«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրությունների քարոզարշավի մասին զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։
-Չգիտեմ՝ ինչ կլինի։ Փոխվել է ժողովրդի էլեկտորալ վարքագիծը, եւ չես կարող ասել, թե որ քայլը, որ ծրագիրը հավանության կարժանանա ժողովրդի կողմից։ Դրա փոխարեն կարող եմ ասել, որ քաղաքական ուժերը չեն ուզում հրաժարվել իրենց նախկին տրամաբանությունից եւ գործում են սեւ-սպիտակի, միմյանց վրա ցեխ շպրտելու, աղմկոտ պատմությունների մեջ հայտնվելու անիմաստ ապաքաղաքական տրամաբանությունից, եւ դա սպանում է քաղաքականությունը։ Ես դուրս եմ գալիս քարոզարշավի, մարդիկ ինձ հարցնում են աշխատավարձերից, որովհետեւ ի տարբերություն նրանց` ես փողոցում քայլում եմ։ Իսկ ամբողջ տեղեկատվական դաշտը նրա մասին է, թե ով է շշկռվել, ով ոչ:
-Ըստ Ձեզ` հասարակության մեջ պահանջ կա՞, որ ՔՈ կուսակցությունը հայտնվի ԱԺ-ում։
-Այո, իհարկե կա։ Գելլափը տվյալներ էր հրապարակել, որոնցից պարզ դարձավ, որ հարցվածների ընդամենը 4 տոկոսն է ճանաչում այս ուժին, եւ ես վստահ եմ, որ այդ ճանաչողների կեսը մեզ է ընտրելու։ Եթե մեզ ճանաչեին ու շարունակվեր նույն տրամաբանությունը, ապա եթե հասարակության 100 տոսկոսը ճանաչեր, 50 տոկոսը իր քվեն կտար մեզ։ Բայց ես չեմ ուզում այդ մանիպուլատիվ բաների մեջ մտնել։ 20 ուժ էլ մտնի պայքարի մեջ, ասելու է` ես առաջինն եմ ու վերջ։ Չգիտեմ՝ ոնց կդասավորվի ապագան։ Ուղղակի հույս ունեմ, որ մենք կհայտնվենք ԱԺ-ում։
-Ի՞նչ եք անում ճանաչելիություն ունենալու համար։
-Դե հիմա դա բնական է, որովհետեւ տեղեկատվական դաշտը խցանված է աղբով, իսկ մեր կուսակցությունը գրանցվել է ընդամենը փաստաթղթերը հանձնելուց մի օր առաջ։ Ի սկզբանե անհավասար պայմաններ են եղել․մի մարդու կամ մի ուժի որոշմամբ՝ ընտրությունները կազմակերպվել են մի ամսում։ Քանի որ ընտրությունների անցկացման մասով խոսվում էր ապրիլ-մայիս ամիսների մասին, մենք չշտապեցինք։ Եթե ընտրությունները դրել են մի ամսվա մեջ, ապա հասարակութունը պետք է պահանջ դնի սահմանադրական իրավունքների իրացման։ Ի՞նչ են այդ իրավունքները․ հավասար լուսաբանում եւ օբյեկտիվ տեղեկությունների ստացում։ Իսկ ի՞նչ են անում։ Ստեղծում են երկրորդ լիգա, առաջին լիգա, եւ ի սկզբանե անարդարության հավասար պայմանները, որոնք բարենպաստ են առաջին լիգայի համար եւ անբարենպաստ են երկրորդ լիգայի համար, ավելի են խորացնում` նրանց քիչ եթերաժամանակ տրամադրելով, իսկ առաջին լիգային՝ շատ։
Լուսինե Մինասյան