ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առողջապահական համակարգը ամենաստվերային ոլորտներից մեկն է: Ավելին, առողջապահության ոլորտը պատշաճ վերահսկողության չի ենթարկվում, բայց առողջապահական հիմնարկների վճարած հարկերի ծավալով հնարավոր է որոշել, թե որ հիվանդանոցն է շատ քաղաքացու սպասարկել:

Վերջին տարիներին տարբեր բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի աճ է նկատվում, ինչը, ըստ մասնագետների, պայմանավորված է դիմողների ավելացմամբ: Այսպես, Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ոչ միայն մասնավոր, այլեւ պետական բժշկական կենտրոնները: Պարզվում է` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ բուժհիմնարկներ թեեւ նախորդ տարվա երրորդ եռամսյակում համարվել են խոշոր հարկատու, բայց այս տարվա նույն ժամանակահատվածում տեղ չեն գտել անգամ ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս տարվա երրորդ եռամսյակում տեղ է գտել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը: Չնայած սրան` նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ` զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Եթե այս տարվա երրորդ եռամսյակում ազգային կենտրոնը պետական բյուջե վճարել է 102 մլն 201 հազար դրամ հարկ, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 142 մլն 289 հազար դրամ: Բացի այս, բուժհիմնարկներ կան, որոնք այս տարվա երրորդ եռամսյակում անգամ տեղ չեն գտել հազար խոշորների ցանկում: Ասել է թե` ԱՆ ենթակայության այս կառույցները հարկ չեն վճարել:
Դրանց թվում է նաեւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, որը այս տարվա երրորդ եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հիվանդանոցը կատարել է 79 մլն 754 հազար դրամի հարկային վճարումներ: Նույն կարգավիճակում է նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը. այս տարվա երրորդ եռամսյակում`ոչինչ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 86 մլն 777 հազար դրամ հարկ ու տուրք: Ուշագրավ է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը այս տարվա երրորդ եռամսյակում եւս հազար խոշորների ցանկում տեղ չի գտել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե կատարել է 828 մլն 521 հազար դրամի հարկային վճարումներ:
Մյուս կողմից` Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը նախորդ տարվա երրորդ եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարել է 129 մլն 942 հազար դրամի չափով հարկ ու տուրք:
Իսկ ահա Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, հակառակը, ավելացրել է հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված բուժհաստատությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին պետական բյուջե վճարել է 161 մլն 408 հազար դրամ հարկ ու տուրք` անցած տարվա 112 մլն 560 հազար դրամի դիմաց:
Ըստ ՊԵԿ-ի` հիվանդանոցներից ամենախոշոր հարկատուն «Էրեբունի» բժշկական կենտրոնն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 188 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 124 մլն դրամ: Մյուս խոշոր հարկատու համարվող բժշկական կենտրոնը «Նաիրի» ԲԿ-ն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 524 մլն 72 հազար դրամ հարկ ու տուրք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԲԿ-ն պետական բյուջե վճարել է 333 մլն 388 հազար դրամ հարկ: «Արմենիա» հանրապետական ԲԿ-ն հունվար-սեպտեմբերին կատարել է 326 մլն 88 հազար դրամի հարկային վճարումներ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 301 մլն 529 հազար դրամի դիմաց:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ որոշ բժշկական կենտրոններում հիվանդներից գանձվող վճարների հիմնական մասը օրինական մուտքագրվում է դրամարկղ, իսկ վճարողները ստանում են ՀԴՄ կտրոն: Բայց կան նաեւ խոշոր հիվանդանոցներ, որոնք չեն կարող դրանով հպարտանալ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որոշ բժշկական կենտրոնների աշխատակիցներ հայտարարեցին, որ բուժհաստատությունների եկամուտներն աճել են ապահովագրական հատկացումներից ստացված միջոցների հաշվին: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցից հետաքրքրվեցինք, թե ինչն է հազար խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառը: Սակայն Դավիդյանցն ասաց, որ չի կարող այս հարցին հստակ պատասխան տալ. պետք է դեռ հաշվապահների հետ քննարկի: Բացի այս, երեկ ողջ օրվա ընթացքում առողջապահության նախարարության հետ փորձեցինք կապ հաստատել տեղեկանալու, թե ինչու ենթակայության տակ գտնվող որոշ բուժհաստատություններ հազար խոշոր հարկատուների ցանկից անակնկալ դուրս են եկել, սակայն ապարդյուն. առողջապահության նախարարությունում անգամ կենդանի վարորդ չկար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐԱԳԱՉԱՓԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ
Նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն Աժ ամբիոնից հայտարարեց` այն կարծիքին չէ, որ արագաչափերը պետք է ավելանան, հակառակը, եկել են եզրահանգման, որ պետք է մոնիթորինգ իրականացվի դրանց տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար: Նա խորհրդարանում հայտարարեց. «Կարծում եմ` կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի»: Արագաչափերի քանակը կրճատելու «հեղափոխական» որոշման հետեւանքները դժվար չէ կանխատեսել: Հայաստանցի վարորդների մի մասը հաճախակի գերազանցում է սահմանված արագությունը, ասֆալտապատ ճանապարհներին մեծ արագություն բացելով` ստուգում իր ավտոմեքենայի շարժիչի հզորությունը, մեքենայի արագընթացությունը: Դրա հետեւանքով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում` զոհերով եւ վիրավորներով: Այդ պատճառով հանրապետական նշանակության Իջեւան-Բերդ ավտոճանապարհին բնակիչներն իրենց համայնքների տարածքներում ասֆալտի ծածկի թեքություն-խոչընդոտներ են սարքել: Նման թեքություն-խոչընդոտ 5 հատ գոյություն ունի Այգեհովտի, 3-ը` Վազաշենի, 3-ը` Տավուշ գյուղի տարածքներում: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը լրագրողիս հայտնել է, որ այդ տարածքում, որտեղ կառուցվել են ճանապահի ծածկի արհեստական խոչընդոտները, գյուղի դպրոցն ու մանկապարտեզն են գործում, այդտեղ նախկինում վթարներ շատ են եղել, որոնցից նաեւ երեխաներ են տուժել: Թեքություն-խոչընդոտներ կառուցել են նաեւ այլ համայնքների տարածքում: Բնակիչների պահանջով այս տարի նման 8 հատ թեքություն կառուցվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի, 7 հատ` Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի տարածքում: Դրանք կառուցվել են գյուղամիջյան ասֆալտապատ ճանապարհներին: Վարորդների մի մասը դժգոհում է, որ այդ թեքությունները խանգարում են նորմալ, օրենքով սահմանված արագությամբ ընթանալու, աղճատում են ասֆալտի ծածկը: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղերում տեղադրված արագաչափերը 2015-2018թթ. տեղակայված էին, սակայն միացված չէին: Այդ գյուղերի ղեկավարները դիմել էին դրանք վերագործարկելու խնդրանքով, քանի որ շատ վարորդներ այդ հատվածում մեծ արագությամբ էին ընթանում: Արագաչափերի թվի նվազեցման հետեւանքով ավելանալու է վթարների թիվը: Շատերը կարծում են, որ այս ամենի փոխարեն լավ է ավելացնել արագաչափերի թիվը: Ճանապարհի առանձնահատկություններից ելնելով` պետք է տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագության տարբեր թվեր սահմանել: Անկարգ վարորդներին զսպելու համար հարկ չկա ճանապարհի ծածկը վնասել, թեքություններ սարքել, որոնք գիշերները տեղանքին անծանոթ վարորդների համար փորձանք են դառնում, վթարներ են լինում, ավտոմեքենաներ են ջարդվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ Է ՏԱՐԵԼ
Արմավիրի մարզի Մարգարա համայնքի բնակիչ, 1977թ. ծնված Սերոբ Մանուկյանը մեղադրվում է ՀՀՊՆ զորամասերից մեկի նյութական ապահովման վաշտի կենցաղսպասարկման կոմբինատի պետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ` 2017թ. ամռանը, զորամասի հրաձգարանից ռազմամթերք հանդիսացող 30 հատ 5.45 միլիմետր տրամաչափի փամփուշտ ձեռք բերելու մեջ: Նա այդ փամփուշտները գտել է եւ տեղափոխել, ապօրինի պահել է իր ծանոթուհու` Բերդ քաղաքի տներից մեկում: Այս տնից 2018թ. մայիսի 15-ին իրավապահները խուզարկությամբ փամփուշտները հայտնաբերել են: Ս. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԿԿՐՃԱՏՎԻ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ արագաչափերի զսպող նշանակությունը իրոք մեզ համար ակնառու է, եւ այս հարցում ոստիկանությունը կայուն տեսակետ ունի: Նա այն կարծիքին չէ, որ արագաչափերը պետք է ավելանան: «Հակառակը, վերջին շրջանում մեր ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ պետք է մոնիթորինգ արվի արագաչափերի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար, եւ վթարածին տեղանքներում, հաշվի առնելով երթեւեկության անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքների առկայությունը, տեղադրվեն արագաչափերը»,-ասել է նա: Հովհաննես Քոչարյանը կարծիք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի:

 

 

30 ՏՈԿՈՍԸ
Զարկերակային հիպերտենզիայով է տառապում Երեւանի մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտնեց Երեւանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը՝ ներկայացնելով սքրինինգային ծրագրի նախնական արդյունքները: «Սա այսօրվա դրությամբ ամենախոշոր հետազոտությունն է. հետազոտությանը ներգրավվել է շուրջ 21 հազար մարդ: Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ Երեւանում զարկերակային հիպերտենզիայի տարածվածությունը գործնականում այնպիսին է, ինչպես ամբողջ աշխարհում, այսինքն՝ դրանով տառապում է մեծահասակ բնակչության մոտ 30 տոկոսը: Օրինակ՝ Ուկրաինայում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 50 տոկոսի»,- պնդել է Զելվեյանը:




Լրահոս