ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող ընկերությունը բախվել է մի շարք դժվարությունների: Պարզվում է` Տանզանիայից ներդրողը չի կարողանում գալ Հայաստան. վիզա չունի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցած տարվա վերջին: Իսկ կոկորդիլոսի բուծարան հիմնելու ծրագիրը «Արմոն» ընկերությանն է: Վարձակալության է վերցվել 15 հա տարածք: Ընկերությունը նախատեսում է ներդրումների ծավալները հասցնել 10 մլն դոլարի: Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 300-500 աշխատատեղ, իսկ կոկորդիլոսների հետ պետք է աշխատեն դրսից եկած մասնագետները: Կոկորդիլոսի բուծման համար ներկրվելու է նեղոսյան կոկորդիլոսի 100 ձու, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 1000-ի: Կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը արտերկրում է սպառվելու: Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արեւելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին` Եվրոպա: Նշենք, որ «Արմոն» ընկերությունը ստեղծվել է անցած տարում, իսկ հիմնադիրն է Խաչատուր Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը եւ Սամվել Ղուկասյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Արմոն» ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Ինչո՞ւ:
-Չգիտեմ, թե ինչու է սահմանափակում կիրառվել: Հիմնարկությունը գրանցվել է անցած տարում, բայց դեռեւս ոչ մի գործունեություն չի ծավալել:
-Ե՞րբ է ընկերությունը սկսելու գործունեություն ծավալել:
-Հիմա զբաղված ենք թղթաբանական հարցերով, փորձում ենք ՊԵԿ-ից կոկորդիլոսի ձու ներկրելու թույլտվություն ստանալ: Գիտե՞ք, երկրում ամեն ինչ խառն է, ամեն մարդ զբաղված է ընտրություններով: Հավանաբար, մարտից սկսենք ծրագիրը իրագործել:
-Ծրագիրը մեծ աղմուկ է բարձրացրել որոշ բնապահպանների շրջանում: Նրանք դեմ են արտահայտվել ծրագրին…
-Դե հիմա բոլորն էլ ասում են, որ իրենք բնապահպան են, բայց ես չեմ տեսել իրենց բնապահպանի լիցենզիան: Ես կարդում եմ իրենց մեկնաբանությունները, հիմնավորումները, դրանք շատ անգրագետ են եւ մասնագիտական տեսանկյունից ողջունելի չեն: Ես 15 տարի Աֆրիկայում եմ ապրել, աֆրիկացիները ավելի գրագետ են, քան մերոնք: Թող ներեն ինձ այս խոսքերիս համար:
-Իսկ կոկորդիլոսի ձուն ներկրե՞լ եք, թե՞ ճանապարհին է…
-Նախատեսվում է կոկորդիլոսի ձուն ներկրել հաջորդ տարվա մարտին: Խնդիրներ շատ կան: Առաջնահերթ խնդիրը կապված է հենց կոկորդիլոսի ձվի ներկրման հետ: Դրանք ավտոբուսով չեն գալիս, այլ ինքնաթիռով:
-Բայց կոկորդիլոսի ձու ներկրելու հետ կապված կոնկրետ ի՞նչ խնդիր կա:
-Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու. դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չի իմանում: Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետեւ Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն` դա թռչուն է, թե կենդանի: Դրա համար օրենսդրական փոփոխություն է պետք անել, հետեւաբար, մենք պետք է սպասենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին, նոր պատգամավորներ գան, նոր որոշումներ ընդունվեն:
-Հիմա` այս պահի դրությամբ, կա՞ կառույց, որը զբաղվում է այդ օրենսդրական փոփոխություններով:
-Մաքսայինի հետ խնդիր ունենք, բանկերի հետ` նույնպես: Ամեն ինչ շատ դանդաղ է Հայաստանում: Ինչ հարցով, որ կառույցին դիմում ենք, ամիսներ է քաշում, մինչեւ պատասխան ենք ստանում: Օրինակ` մինչեւ այսօր մեզ չեն պատասխանում` կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ` ինձ սերտիֆիկատ տո՛ւր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ: Մարդիկ ձու են ներկրում վաճառելու նպատակով, բայց կոկորդիլոսի ձու չես կարող բերել, վաճառել: Ձուն ձու է: Հիմա ի՞նչ անի պետական եկամուտների կոմիտեն: Ոչ ոք էլ չի զբաղվում, մեկն ուղարկում է մյուսին, մյուսը` էն մյուսին ու այդպես հաջորդաբար: Ամեն շաբաթը մեկ վարչության պետ է փոխվում, մեկ` նախարար:
-Բացի այս, այլ ի՞նչ խնդիրներ կան…
-Լրացուցիչ այլ խնդիրներ ունենք. ներդրողը չի կարողանում գալ Հայաստան, որովհետեւ պետք է վիզա ստանա Եգիպտոսից, իսկ Կահիրե գնալու համար եւս վիզա է անհրաժեշտ: Կառավարությունը տեղյակ է, կա 329 որոշում, որ պետք է վերանայեն: Բայց դա անելու համար պետք է դիմեն արտաքին գործերի նախարարություն, այս գերատեսչությունն էլ իր հերթին պետք է դիմի Ազգային անվտանգության ծառայություն: Կարճ ասած` մի երկար շղթա է. եթե մի դիմում ես գրում, պետք է վեց ամիս սպասես պատասխանին:
-Հնարավո՞ր է այս ձգձգումների արդյունքում ներդրողը հիասթափվի եւ հրաժարվի իր որոշումից:
-Ինչի՞ չի կարող. մարդ ու կնիկ զագսով ամուսնանում են, հետո բաժանվում (ծիծաղում է-Ս.Հ.): Եթե ես ցանկություն եւ փող ունեմ եւ ուզում եմ մի տեղ ներդրում անել, բայց այն ձգձգվում է, կասեմ` դա էլ ինձ չի հետաքրքրում: Մենք ունենք նաեւ կադաստրի հետ խնդիր… Հայաստանում ինչի ձեռք տաս, խնդիր է: Արարատի մարզում մեզ հատկացված հողատարածքը երկու գյուղի է պատկանում, ամեն ինչ այնքան խառն է այստեղ, չեք պատկերացնի: Մենք կառավարության պատասխանին կսպասենք մինչեւ տարեվերջ: Բայց նշեմ, որ մեզ առաջարկում են ծրագիրը իրագործել հարեւան Վրաստանում: Եթե այստեղ չհաջողվի, Վրաստանում կիրագործենք:
-Պարո՛ն Սարգսյան, կոկորդիլոսի բուծարան ստեղծելու համար ինչո՞ւ է ընտրվել Դաշտավան գյուղը: Հնարավոր չէ՞ր այլ մարզում նման ծրագիր իրագործել:
-Մենք դիմել էինք Արմավիրի մարզպետարան, բայց նրանք շատ դանդաղ էին: Մեզ Արարատի մարզում արդեն հող էին հատկացրել, երբ Արմավիրի մարզպետարանից զանգեցին եւ ասեցին`եկեք հանդիպենք ու զրուցենք: Գիտեք` մեզ մոտ ամեն ինչ դանդաղ է:
-Դուք ազգակցական կապեր ունե՞ք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ:
-Մենք երկուսս էլ հայ ենք: Ես լեննականցի, ինքն էլ` արարատցի: Սերժն էլ է Սարգսյան, Տիգրանն էլ է Սարգսյան: Բայց ոչ մեկի հետ ես ազգակցական կապեր չեմ ունեցել (ծիծաղում է-Ս.Հ.):
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԴԺՎԱՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի, ՀՀԿ-ից Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի պատգամավորության թեկնածու առաջադրման լուրը անհանգստություն է առաջացրել մարզի մի շարք համայնքների ղեկավարների, առողջապահական հիմնարկությունների, դպրոցների, սոցիալական համակարգի պետական հիմնարկությունների տնօրենների շրջանում: Նրանց մեծ մասը նախկինում եղել են ՀՀԿ անդամ, սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո իրենց կենսագրության մեջ ներկայանում են որպես անկուսակցականներ: Նրանցից ոմանք տնօրեն են դարձել կամ հովանավորվել են որպես մարզպետ Հ. Աբովյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում` 2014-2018 թվականների ընթացքում: Նրանք այդ առումով որոշակի բարոյական պարտք ունեն նախկին մարզպետի հանդեպ, սակայն նշված պետական հիմնարկությունների տնօրենները գերադասում են իրենց դիրքորոշումը բացահայտ ցույց չտալ, քանզի չեն ցանկանում նոր իշխանության հետ խնդիրներ ունենալ: Հովիկ Աբովյանը շատ քվեներ կարող է ստանալ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում` իր հայրենի Կողբ գյուղում, ուր միջպետական ավտոճանապարհի եզրին առանձնատուն եւ ավտոգազալցավորման ճնշման կայան ունի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