Ռուսաստանը կրկին դառնում է Թրամփի գլխացավանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան խորանում են աշխարհի տարբեր վայրերում առանձին ճգնաժամերը, այնքան կրկին փոթորկվում է ԱՄՆ ներքաղաքական կյանքը: Այս անգամ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ արձանագրված հերթական լարումը նոր թափ է հաղորդել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ամերիկյան լրատվականների ու նախագահի հակառակորդների քննադատությանը: Իսկ պատճառը նույնն է. ըստ նրանց` նախագահը բավարար վճռականություն ու կոշտություն չի ցուցաբերում Պուտինի նկատմամբ:

Ռուսական եւ ուկրաինական փոխհրաձգությունը Կերչի նեղուցում նոր աղմկահարույց սկանդալ առաջացրեց ամբողջ աշխարհում: Ինչպես եւ ակնկալվում էր, ուկրաինացիները մեղադրանքների տարափ ուղղեցին ռուսների հանդեպ, իսկ վերջիններս էլ հայտարարեցին, որ միջադեպի պատճառը բացառապես ուկրաինացիների սադրանքն էր: Եվ քանի որ համաշխարհային տերություններից յուրաքանչյուրն իր շահերն ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բնական է, որ միջադեպն էլ պիտի մեկնաբանվեր բազմապիսի ձեւով: Եվրոպական երկրները փորձեցին քննադատական կեցվածք ընդունել Ռուսաստանի նկատմամբ` դա բացատրելով Ղրիմի բռնակցման հանգամանքով: Եվրոպական տերությունների ղեկավարներն արդեն իսկ զրույցներ ունեցել են Պուտինի ու Պորոշենկոյի հետ` հասկանալու իրավիճակն ու միջադեպը հանգուցալուծելու համար, քանի որ թվացյալ ռազմական խաղաղությունն այս անգամ կարող է կրկին խաթարվել լայնամասշտաբ գործողությունների հանգելով:

Սակայն հաշվի առնելով ուկրաինական հետաքրքրություններն ու ռուսական կողմի պասիվ կեցվածքը` նոր ռազմական լայն գործողություններ հազիվ թե տեղի ունենան: Պորոշենկոն հստակ քայլեր է ձեռնարկում երկրում ռազմական դրություն մտցնելու ուղղությամբ, ինչը ակնհայտորեն ուղղված է ոչ այնքան ռազմական նախապատրաստություններին, որքան սեփական դիրքերը առաջիկա նախագահական ընտրություններում ամրապնդելուն: Այս տեսանկյունից ռուսական շրջանակների հայտարարություններն ավելի արժանահավատ են թվում: Սակայն միջազգային հանրությունն այնքան էլ խորամուխ չեն լինում իրադարձությունների համապարփակ ընկալման ուղղությամբ` նախընտրելով շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության հանդեպ ի սկզբանե որդեգրած դիրքորոշումը:

Այս տեսանկյունից հատկապես աչքի են ընկնում ամերիկյան այն լրատվականներն ու վերլուծաբանները, որոնք թշնամական հարաբերություններ ունեն նախագահ Թրամփի հետ եւ առիթը կրկին օգտագործում են նրան քննադատելու համար: Թրամփը մեկ օր անց միայն անդրադարձավ ռազմական բախմանը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն բոլորովին ուրախ չէ ստեղծված իրադրությամբ եւ իրապես չի ցանկանում տեսնել նման դեպքերի կրկնություն: Ավելին` նա հույս է հայտնել, որ իրավիճակը կմեղմվի կարճ ժամկետում: Ամերիկյան լրատվականները Թրամփին ծանր քննադատության ենթարկեցին` նրա ու նրա վարչակազմի նախնական լռությունը հակադրելով Անգելա Մերքելի, Թերեզա Մեյի խոսնակի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի եւ մյուս երկրների ԱԳ նախարարների ու դեսպանների հայտարարություններին:

Հատուկ ուշադրություն գրավեց Մայք Փոմփեոյի «ընդհատակ» անցնելը, որը միայն Թրամփից հետո գրավոր հայտարարությամբ մեղադրեց երկու կողմերին ու արտահայտեց ամերիկյան մտահոգությունները: Այս նույն տրամաբանությունը շարունակելով` Թրամփին մեղադրեցին նաեւ Ռուսաստանի հանդեպ մեղմ վերաբերմունքի, Ղրիմի բռնակցման հարցում հստակ դիրքորոշում չարտահայտելու ու Պուտինի նկատմամբ բարյացկամության մեջ: Հասարակական-քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացել է այն թեզը, թե Պուտինը շարունակում է ազդեցություն ունենալ Թրամփի վրա եւ վերջինս չի համարձակվում որեւէ քննադատական խոսք հնչեցնել ռուսական գործողությունների վերաբերյալ:

Ի հեճուկս սրա` հակաթրամփյան մեդիայի հերոսն է դարձել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին, որը մեկ ամիս առաջ հայտարարեց տարվա վերջին պաշտոնաթող լինելու մասին: Եվ ահա կաշկանդված չլինելով հետագա պաշտոնավարությամբ` դեսպանը բավականին կոպիտ է արտահայտվել ռուսական գործողությունների վերաբերյալ: Ըստ նրա` տեղի ունեցածն անփույթ լարում էր, որի մեղավորությունը Ռուսաստանինն է: Հեյլին վերջինիս կոչ է արել վերջ տալ ապօրինություններին ու հարգել այլ պետությունների նավավարման իրավունքները: Ռուսական քայլը դեսպանը որակել է որպես Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտող գործողություն, որը Ղրիմի բռնակցման տրամաբանական շարունակությունն էր:

Հղում անելով նախագահի նախկին հայտարարություններին` Հեյլին նկատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եթե վերջինս վերջ տա սադրիչ բնույթի գործողություններին: Կարելի է ենթադրել, որ Հեյլին իրեն որոշակի ազատություն է տվել Ռուսաստանի գործողությունները ՄԱԿ-ի ամբիոնից գնահատելու հարցում, քանի որ նրա հայտարարությունների կոշտությունը, ըստ էության, հակադրվում է նախագահի ու պետքարտուղարի անորոշ ձեւակերպումներին: Կարելի է միայն փաստել, որ Հեյլին այսպիսի վարքագծով նախանշում է իր ապագա քաղաքական գործունեությունը, երբ կարող է հպարտանալով հայտարարել, որ ավելի կոշտ է եղել ռուսական ագրեսիայի հանդեպ, քան նախագահը: Իսկ Թրամփը թերեւս հայտնվել է երկու քարի արանքում, քանի որ չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաեւ չի կարող միակողմանի ջերմացման գնալ:

Ն. Հովսեփյան




Լրահոս