Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն ընտրություններին ընդառաջ փնտրում էր ռեյտինգային թեկնածուներին, որոնք սիրված են իրենց բնակավայրերում եւ կարող են ձայներ ապահովել կուսակցության համար: Քննարկվող հնարավոր թեկնածուներից մեկն էլ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն էր, որը պետք է առաջադրվեր Լոռու մարզում: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, վերջինս ոչ միայն չառաջադրվեց, այլեւ նրա անունը չկա ՀՀԿ համամասնական ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, շատ էր շրջանառվում այն մասին, որ Դուք լինելու եք ՀՀԿ-ի ցուցակում, սակայն ինչպես տեսանք, չկաք ցուցակում: Ինչո՞ւ, առաջարկ չի՞ եղել:
-Ես ՀՀԿ անդամ եմ, եւ խնդիրը չի կարող լինել առաջարկել-չառաջարկելու հետ կապված: Ուղղակի որոշեցի, որ չպիտի առաջադրվել: Իրոք, շատ շնորհակալ եմ այն մտահոգ սպիտակցիներին, ովքեր այս ընթացքում անընդհատ զանգում էին ինձ, հարցնում էին` ինչ եմ անելու: Այս պահին, այս փուլում այդպես որոշեցի:
-Ո՞րն է դրդապատճառը:
-Որեւէ դրդապատճառ չկա: Շատ պարզ ու շիտակ ձեւով էդպես եմ որոշել, տողատակեր չկան, ենթատեքստեր չկան:
-Ընդհանրապես չե՞ք լինելու քաղաքականության մեջ:
-Երբ մի անգամ քաղաքականությամբ զբաղվում ես, դրանից հետո ստիպված ես լինում ապրել դրանով: Երկու տարի է` պատգամավոր չեմ, բայց մշտապես շատ հարցերով զբաղվել եմ, հարցազրույցներ եմ տվել եւ այլն: Իմ լավ գործընկերները առաջադրվել են Լոռու մարզում, խոսքս Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի մասին է: Այն գործընկերս, ով կունենա աջակցության կարիք եւ անպայման պետք է լինի խորհրդարանում, հատկապես Էդուարդ Շարմազանովը, անաչառ ձեւով աջակցելու եմ իմ թիմով: Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում, եւ մարդիկ չտխրեն: Իսկ ինձ հետ կապված ասեմ, որ անկախ նրանից, թե ինչ ձեւաչափով կսկսեմ աշխատել իմ քաղաքացիների հետ, նրանց դարդ ու ցավը լսելի եմ դարձնելու ամենաբարձր մակարդակներում:
-Դուք համաձա՞յն եք, որ ՀՀԿ ցուցակը Վիգեն Սարգսյանն է գլխավորում: Նա լավագո՞ւյն տարբերակն է այդ տեղի համար:
-Կողմ եմ, որ նա է գլխավորում: Չեմ կարծում, որ պետք է հարցադրումը հնչեցնել այնպես, որ լավագույն լուծումը չէր եւ այլն: Եթե նայենք նրա անցած ճանապարհին, նրա ինտելեկտուալ, մարդկային հատկանիշներին, կարող եմ ասել, որ պետք է այդ տեսակը ոչ միայն գլխավորի ցուցակը, այլեւ անպայման լինի պառլամենտում: Քարոզարշավի ժամանակ բոլորը կտեսնեն, որ նա լավագույն ընտրությունն է: ՀՀԿ-ն խորհրդարանում ընդդիմություն է լինելու, իսկ ընդդիմության քայլերը պետք է լինեն այնքան ճիշտ եւ փաստարկված, որ լինի համոզիչ եւ կարողանա կառավարությանը մշտապես զգոն պահել եւ տանել առաջ: Որպես 9 տարվա փորձ ունեցող պատգամավոր` կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին, որ բոլոր խոսքերը, քննադատությունները լինեն միայն քաղաքական, եւ վերանա ատելությունը:
-Քաղաքացիների մտահոգությունը կարծես կապված է հենց Ձեր անձի հետ, ոչ թե կոնկրետ ՀՀԿ-ի: Այնուամենայնիվ, տեսնելով ընդհանուր տրամադրությունները` ի՞նչ եք կարծում, հասարակության մոտ կա՞ այն պահանջը, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին:
-Այո, ես տեսնում եմ այդ պահանջը: Երբ ասում են, թե ռեյտինգայինը սխալ է, պետք է հաշվի առնել, որ բնակիչները իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են իրենց տարածքում ընտրված պատգամավորի միջոցով: Եթե քաղաքական համակարգը փոխվի, եւ հասարակությունը կարողանա, օրինակ, կուսակցություններին նամակներ գրելով բարձրաձայնել իր խնդիրների մասին, դա ուրիշ բան: Բայց մեր քաղաքացիները իրենց խնդիրները բարձրաձայնում են իրենց տարածքում ընտրված պատգամավորների միջոցով: Եվ, օրինակ, իմ մասով կարող եմ ասել, որ իմ բարձրաձայնած խնդիրների մեծ մասը լուծում է ստացել: Հիմա մեր խնդիրը հետեւյալն է. այս փուլում գոնե չպիտի փորձենք պատգամավորներին կտրել ժողովրդից: Եթե քաղաքական ուժերը առանձին տարածքներում չունենան առաջադրված թեկնածուներ, ապա այս փուլում դժվար է լինելու նրանց ձայնը լսելի դարձնելը: Համամասնական ցուցակով անցած ցանկացած պատգամավոր հետագայում խնդիր է ունենում շփվելու բնակչության հետ: Ասում է` ես ցուցակով եմ անցել: Զոր օրինակ` Էդմոն Մարուքյանը. երբ մեծամասնականով էր անցել, ամբողջ օրը այստեղ էր, երբ չանցավ, գնաց համամասնականով ընտրվեց, ինքն էլ կփաստի, որ վերջին ժամանակներս այն եռանդով չէր աշխատում, որով պետք էր:
-Պարո՛ն Սահակյան, այսքան բանից հետո իրոք զարմանալի է, որ չեք առաջադրվել:
-Ես էլի շփվում եմ ժողովրդի հետ: Ոչինչ չի փոխվելու:
-Ըստ Ձեզ` ՀՀԿ-ն կլինի՞ խորհրդարանում, եւ եթե այո, ապա ո՞ր տեղում:
-Եթե ասեք, որ որեւէ սոցիոլոգ կարող է ինչ-որ թվեր ասել, ես կարծում եմ` դա սխալ կլինի, որովհետու այն էյֆորիան, որը գոյություն ուներ 6 ամիս առաջ, կարող ենք փաստել, որ այլեւս չկա: Որվհետեւ, օրինակ, արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Եթե մեզ այն ժամանակ ասում էին ռուսահպատակներ, ապա կարող եմ ասել, որ հիմա իրենք մեզնից հպատակ են: Ներքին խնդիրների հետ կապված էլ ոչ մի շոշափելի փոփոխություն չկա: ՀՀԿ-ն կլինի պառլամենտում` որպես կարեւոր դերակատարում ունեցող քաղաքական թեւ, որը ընդդիմություն է լինելու: Եվ դա մեծ օգուտ է կառավարությանը: Ընդդիմություն լինելը չի նշանակում չարախնդալ, չի նշանակում, որ պետք է ամեն բան անել, որ կառավարությունը ձախողի: Պետք է ունենանք ուժեղ ընդդիմություն, որ կարողանանք շատ մարտահրավերների դիմակայել:
-Համաձա՞յն եք պարոն Շարմազանովի այն մտքի հետ, որ հիմա միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն:
-Բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, կառավարությանը միշտ երկու ձեռքով ծափ են տվել: Իրենց պատառոտելով` ասում են` մենք ենք եղել իր կողքին, մենք ենք հեղափոխություն արել, մենք ենք իր կողքը կանգնած եւ այլն: Հիմա, երբ ընտրություններ են, որոշել են ասել, որ իրենք ընդդիմություն են: Փաշինյանն ասաց, որ խորհրդարանում 4 հոգու էր վստահում, երբ վարչապետ դարձավ, իսկ մյուսները ասում են` բա մե՞նք, բա մե՞նք: Հետո ասում են` ընդդիմություն են, էդպես ո՞նց կլինի: Իսկ Շարմազանովի խոսքերը միայն ազնիվ են:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ
Քաղաքական ուժերի` ԿԸՀ ներկայացրած ընտրացուցակներն ուսումնասիրելիս հետաքրքիր փոփոխությունների կարող ենք հանդիպել: Խոսքը ոչ միայն ընտրացուցակների բովանդակությանն է վերաբերում, այլեւ որպես թեկնածու ընտրություններին մասնակցել ցանկացող անձանց թվին:
Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունը 2017 թվականին ներկայացրել էր 197 հոգուց բաղկացած համամասնական ցուցակ, որից, սակայն, ոչ բոլորն են առաջադրված եղել նաեւ վարկանիշային ընտրակարգով: Այս տարի ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգուց, սակայն առանց բացառության բոլորն էլ առաջադրված են նաեւ վարկանիշային ընտրակարգով:
ԲՀԿ-ն այս տարի ներկայացրել է 175 հոգուց բաղկացած համամասնական ցուցակ, եւ միայն Գագիկ Ծառուկյանն է, որ չի առաջադրվի վարկանիշային ընտրակարգով: Նախորդ տարի կուսակցությունն ընտրություններին մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքով եւ ներկայացրել էր 188 հոգուց բաղկացած համամասնական ցուցակ:
