Որքան հարկ են վճարել գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ առաջատարը «Երեւան գարեջուր» ընկերությունն է: Ի դեպ, նշենք, որ գարեջրի գործարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին է պատկանում: Այսպես, այս ընկերությունը ՀՀ պետական բյուջե այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 1 մլրդ 987 մլն 482 հազար դրամ հարկ ու տուրք`զբաղեցնելով 61-րդ տեղը:

Անցած տարվա նշված ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 1 մլրդ 922 մլն 589 հազար դրամի չափով հարկ: Այսինքն` պատգամավորին պատկանող ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 64 մլն դրամի չափով ավելացրել է հարկային վճարումները:

Նույնն է նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության դեպքում, քանի որ այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է հարկային վճարումները: Քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե կատարել է 1 մլրդ 769 մլն 100 հազար դրամի չափով հարկային վճարում եւ զբաղեցրել 67-րդ տեղը: Նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 1 մլրդ 251 մլն դրամ հարկ` զբաղեցնելով 85-րդ տեղը: Այս ընկերությունը ՊԵԿ ուշադրության կենտրոնում հայտնվեց թավշյա հեղափոխությունից հետո, երբ պարզվել էր՝ 360 մլն դրամ հարկ չի վճարել պետական բյուջե: ՊԵԿ-ն այս մասին հայտարարություն տարածեց հունիսին, իսկ արդեն սեպտեմբերին տեղեկացրեց, որ գործարանը կատարել է հարկային պարտավորությունները:

Ինչեւէ, ըստ մասնագետների` ընկերությունների հարկային վճարումների ավելանալը պայմանավորված է արտադրության եւ իրացման ծավալների աճով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գարեջրի արտադրության ծավալները աճել են 8.4 տոկոսով: Եթե անցած տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 17 մլն 766 հազար լիտր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 19 մլն 259 հազար լիտր գարեջուր: Բայց մասնագետները համոզված են, որ հաջորդ տարում հազար խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունների դասավորումը կփոփոխվի, քանի որ ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:

Իսկ, ահա, «Կոտայքի գարեջրի գործարան»-ը այս տարվա 9 ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 756-րդ տեղը, իսկ պետբյուջե կատարել է 132 մլն 884 հազար դրամի հարկային վճարում: Բայց անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը խոշորների ցանկում տեղ չի գտել: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին:
Հայաստանում կան գարեջրի մի քանի այլ գործարաններ եւս Դիլիջանում, Սեւանում, բայց նրանք խոշոր հարկատուների թվում չեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս