շղթան:

«Ծառայությունում քննվող մի քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում` սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ` խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու համար»,- հայտնեց Խաչատրյանը:

Նա նաև հավելեց, որ տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք խուզարկություններ, կատարվել 64 զննություն, առգրավվումներ, մի շարք առերեսումներ, դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմիններին շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ:




Լրահոս