Ծանր դեպք Շիրակում. ՀՀԿ-ն` առանց կարկառուն դեմքերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, առաջադրել է 13 վարկանիշային թեկնածու: Միայն թե, նկատենք, որ այդ թեկնածուները ՀՀԿ մարզային կառույցի երկրորդ-երրորդ էշելոնի ներկայացուցիչներն են: Եթե, օրինակ, Լոռու մարզում ՀՀԿ հայտնի դեմքերից Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Արփինե Հովհաննիսյանն այնուամենայնիվ խիզախել են առաջադրվել, ապա Շիրակում հակառակն է: Սա, թերեւս, պատահական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն Շիրակի մարզում միշտ էլ խնդիր է ունեցել. այստեղ ՀՀԿ-ին ձայն չեն տվել: Հիշում եք 2013թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի, 2015թ սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանությունների պարտությունները: Անգամ 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն, չնայած ընտրակաշառքի գետերին, իր դիրքերը զիջել էր ԲՀԿ-ին:

Այս ընտրություններում ՀՀԿ ցուցակում ընդգրկված է, օրինակ, նախկին փոխմարզպետ Հարություն Արշակյանը։ Նա ցուցակում ամենատարեցն ու հայտնին է` որպես ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ:

Մյուս թեկնածուների անունները ոչինչ չեն ասում, հանրությունը նրանց չի ճանաչում: Մինչ ցուցակի հրապարակումը շրջանառվում էր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի անունը, ով ցուցակում չհայտնվեց, բայց շարունակելու է նախկին առաքելությունը՝ մարզում համակարգելու է ՀՀԿ աշխատանքները. «Կուսակցական շինարարություն է ընթանում մեզ մոտ, կուսակցությունը երիտասարդանում է, մեր ցուցակում միայն երիտասարդ անդամներն են: Սա նոր ուժ, նոր մտածելակերպ, նոր ալիք է»,- ասաց Սահակ Մինասյանը:

Ի՞նչ ականկալիքներ ունի հանրապետականը Շիրակի մարզից: Մարզում հանրապետականի անունը լսել չեն ուզում, բայց դպրոցների մեծ մասը ղեկավարում են հանրապետական տնօրենները. «Մենք ակնկալիքներ ունենք, դրանք մեծ չեն, բայց հաստատ հանրապետականը ձայներ մեր մարզից կտանի»,-ասաց Սահակ Մինասյանն ու ավելացրեց. «Ոչ մի նախկին իշխանության հատկապես իշխանափոխությունից ամիսներ անց չի փառաբանվել, այդ թվում` հանրապետականը: Մի քանի անգամ առիթի դեպքում ասել եմ` ես ինքս պատրաստ եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու վստահաբար ասել՝ ներողություն եմ խնդրում իմ եւ իմ կուսակից ընկերների անունից 100 եւ 1000 անգամ, բայց զուգահեռաբար խնդրում եմ հիշեք նաեւ, որ հանրապետականը բազմաթիվ էական խնդիրներ է լուծել մեր ժողովրդի համար»:

Ինչո՞ւ հանարապետականների հին դեմքերը չկան ցուցակներում: Օրինակ` ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որ մշտապես մեծամասնական ընտրակարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին, այս անգամ չկա ո՛չ ռեյտինգային, ո՛չ էլ անգամ համապետական ցուցակում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ առաջարկ եղել է, բայց ցանկություն չի ունեցել կրկին քաղաքականություն մտնելու. «Մեր մարզի նախկին պատգամավորները կուսակցությունից վաղուց են դուրս եկել, դրա համար այս օրերին նրանց անուններն անգամ չշրջանառվեցին: Ինձ առաջարկ եղել է, բայց ես սիրահոժար հրաժարվել եմ: Սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ ով ում ավելի շատ կարատավորի կամ ով ում ավելի շատ բաներ կասի, ինչը ինձ համար անընդունելի է: Ես սովոր էի նորմալ գաղափարական ծրագրային պայքարի, ինչը չեղավ, դա ինձ համար սպասելի էր»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հանրապետականների հնաբնակներից է նաեւ Աշոտ Աղաբաբյանը: Վերջինիս անունը եւս չընդգրկվեց ցուցակ: Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել է տեղը զիջել երիտասարդներին: Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում Աշոտ Աղաբաբյանի ազգականն է ընդգրկված. «Հորեղբորս տղան է այդ ցուցակի մեջ, ասեմ, քանի ուրիշները չեն ասել: Երիտասարդ է, չգիտեմ` միտումնավո՞ր է նրա անունն այդտեղ, թե՞ չէ: Սա սերնդափոխություն է: Եթե երիտասարդությունն է եկել, դա ավելի լավ, ես ավելի լավ է իմ գործերով զբաղվեմ: Թեեւ պատգամավորի ստատուսն ուրիշ է, որոհետեւ նա պետք է մասնակից լինի գործադիրին, դա լուրջ է, քանի որ պատգամավորը միայն կոճակ սեղմող չէ»,-ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Ցուցակի երիտասարդ կադրերից է նաեւ Կարապետ Պողոսյանը, ով «Ա․Մ» փաստաբանական գրասենյակի ղեկավարն էր։ Վարկանիշային թեկնածու է նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի քրոջ որդին՝ Նարեկ Միրզոյանը, արթիկցի Վահագն Վարագյանը՝ Արթիկի քաղաքապետի ազգականը, ով աշխատում է Երեւանի պետական համալսարանում, Առաքել Հայրապետյանը` ՀՀԿ Շիրակի տարածքային կենտրոնի` «Անիի» ՇԿ կազմակերպիչը, Սուսաննա Տոնոյանը «Արթիկի հատուկ բժշկական քոլեջ» ՓԲԸ դաստիարակության գծով փոխտնօրենը. Լուսյա Անաստասյանը, Ռուզան Կարապետյանը, Նվարդ Աբելյանը, Ներսես Ներսիսյանը, Անահիտ Հարությունյանը, Արտյոմ Կոշտոյանը եւս ցուցակում են, որոնց անունները ծանոթ չեն հասարկությանը:

Նկատենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային հիմնական թեկնածուները` Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, որոնք ավելի քան տասը հազար ձայն էին տարել, այս անգամ ոչ միայն չեն առաջադրվել, այլեւ ՀՀԿ-ի հետ խզել են կապերը: Ընդ որում, Գրիգորյանը մանդատը վերցնելուց հետո հրաժարվեց ՀՀԿ խմբակցությունից: Իսկ Ֆելիքս Ցոլակյանը, որ հիմա ԱԻ նախարար է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը սատարած ու մայիսին Փաշինյանի օգտին քվեարկած առաջին պատգամավորներից մեկն էր: Հիմա նա Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է, եւ որեւէ մեկը չի կասկածում, որ Ցոլակյանը մարզում լինելու է ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն, քանի որ վայելում է շիրակցիների անվերապահ աջակցությունը, եւ հատկապես թավշյա հեղափոխության օրերին ցուցաբերած պահվածքի շնորհիվ Ցոլակյանն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում այդ մարզում:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս