Եթե ամփոփենք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս մի քանի օրը, պետք է արձանագրենք՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի դրույթների շուրջ քննարկում չկա: Այս երեք օրերի քարոզարշավը ինչպես Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, հիմնականում տարվում է միմյանց սեւացնելու ուղղությամբ: Այնինչ պակաս կարեւոր չեն ծրագրային դրույթները, եւ այս համատեքստում առանցքային խնդիրների, ինչպես, օրինակ, Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ քաղաքական ուժերի պատկերացումները:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններում ամենաքննարկված թեման հենց Արցախյան հիմնախնդրի լուծման հարցն էր: Բայց սա գերազանցապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ, որի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը ՀԺԿ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով՝ օրակարգում առանցքային կետ դարձնելով ԼՂ խնդրի լուծման հիմնահարցը: Եւ պետք է ասել, որ ողջ քարոզարշավն ընթացավ հենց այս օրակարգի շուրջ: Իհարկե, ընտրություններին մասնակից մյուս ուժերը փորձում էին հակադրվել Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերին` ԼՂ խնդրի լուծումը մեկնաբանելով որպես ՀՀ-ի կողմից տարածքներ զիջել, ինչին ասում էին՝ իրենք ոչ մի դեպքում չեն գնա: Բայց եւ այնպես, ԼՂ հիմնահարցի շուրջ եղան քննարկումներ:
ԱԺ այս ընտրություններում ԼՂ հարցը կարծես երրորդական պլան է մղվել. որեւէ մեկը լուրջ քննարկում այս թեմայի շուրջ չի ծավալում, մինչդեռ եթե ոչ իշխանության գալու, ապա առնվազն խորհրդարանում ներկայանալու հայտ ներկայացրած ուժերը պետք է այս հարցում հստակ դիրքորոշում ունենային: Միայն ՀՅԴ-ն է, որ փորձում է այս թեմայի շուրջ երկխոսություն ծավալել` ի սկզբանե հայտարարելով, որ իրենք դեմ են ցանկացած զիջման: Նրանք նաեւ պնդում են, որ այս խնդիրը հիմա արտաքին քաղաքական օրակարգի առանցքային կետ է դարձել: Նաեւ ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ իր ելույթներում հատվածներ նվիրելով:
Իսկ ի՞նչ է առաջարկում «Իմ քայլը» դաշինքը, որն էլ, ըստ էության, լինելու է խորհրդարանում մեծամասնություն: Նրանց ծրագրում առկա է առանձին գլուխ` Արցախին նվիրված, սակայն ընդհանուր առմամբ ամբողջ ծրագրում եւս առկա են Արցախին վերաբերող կետեր: Մասնավորապես, դաշինքը ներկայացրել է 5 կետ եւ դրան հասնելու ձեւերը: «Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան` ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր ջանքերն ուղղվելու են.
1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,
2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,
3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը,
4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը,
5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը»։
«Իմ քայլը» դաշինքի ծրագրում ամրագրված է, որ այդ քայլերն իրականացվելու են՝
●ղեկավարվելով հայ ժողովրդի հավաքական շահով եւ Արցախի անվտանգ գոյության իրական երաշխիքների հրամայականով,
●պահպանելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով տեղի ունեցող առկա գործընթացի շրջանակները,
●հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը։
ԲՀԿ-ն ներկայացրել է 36 կետից բաղկացած ծրագիր, որի 31-րդ կետը նվիրված է հենց Արցախյան հիմնահարցին: Այդ կետում մասնավորապես ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա: Առանց Արցախի մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել: Պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացնել ՀՀ եւ ԱՀ առեւտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը»: ԲՀԿ ծրագրում հիմնականում տնտեսական հարցերն են ամրագրված:
ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում եւս մեծ տեղ է հատկացրել Արցախյան հիմնահարցին եւ ամրագրում է, որ իրենք կտրականապես դեմ են «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, եւ մեկնաբանում են, որ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը է՛լ ավելի հավանական կդարձնեն լայնամասշտաբ պատերազմի վտանգը: «Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Մենք հայցում ենք Ձեր քվեն` Արցախի անվտանգ ապագան եւ կայուն զարգացումն ունենալով որպես մեր օրակարգի թիվ մեկ խնդիր», – ասված է ՀՀԿ ծրագրում:
«Հավատարիմ հողին ու հային» սկզբունքով ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ն իր ծրագրում նկատում է, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր: «Շարունակել աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներագրավելու համար: Հայաստանն Արցախի անվտանգության, ինքնիշխանության, եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է», – ասված է կուսակցության ծրագրում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում էլ ամրագրված է, որ իրենք սատարում են արցախյան խնդրի արդար եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ «Զուգահեռաբար մտադիր ենք ավելացնել մեր պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական եւ տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարեւորագույն առաջնահերթություն», – ասված է ծրագրում։
Եվ չնայած նախընտրական քարոզարշավը չի ընթանում ծրագրերի պայքարի համատեքստում, սակայն Արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված քաղաքական ուժերի ծրագրերին ծանոթանալը, կարծում ենք, պետք է: Ընդ որում, կարեւոր է նաեւ այս հարցի շուրջ հստակ, իրատեսական մոտեցումը, որքան էլ իրականությունը մեզ համար լինի անցանկալի կամ դառը:
Նաիրա Հովհաննիսյան