«Իմ քայլը» դաշինքը ընտրություններին ներկայացրել է 183 հոգուց բաղկացած ցուցակով, որտեղ կան նաեւ անկուսակցականներ: Եվ այս ցանկից միայն ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն է ընտրություններին մասնակցում ոչ վարկանիշային ընտրակարգով: Օրինակ` նախորդ տարի «Ելք» դաշինքը, որ կազմված էր «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, 125 թեկնածուից բաղկացած ցուցակ էր ներկայացրել:
ՀՅԴ-ն այս տարի ներկայացրել է 152 հոգուց բաղկացած ցուցակ` նախորդ տարվա 176 հոգու փոխարեն: «Սասնա Ծռեր» կուսակցությունը ներկայացրել է 175 հոգուց բաղկացած ցուցակ, իսկ «Մենք» դաշինքն էլ` 144: ՕԵԿ-ի ընտրացուցակը բաղկացած է 137 հոգուց, նախորդ տարի կուսակցությունն ընտրություններին մասնակցում էր «Հայկական վերածնունդ» անվամբ եւ ներկայացրել էր 300 հոգուց բաղկացած ցուցակ, սակայն այդպես էլ խորհրդարան չէր մտել:
Ընդհանուր առմամբ, նախորդ ընտրություններում համամասնական թեկնածուների թիվը կազմել էր 1407, իսկ ընտրություններին մասնակից ուժերի թիվը` 8: Այս տարի ընտրություններին մասնակցելու է 11 ուժ եւ թեկնածուների թիվն էլ կարող է փոխվել, չնայած նկատենք, որ «Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցությունը» ներկայացրել է 87 հոգանոց, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ` 91 հոգանոց ցուցակ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆՀԱՄԱՉԱՓ ԴԱՇԻՆՔ
ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է «Առաքելություն» կուսակցության հետ «Իմ քայլը» դաշինքով: Սակայն ուշագրավն այն է, որ «Իմ քայլի» համամասնական ցուցակում «Առաքելություն» կուսակցությունից ներկայացված է պատգամավորի ընդամենը 3 թեկնածուի անուն, ինչը դաշինքային հարաբերությունների դեպքում, մեղմ ասած, տարօրինակ է: Ու տպավորություն է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայությունն այստեղ ձեւական բնույթ է կրում:
«Առաքելություն» կուսակցության հիմնադիրներից Մանուկ Սուքիասյանը, որ նախորդ ԱԺ ընտրություններում առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքով, այս անգամ ընդհանրապես չկա «Իմ քայլ»-ի ցուցակում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց խոսել իր բացակայության մասին: Նա նշեց, որ հիմա որեւէ բան ասելու տրամադրված չէ եւ այդ հարցին կանդրադառնա ավելի ուշ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի փոխանցմամբ` ցուցակներում կան «Առաքելության» 5 ներկայացուցիչներ: «Մյուս երկուսը ռեյտինգայինով են առաջադրված: Ի սկզբանե մեր պայմանավորվածությունը էդպիսին է եղել: «Առաքելությունը» դժգոհ չէ դրանից»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` «Բիզնես Արմենիա» հիմնադրամում կրճատումներ են. օրեր առաջ 11 աշխատող ազատվել են աշխատանքից: Իսկ ահա երեկ հրաժարականի դիմումը հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: Բայց Ավակյանը կշարունակի հիմնադրամը գլխավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար: Առաջիկայում կկայանա հիմնադրամի տնօրենի մրցույթ, որին Ավակյանը, ըստ որոշ տեղեկությունների, չի մասնակցի: Բացի այս, տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ հիմնադրամն առաջիկայում կլուծարվի: Հիշում եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով խոսել էր նման կառույցների անարդյունավետ աշխատանքի մասին` ասելով, որ կառավարությունը գնալու է այդ հիմնադրամները փակելու ճանապարհով: Սակայն հիմնադրամի լուծարման վերաբերյալ մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանն ասաց, որ նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, Ուդումյանը հայտարարեց, որ կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ: Հիշեցնենք, որ «Հայաստանի զարգացման» հիմնադրամը, որը, ի դեպ, տեւական ժամանակ է` անվանափոխվել է «Բիզնես Արմենիա»-ի, ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: