«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկա խորհրդարանական ընտրությունների, նախընտրական թոհուբոհի եւ վերջին շրջանում ամենաշատը քննարկված թեմաների շուրջ զրուցել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ:
–Տիկի՛ն Խոդիկյան, վերջերս բավական բուռն կերպով քննարկվեց ՔՊ վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Հետո պարոն Միքայելյանը վերաձեւակերպեց իր ասածը, բացատրեց, թե ինչ նկատի ուներ:
Նիկոլ Փաշինյանն իր հեթին ներողություն խնդրեց թյուրըմբռնումների համար եւ բոլոր «առիթավորվողների» համար շեշտեց, որ պետք չէ «պաշտպանել» բանակը Սասուն Միքայելյանից, մի մարդուց, որն անձամբ է մասնակցել ազատամարտին եւ իր մաշկի վրա կրում է դրա հետեւանքները: Դուք ի՞նչ տպավորություն ունեք բարձրացված այս աղմուկից: Այս ֆոնին ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն, օրինակ, հայտարարել է, որ այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ «Իշխանություն՝ Արցախի փոխարեն․ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք»,-ասել է նա:
-Ես վստահ եմ, որ եթե, Աստված չանի, զենք բռնելու անհրաժեշտություն լինի, Սասուն Միքայելյանն առաջինը դա կանի եւ կհայտնվի առաջնագծում: Գուցե լեզվի սայթաքում է տեղի ունեցել, թող դա որոշեն հոգեբաններն ու լինգվիստները: Բայց ես գիտեմ, որ հող հանձնել-չհանձնելու խնդիր չկա: Թող այդ հարցը շահարկողները հիշեն 2016-ի Ապրիլյան պատերազմը: Այդքան բան: Իմ սիրելի դասախոս Լեւոն Ներսիսյանը դասախոսություններից մեկի ժամանակ պատմեց, որ մի աստղագետ ասել է, թե 500 տարի հետո երկնքի այսինչ հատվածում աստղ է ծնվելու: Ասաց` կսպասենք ու կտեսնենք: Հիմա նախ ես չեմ հավատում Դավիթ Շահնազարյանին, երկրորդ` ասում եմ` կտեսնենք: Մնացածը թողնում եմ Դավիթ Շահնազարյանի իմացությանն ու խղճին:
-Հետեւու՞մ եք նախընտական քարոզարշավի ընթացքին: Ի՞նչ տպավորություններ ունեք:
-Մի բան խոստովանեմ. եթե ժամանակ էլ ունենամ, քարոզարշավին չեմ հետեւի, բայց կանեմ ամեն ինչ, որպեսզի լսեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչների բանավեճերն ուղիղ եթերում: Այդ պահին նրանք հիմնականում ասում են այն, ինչ ամբարել են, դու տեսնում ես բանախոսների մտքի ճկունությունը: Թող քաղաքական գորիչները դրան ուշադրություն դարձնեն, նորմալ պատրաստվեն բանավեճերին, այլապես էկրանի առջեւ կնստեն ինձ պես մազից մանանեխ ջոկողները, այդ ժամանակ արդեն կխոսենք (ծիծաղում է):
-Ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, այս քարոզարշավի շրջանակում եւս Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «հաստավիզներին «ասֆալտին փռելու եւ պատերով տալու» զգուշացումներով: Դա ոմանք ընկալում են որպես սպառնալիք եւ համատեղելի չեն համարում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հետ: Դուք ի՞նչ կասեք:
-Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ: Եթե այս ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր ասած տրամաբանությամբ շարժվեր, հավատացե՛ք, որ այսօր շատերը, որոնք հանդես են գալիս բարձրագոչ հայտարարություններով, կլռեին: Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել: Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո:
-Տիկի՛ն Խոդիկյան, վերջին վեց ամսում Հայաստանի վարած մշակութային քաղաքականությունից ի՞նչ տպավորություններ ունեք;
-Մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի եւ չի էլ ստացվի: Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց, հավատացե՛ք, տեղյակ եմ ներսի մի շարք խնդիրներից: Հաճախ ներսից հնչող դժգոհությունները «Լավագույն պաշտանությունը հարձակումն է» թեզի արդյունք են: Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ արվել է, ապա ասեմ, որ կարեւորում եմ դպրոցականների շրջանում աբոնեմենտային համակարգի ներդրումը:
Ինքս, երբ դպրոցական էի, օգտվել եմ նմանատիպ ծրագրից եւ «Կարապի լիճը» օպերային թատրոնում դիտել եմ դրա շնորհիվ: Այն, ինչ շատերս տարիներ շարունակ ցանկացել ենք վերականգնել, հաջողվեց անել մշակույթի, կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով: Դա ինձ շատ է ուրախացնում: Կարծում եմ` առաջիկայում էլի կիրականացվեն արդյունավետ ծրագրեր:
Աննա Բաբաջանյան