Մի քանի խախտումների համար հոդվածները կքրեականացվեն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Փոխարենը նրանք մի քանի իրավախախտում էլ պատրաստվում են քրեականացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ այդմ, առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, ինչպես նաեւ 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումները:

Դրանք են` 126-րդ հոդվածի 6-րդ մաս. եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, եւ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով: Իսկ 126-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով այն դեպքում, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ:

128-րդ հոդվածի 1-ին մասով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նաեւ նախատեսվում է ներդնել տուգանային միավորների համակարգը, որը միտված կլինի տուգանքների չափերի վերանայման: Քանի որ ըստ ոստիկանության` վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթեւանա քաղաքացիների սոցիալական բեռը:
Այսպես, ըստ ոստիկանության` մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքներն առանձին դեպքերում ավելի մեծ են, քան քրեական օրենսգրքով սահմանված տուգանքի նվազագույն չափը` 30 հազար դրամը: Հաշվի առնելով սա` ոստիկանությունը անհրաժեշտ է համարում վերանայել վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների սահմանազատման չափանիշները եւ որպես հիմնական չափանիշ ընդունել այն, որ ֆիզիկական անձի կողմից կատարված վարչական իրավախախտման համար նախատեսվող տուգանքի չափը չպետք է ավելի մեծ լինի, քան քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի նվազագույն չափը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը կնվազեցվի: Մասնավորապես, 8-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50 տոկոսով, 10-ը` 50 տոկոսով, եւս 9-ը` 50 տոկոսից նվազ չափով: Այսինքն` խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում:
Բացի այս, ըստ ոստիկանության` տուգանային միավորի ինստիտուտի ներդրումը թույլ կտա երթեւեկության արդյունավետ կազմակերպմանը զուգընթաց նվազեցնել ՃՏՊ-ների ու դրանց արդյունքում արձանագրվող զոհերի ու վիրավորների թիվը:

Նկատենք, որ վիճակագրական առումով այս ոլորտում իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն` մոտ 55 տոկոսով ավելացել է: Բայց միաժամանակ նշենք, որ 2012-2017 թվականներին Հայաստանում ավտոպարկն ավելացել է 45,1 տոկոսով, ինչն անկասկած կհանգեցնի ՃՏՊ-ների ավելացմանը: Դրանց հետեւանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2006-2011 թվականներին կազմել է 2785, իսկ 2012-2017-ին` 4430. աճել է 60 տոկոսով:

Նկատենք, որ Վարչական պատասխանատվության` տուգանային միավորի համակարգը գործում է 21 եվրոպական երկրներում, օրինակ` Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ Իսրայելում: Ֆրանսիայում դեռեւս 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների եւ զոհերի թվով, ինչը իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ:

Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած` ՃՏՊ-ների հետեւանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով: Ի դեպ, տուգանային միավորների ինստիտուտը Ուկրաինայում գործում է 2015 թվականից: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով` 2015 թվականին գրանցված 3970 ՃՏՊ-ների թիվը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում նվազել է մինչեւ 2603-ը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս