Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցում է 152 թեկնածուներից բաղկացած ցուցակով: ՀՅԴ-ն գրեթե միշտ ներկայանում էր հաստատուն եւ չփոփոխվող ցուցակով, որտեղ անցողիկ տեղերում հիմնականում կարկառուն դաշնակցականներն են: Սակայն հետաքրքիր է, որ այս անգամ ցուցակն ուսումնասիրելիս հետաքրքիր պատկերի ականատես եղանք:
Մասնավորապես, ընտրացուցակից բացակայում են տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը, նրա որդին` Սերգեյ Լոքյանը, որ նախորդ տարի վարկանիշային թեկնածու էր, կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ Միքայել Մանուկյանը, որ ընդամենն ամիսներ առաջ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուն էր: Թե ինչու վերը նշված անձինք չկան ցուցակում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ համար Արսեն Համբարձումյանից:
«ՀՅԴ համամասնական ցանկը մշտապես ենթարկվել է տարբեր փոփոխությունների: Եվ հենց այս հանգամանքն այդ տեսանկյունից պետք է դիտարկել: Նրանք ընդհանուր թիմի կազմում լիարժեք ներկայացված են, մասնակցելու են քարոզարշավին, պարզապես ցանկացած քաղաքական գործչի մոտ գալիս է մի պահ, երբ մեծ ակտիվություն ցուցաբերելուց մի որոշ ժամանակ փորձում է զերծ մնալ», – նշեց նա: Դիտարկմանը` ստացվում է` իրենք չեն ցանկացել լինել ցուցակում, այլ ոչ թե կուսակցությունը չի առաջարկել, Համբարձումյանը նկատեց. «Այո, դա եղել է համախոհաբար կայացված որոշում»:
Մինչ այդ նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաեւ փորձություն են լինելու այս կուսակցության համար: Գաղտնիք չէ, որ նախորդ տարիներին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ եղել է կա՛մ կոալիցիայի մեջ, կա՛մ ընդդիմություն, եւ ընտրություններում ստացված ձայներն էլ հենց դրա արտացոլանքն են եղել: Դա հասկանալու համար պարզապես պետք է ուսումնասիրել, թե տարբեր ընտրություններում որքան է եղել ՀՅԴ-ի ստացած քվեները, եւ դրանք ինչ փոփոխությունների են ենթարկվել` կախված կոալիցիայի կազմում լինել-չլինելուց:
Այսպես, խորհրդարանական ընտրություններում «Դաշնակցության» պատմությունն այսպիսինն է. 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 84 հազար 232 քվե: Այս ընտրություններում ընտրողների մասնակցության թիվը եղել է 1 մլն 137 հազար: Այդ տարի կազմավորված խորհրդարանում «Դաշնակցությունն» ունեցել է 10 պատգամավոր, որոնցից 5-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրված եղել: 2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ ընտրություններում այդ ժամանակ փաստացի իշխանության մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 136 հազար 270: Այս ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 11 պատգամավոր, որոնք բոլորն էլ համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակով էին մանդատ ստացել:
2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում «Դաշնակցությունն» ուներ 16 պատգամավոր, կրկին բոլորը համամասնական ընտրակարգով: Իսկ ահա 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում «Դաշնակցության» քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544: Այս ընտրություններից հետո «Դաշնակցությունը» մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել:
Իսկ արդեն 2017 թվականին ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 048 ձայն եւ 7 պատգամավորով էր ներկայացել խորհրդարան, որից երեքը պատգամավոր էին վարկանիշային ընտրակարգով: Եվ ՀՅԴ-ի հույսը մշտապես եղել է ՀՀԿ-ի աջակցությունը, եւ հաջողվել է մուտք գործել խորհրդարան: Եվ ընտրության արդյունքներով կամ այլ հարցերով պայմանավորված` ՀՅԴ-ն մի քանի անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, ապա դուրս եկել: Այսպիով, ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել չորս անգամ՝ 2003, 2008, 2016 (դրա շարունակությունն էր 2017թ. վերակնքված կոալիցիոն հուշագիրը) եւ 2018 թվականներին: Եվ հետաքրքիր է, որ ՀՅԴ ներկայացուցիչները մշտապես հայտարարել են, թե չեն լինի մի կոալիցիայում, որի կազմում իրենց ձայնը որոշիչ չէ, սակայն այդ չորս կոալիցիաների ժամանակ էլ թելադրողը միշտ էլ ՀՀԿ-ն է եղել, վերջին անգամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Եվ նախորդ տարիներին ՀՅԴ-ի հետ կոալիցիան կամ համագործակցությունը երկուստեք էր ձեռնտու, այդ թվում ՀՀԿ-ին: Օրինակ, 2008թ. կոալիցիայում ՀՅԴ-ի, նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայությունը ՀՀԿ կողքին անհրաժեշտ էր լեգիտիմացնելու մարտի 1-ի ոճրագործությունը: 2016թ. կոալիցիայում ՀՅԴ ներկայությունը ՀՀԿ-ին պետք էր լեգիտիմացնելու սահմանադրական կեղծված հանրաքվեն: Իսկ ահա վերջին քաղաքական համագործակցությունն էլ փլուզվեց թավշյա հեղափոխության օրերին, երբ ժողովրդի հաղթանակն ակնհայտ էր, եւ ՀՅԴ-ն շտապեց խզել կապերը ՀՀԿ-ի հետ ու միանալ Փաշինյանին: Եվ գալիք ընտրությունները միակն են լինելու, որտեղ անզոր է նույնիսկ ՀՀԿ-ն, իսկ թավշյա հեղափոխությունն ու մարդկանց տրամադրություններն էլ ավելի են փոքրացնում խորհրդարան անցնելու հնարավորությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրել է նիստերից հոկտեմբեր ամսվա բացակաների թիվը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովների եւ լիագումար նիստերից պատգամավորների բացակայությունների համար նրանց աշխատավարձից պահումներ են կատարվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 5-ը հոկտեմբեր ամսին տեղի ունեցած նիստից բացակայել են: Ընդ որում` նրանցից երեքը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ են` Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վահե Էնֆիաջյանը: Բացակաների թվում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Գալուստ Սահակյանը:
ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ
Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է 2019 թվականի պետական բյուջեին հավանություն տալու նախագիծը: Նկատենք, որ նախօրեին նախատեսված ժամին, երբ պետք է քննարկվեր բյուջեի նախագիծը, նիստն ուշ մեկնարկեց. քվորում չկար, անհրաժեշտ 53 պատգամավորի փոխարեն ներկա էր 49-ը, եւ նիստը սկսվեց ուշացումով: Եվ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե իրենք չեն խոչընդոտելու կառավարության հետագա աշխատանքին եւ ցանկանում են կողմ քվեարկել նախագծին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ քվորման խնդիրներ կրկին առաջանան: Ի վերջո, առջեւում նախընտրական շրջանի մեկնարկ է, եւ շատ պատգամավորներ կլինեն իրենց ընտրատարածքներում: Այսինքն` ամեն դեպքում բյուջեի ընդունումը հարցականի տակ է:
ԹԻՐԱԽՈՒՄ ԳԱԶԱԲԱԼՈՆՆ ԷՐ
Նոյեմբերի 14-ին Երեւանում կրակոցներ էին հնչել: Ժամը 03:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ 53-ամյա Կարեն Դ.-ն, որ ՊՆ գնդապետ է, Ոստիկանության Նոր Նորքի բաժին էր ահազանգել` հայտնելով, որ ժամը 03:10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է: Իրավապահները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաեւ առջեւի աջակողմյան դռան ապակին, եւ կրակոցներն արձակվել են մի քանի անգամ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ միջադեպի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գնդապետը ասել է, որ որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի եւ չի կարող պատկերացնել, թե ով կարող էր կրակել իր մեքենային: Ինչեւէ, ըստ նախնական տվյալների` ենթադրյալ հանցագործները ցանկացել են գողանալ ՊՆ գնդապետի մեքենայի գազի բալոնը եւ կրակել են բեռնախցիկին, որ այն բացվի, եւ իրենց գործողությունները կատարեն, սակայն մեքենայի ազդանշանը միացել է, եւ նրանց չի հաջողվել տանել գնդապետի մեքենայի գազաբալոնը:
ԴՌՆԲԱՑ
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ տեղի կունենան: Նախագծի ընդունման պարագայում կառավարության նիստերը կանցկացվեն դռնբաց: Եթե մինչեւ փոփոխությունները նիստերի դռնբաց կամ փակ լինելը վարչապետի հայեցողությանն էր թողնված, ապա հիմա օրենքով ամրագրվում է, որ նիստերը լինելու են դռնբաց: «Մենք լուծում ենք եւս մեկ` ժամանակին աղմուկ հարուցած հարց, հիշում եք, որ օրենքով նախատեսված` նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում: Մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելուց հետո որոշում կայացվեց, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ, ու միայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հ. Մարությանը կարեւորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում: «Տեղյակ եմ, որ նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար Ձեր աջակցությունն եմ հայցում, նաեւ Ճապոնիայի կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի եւ այլ ձեւաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության եւ ներդրումների ներգրավման նպատակով Երեւան քաղաքն ընդգրկելու հարցում»,-նշել է քաղաքապետը: Քաղաքապետն առանձնացրել է տրանսպորտի եւ աղբահանության բնագավառում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարեւորությունը:
ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ԵՆ
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում: «Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` թույլ տալով UCOM ՍՊԸ-ին կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով համացանցային հեռարձակում իրականացնել: Ուղիղ հեռարձակումը կիրականացվի շուրջ 1500 տեղամասում տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով»,- նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: