Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներից: Նրանց պատմելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «հրահանգել եւ պարտադրել է» նրանց իրենց աշխատավարձից Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել:
Ընդ որում` առաջին եւ երկրորդ կարգի մասնագետները պետք է հիմնադրամի հաշվեհամարին վճարեն 5000 դրամ, իսկ գլխավոր մասնագետները`12 հազար դրամ: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են վճարել, «աշխատանքային խոչընդոտների» են հանդիպում: Այս խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Հայաստան համահայկական հիմնադրամին հատկացումներ ՊԵԿ-ն իրականացնում է ամեն տարի` կամավորության սկզբունքով:
ՊԵԿ աշխատակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել հիմնադրամի զարգացման ծրագրերին, տեղեկացվել են այն մասին, որ կարող են դիմել հաշվապահություն` տալով իրենց համաձայնությունը առաջիկա ամսվա աշխատավարձից փոխանցում իրականացնելու հիմնադրամի հաշվեհամարին»: Բայց մեզ զանգահարողները հակառակն են պնդում:
Այս տարիներին, թերեւս, տեսել ենք, թե ինչպես էին պետական համակարգի աշխատակիցները վերադասի ակնարկով «կամավոր» նվիրատվություններ անում զանազան հիմնադրամների: Ու եթե նախկին իշխանությունների այդ քայլերը սովորական էին ընկալվում, ապա նման հարցերում պարտադրանքը նոր իշխանությունների օրոք այնքան էլ լավ չի նայվում: