Ամեն ինչում ձախողված ուժը դասեր է տալիս ու վտանգներ տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, թե ինչի են փորձելու հասնել առաջիկա հինգ տարիներին, եթե ընտրությունների արդյունքում գան իշխանության: Մյուս կողմից, իհարկե, բացի «Իմ քայլը» դաշինքից մյուս կուսակցությունները պայքարում են երկրորդ տեղի համար:

Ինչեւէ, ընտրություններին մասնակից ուժերից մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը: Ընդամենը կես ամիս առաջ իշխանությունից հեռացված կուսակցությունը հիմա փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ` տալով տարատեսակ խոստումներ:

2017 թվականի ընտրությունների ժամանակ նրանց ներկայացրած ծրագիրը եւ այժմ արտահերթ ընտրությունների համար ներկայացված ծրագիրը համեմատելիս հետաքրքիր երեւույթների կարող ենք հանդիպել: Այս տարվա ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 7 գլխից, նախորդ տարվանը` 22: Եվ եթե հերթական ընտրությունների ժամանակ, երբ նրանք իշխանություն էին, մանրակրկիտ եւ ծավալուն ծրագիր էին ներկայացրել` տարբեր բաժիններ ընդգրկելով, ապա այս ծրագրում ՀՀԿ-ն շեշտը դրել է Արցախի, արժեքների, ազգ-բանակ հայեցակարգի եւ տնտեսության վրա: Եվ պատահական չէ, որ իրենց կարգախոսները եւս կուսակցության անդամները կառուցել են այս սկզբունքներից ելնելով:

Նախ ինքն իրենով հետաքրքիր է ՀՀԿ ծրագրի հատկապես առաջին հատվածը: Ծրագրի սկզբում մասնավորապես ասվում է. «Մեր երկիրն ապրում է իր նորագույն պատմության ամենափոթորկալից եւ լարված ժամանակահատվածներից մեկը: Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, մեր հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլեւ իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում եւ սրում իրավիճակը Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ»:

Եվ հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացման մասին խոսում է մի ուժ, որի իշխանության տարիներին են հենց մեծացել արտագաղթի ծավալները, ավելացել աղքատության ցուցանիշները: Բավական է միայն նշել, որ ՀՀԿ իշխանության տարիներին արտագաղթել է տարեկան մոտ 40-50 հազար քաղաքացի: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2015 թվականին կազմել է 73.3 հազար, իսկ այժմ կազմում է 76.7 հազար:Եվ սա ընդամենը մեկ թիվ է, այնինչ այլ տվյալներ եւս խոսուն են:

Օրինակ` «Ինչո՞ւ ընտրել մեզ» ենթավերնագրի ներքո գրված է. «Իհարկե, եղել են բացթողումներ, թերություններ եւ սխալներ: Բայց նաեւ մեր գործունեությունը հանիրավի սեւացրել են: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում, չի մրոտվում միայն շարժիչի այն մասը, որը չի աշխատում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը: Բայց դա չպետք է նշանակի մեր գիտելիքների ու փորձի օգտագործման հնարավորության կորուստ Հայաստանի քաղաքացու համար»:

Իսկապես, հետաքրքիր է ՀՀԿ-ի համարձակությունը. քսան տարի շարունակ «սխալվելուց» հետո հիմա փորձում են կրկին վստահության քվե խնդրել: ՈՒ այս առումով հետաքրքիր է՝ ՀՀԿ-ն իր ո՞ր փորձի մասին է խոսում՝ թալանելո՞ւ, կոռուպցիայի՞, անարդյունավետ կառավարմա՞ն, տնտեսության փոշիացմա՞ն, թե՞ ինչ:
Իսկ ահա Արցախի հարցում ՀՀԿ-ն խոստանում է անզիջում լինել ու շարունակում է. «Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է»:Եվ սա ասում է մի իշխանություն, որի կառավարման տարիներին ունեցել ենք 2016 թվականի ապրիլյան պատերազմ եւ 800 հա կորուստ, եւ հետին պլան են մղվել ազատամարտի արժեքները:

Իհարկե 2017 թվականի ՀՀԿ-ի ծրագիրը եղել է խոստումներ, բարձրագոչ հայտարարություններ, որոնք նրանք խոստացել են կյանքի կոչել, սակայն ո՛չ մեկ տարվա ընթացքում, ո՛չ էլ հետագա տարիներին դժվար թե դա իրականացվեր: Իսկ հիմա ՀՀԿ-ն փորձում է խաղալ իշխող ուժի թույլ կողմերի, թերությունների վրա եւ այդպես ընտրողներին իր կողմը գրավել: Գաղտնիք չէ, որ իշխող ուժին ավելի շատ մեղադրում են տնտեսության զարգացման հայեցակարգ չունենալու մեջ, եւ ՀՀԿ-ն եւս իր նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացնում հենց տնտեսության զարգացմանը: Եվ հետաքրքիր է, որ ՀՀԿ-ի ծրագրում մի առանձին գլուխ անվանված է «Մարդը», եւ սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ի իշխանության տարիներին հենց մարդն է անտեսված եղել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս