Փաշինյանի երթերը զայրացնում են շատերին, բայց նա վերջին ճիգերն է գործադրում՝ իշխանությունը փոխելու համար. Լիլիթ Պիպոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանն է: Նա անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ընդառաջ նախընտրական քարոզարշավի ընթացքին, նշել, թե քաղաքական որ ուժերը կարող են հակակշիռ ստեղծել խորհրդարանում: Ըստ երգչուհու` «Սասնա ծռերը» կարող էր առավել արդյունավետ քարոզարշավ անցկացնել: Նրա համոզմամբ` վերջինս եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազնիվ են եւ կարող են խորհրդարանում արժանի հակակշիռ լինել իշխանությանը: Տիկին Պիպոյանը խոսել է նաեւ Երեւանի ավագանու կազմում իր ծավալած գործունեության մասին: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում քննարկվելու է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն, եւ ինքը էական մասնակցություն է ունենալու դրանում:

-Տիկի՛ն Պիպոյան, հետեւո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին: Ինչպիսի՞ն են Ձեր նախնական տպավորությունները: Ո՞ր ուժերին է հաջողվում երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ, եւ ո՞ր ուժերն են, որոնց քարոզչությունն այնքան էլ արդյունավետ չէ:

-Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթերը, թվում է, զայրացնում են շատերին, թվում է, թե դրանք ավելորդ են, բայց ես կարծում եմ, որ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը փոխելու համար: Նա արդեն գերմարդկային ճիգեր է գործադրում, ուզում է ավարտին հասցնել սկսածը: Իսկ ինչ վերաբերում է մյուս ուժերին, կարծում եմ, նորմալ քարոզչական պրոցեսի մեջ են: Բայց, օրինակ, «Սասնա ծռերը» կարծես թե չի կարողանում ազդեցիկ լինել իր քարոզարշավի շրջանակում, այնինչ կարող էր ավելին անել: Մնացած ուժերի մասին ի՞նչ ասեմ. օրինակ` հանրապետականների մասին չեմ էլ ուզում խոսել:

-«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը, եթե անգամ հայտնվի խորհրդարանում, ընդդիմություն լինել չի կարող. «ՀՀԿ-ն կլինի ներկա իշխանությունների «բոքսի տանձիկը», որ վրան ձեռքները բացեն»,-ասել է նա: Դուք ի՞նչ կասեք, համաձա՞յն եք:

-Ինչ խոսք, Մարուքյանը սրամիտ է (ծիծաղում է): Կարծում եմ, որ «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը» այն ուժերն են, որոնք ազնիվ են, թեպետ տարբերվող հայացքներ ունեն: Նրանց բանավեճի արդյունքում ճմարտություն կծնվի, կարծում եմ` այդ ուժերը երկրի համար կարեւորագույն, սկզբունքային հարցերում համակարծիք կլինեն, միեւնույն ուղղությամբ կնայեն, կապահովվի առողջ մթնոլորտ:

-Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում քարոզարշավի ընթացքում հայտարարեց` իր համար շոկային է այն հանգամանքը, որ ժողովրդի մի հատված վախենում է հանրապետականի` իշխանության գալուց, ռեժիմի վերադարձից: Ըստ Ձեզ` որտեղի՞ց է այս մտավախությունը: Ի վերջո, նման բան հնարավո՞ր է, որքանո՞վ եք դա հավանական համարում:

-Ժողովուրդը շատ բան է տեսել, զգուշանում է, մտածում է, որ ամեն բան կարող է կրկնվել: Մինչեւ վերջին պահը այդ սպառնալիքը տեսականորեն կա, բայց իրականում իզուր են այդ վախերը: Ամեն ինչ լավ է լինելու: Հետո մի բան էլ չեմ հասկանում` ժողովուրդն ինչի՞ց է վախենում. չէ՞ որ ընտրողն ինքն է որոշում` ով գա իշխանության եւ ով` ոչ:

-Եվ վերջին հարցը` Երեւանի ավագանիում հասցրե՞լ եք բարձրացնել խնդիրներ, հետամուտ եղե՞լ եք դրանց լուծմանը: Առաջիկայում ի՞նչ կարեւոր հարցեր են քննարկվելու ավագանիում:

-Նիստերի շրջանակում դեռեւս ելույթ չեմ ունենում. այնպիսի հարցեր են քննարկվում, որոնց ընթացքում իմ միջամտության կարիքն առանձնապես չի զգացվում: Բայց եղել են մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը հետամուտ եմ եղել: Հետեւողական եմ եղել, որպեսզի մայրաքաղաքում կառուցվեն մայթեր, կանխել եմ անօրինական կառուցապատումը, բարձրացրել եմ անցումի կառուցման անհրաժեշտության հարցը եւ այլն: Շուտով տեղի կունենա 2019 թվականի քաղաքային բյուջեի քննարկումը: Դա գլոբալ հարց է լինելու, որին էական մասնակցություն կցուցաբերեմ, քանի որ ունեմ որոշակի նկատառումներ: Այնպես որ, ամեն բան առջեւում է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս