Նոյեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայրում կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստ, ընտրվել է ԲԴԽ նոր անդամ՝ Նախշուն Տավարացյանը: Ընտրությունից հետո դատական համակարգում «կռիվ» է ընկել, որից հետո Նախշուն Տավարացյանը հրաժարվել է ԲԴԽ անդամ լինելուց:
Այսպիսով, 2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը համարվում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, իսկ ահա 2018 թվականի մարտի 1-ին նա ընտրվեց ԲԴԽ անդամ: Ինչեւէ, տարին դատավորի համար նոր անակնկալ էր մատուցել, եւ այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Ռուզաննա Հակոբյանին վեց տարի ժամկետով նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ վեց տարի ժամկետով»:
Արդյունքում Ռուզաննա Հակոբյանը պետք է հրաժարվեր ԲԴԽ անդամ լինելուց եւ անցներ դատարանի նախագահի պարտականություններին:
Ուստի Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկի տեղը մնաց թափուր: Նոյեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի նստավայրում կայացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության նիստ, որը անցել է բավականին թեժ: ԲԴԽ անդամ դառնալու համար իրենց թեկնածություններն են առաջադրել երեք դատավոր` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը:
Քվեարկության արդյունքում հայտարարվել է, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Նախշուն Տավարացյանը, սակայն թեկնածուներից մեկը` Սուրեն Անտոնյանը, չի հաշտվել քվեարկության արդյունքների հետ եւ պահանջել է կրկին վերջնահաշվարկ իրականացնել: Վերջինիս պահանջը չի մերժվել, եւ վերջնահաշվարկը կայացել է, որի արդյունքներից պարզ է դարձել, որ Նախշուն Տավարացյանը հավաքել է ընդամենը 22 ձայն, իսկ ահա Սուրեն Անտոնյանը` 72 ձայն: Ըստ էության, Սուրեն Անտոնյանը պետք է ընտրվեր ԲԴԽ անդամ , սակայն նրան բացատրել են, որ օրենքը պահանջում՝ ԲԴԽ երկու անդամ պետք է կին լինի, որպեսզի պահպանվի գենդերային հավասարությունը, ուստի անկախ նրանից` Սուրեն Անտոնյանը շատ ձայն է հավաքել, թե ոչ` միեւնույն է, նա չի կարող լինել ԲԴԽ անդամ:
Այս որոշումը դատական համակարգում խառնաշփոթ է ստեղծել, դատավորները սկսել են դժգոհել` ասելով, թե Նախշուն Տավարացյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, քանի որ Գագիկ Հարությունյանն է ցանկացել, որ այդպես լինի: Այս խոսակցություններն էլ ունեցել են իրենց հետեւանքները: Ընտրվելուց հետո Նախշուն Տավարացյանը ասել է, որ հրաժարվում է ԲԴԽ անդամ լինելուց. «գնացե՛ք, նոր ընտրություն արե՛ք», իսկ թե ինչու, չի պատճառաբանել: Ըստ էության, նա ցանկացել է այս քայլով ցույց տալ, որ ցանկանում է իր գործընկերների հարգանքը պահպանել եւ զերծ մնալ այն գնահատականներից, թե նա ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի «դաբրոյով» ընտրվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատավոր Նախշուն Տավարացյանից, թե արդյոք նա ԲԴԽ անդամ լինելուց հրաժարվել է, որպեսզի դատական համակարգում պահպանի իր գործընկերների հարգանքը եւ զերծ մնա այն գնահատականներից, թե նա ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի «դաբրոյով» դարձավ ԲԴԽ անդամ, ի պատասխան` դատավորն ասաց. «Դա ուղղակի հերյուրանք է, դա զրպարտություն է, դա կապ չունի, հնարավոր չէ, որ դատական համակարգում նման լուրեր տարածվի, որովհետեւ դատավորները ականատես եղան, երբ հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց, որ օրենքով տրված իմ իրավունքից ես օգտվել էի, սկսեցին տարաբնույթ մեկնաբանություններ տալ, եւ դատական համակարգում ստեղծվեց անառողջ մթնոլորտ, անհամերաշխություն ստեղծվեց, սկսեցին տեղիք տալ տարբեր քննարկումների, ընդհուպ սկսեցին մինչեւ օրենքի մեկնաբանության հետ կապված անկարողության հասնել: Ես, տեսնելով, որ անհամերաշխություն է, անառողջ մթնոլորտ է ստեղծվում, իսկ դա իմ ընտանիքն է, ես չէի կարող մարդկանց կամքին հակառակվել: Եթե ցանկանում են, որ Անտոնյանը հաղթի, խնդրեմ, թող Անտոնյանը անցնի, բացարձակապես ես բան չունեի: Իմ թեկնածությունը դրել էի` օրենքով տրված իմ իրավունքից օգտվելով, բայց եթե օրենքը տալիս է տարաբնույթ մեկնաբանություն, եւ այդ հողի վրա մեր դատական համակարգում կարող է առաջանալ անհամերաշխություն, անառողջ մթնոլորտ ձեւավորվել, ես, իհարկե, չեմ կարող դա ընդունել: Այդ ամենին ես, ականատես լինելով, դա իմ ընտանիքն է, ո՞վ կցանկանա, որ իր ընտանիքում անառողջ մթնոլորտ լինի, ասեցի` հանգստացե՛ք իմ գործընկերներ, ես հրաժարվում եմ, եթե իմ ընտրվելը ձեզ մոտ անհամերաշխություն է առաջացնում, ես հրաժարվում եմ: Ընդամենը այսքան բան, այլ բան չկա»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին հանձնարարվել է գնահատել, թե որքան է կազմում սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին պատկանող Լոռու մարզի Ախթալա համայնքի 23/2 հասցեում գտնվող բնակարանի բաժնի շուկայական արժեքը եւ, առհասարակ, արդյոք աննպատակահարմար է նրան համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի բնեղենով առանձնացնել:
Հիշեցնենք, որ Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ կենսաթոշակ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանից ներում ստացավ ու ազատ արձակվեց: Այդ ընթացքում Խաչիկյանի դեմ դատարան էր դիմել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը` որպես նրա յուրացրած գումարի փոխհատուցում պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:
Արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հանձնարարել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին գնահատել նրան պատկանող բնակարանը: Այն բանից հետո, երբ փորձագետները կտան բնակարանի շուկայական արժեքը, դատարանը որոշում կկայացնի եւ Վազգեն Խաչիկյանին պատկանող բնակարանը կհանի աճուրդի:
Իսկ մինչ այդ նշենք, որ իրավաբանական ծառայություն մատուցող «Եգորսիստեմ» ՍՊԸ տնօրեն փաստաբան Տիգրան Եգորյանը Խաչիկյանի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով 300 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍՊԸ-ն սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի աղմկահարույց չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրավաբանական ծառայություն է մատուցել, սակայն վերջինս չի վճարել ծառայության դիմաց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրավաբանական ընկերության տնօրեն Տիգրան Եգորյանի հայցը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՉՈՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի: Նշենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի բողոքը` գրավի որոշումը վերացնելու վերաբերյալ:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարզաբանել է, թե ինչու նոյեմբերի 11-ին չի ձերբակալվել 20-ամյա կնոջը ծեծելու մեջ կասկածվող տղամարդը: «Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսեւորելու հանգամանքը, ինչը, ըստ իրենց, նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը: Խոսքը գնում է օրեր առաջ քաղաքացի Ի.Նունուշյանի կողմից կնոջը` Ք. Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել: Տվյալ դեպքում ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ, ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն, կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաեւ փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ` ձերբակալում չի իրականացվել»,- նշել է Ն. Դուրյանը:
ՀՈՐԴՈՐՆԵՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված` որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: ՃՈ-ն հորդորել է բոլոր վարորդներին մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր` խստագույնս պահպանելով ճանապարհային երթեւեկության կանոնները: