Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի 17:00-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին: Ներկայում հայտարարվել է ընդմիջում: Փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:

«Մինչ այս պահը երեք պաշտպանները ներկայացրեցին վերաքննիչ բողոքը: Ժամը 17:00-ին, երբ նիստը վերսկսվի, ես շարունակեմ ներկայացնել: Հակիրճ ներկայացնեմ բովանդակությունը: Որպեսզի դատարանն իրավունք ունենար կալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, նա պետք է ապացուցված համարեր, որ Քոչարյանն այս գործով չպիտի օգտվեր անձեռնմխելիությունից: Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ապա նոր դրանից հետո պետք է քննարկվեր, թե արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ պարոն Քոչարյանը կատարել է այն ամենն, ինչն իրեն մեղսագրվում էր: Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, էլի ոչինչ չի քննարկվում, նա պետք է բաց թողնվի: Եթե հիմնավոր կասկածն առկա է, ապա դրանից հետո պետք է քննվեր այն, թե պարոն Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է թաքնվեր կամ գործին խոչընդոտեր: Այս ամեն ինչից դատարանը ոչինչ հաշվի չի առել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային զրույցը հրապարակվելուց հետո եկան նոր հանգամանքներ: Եվ դրանք հաշվի առնելով փաստաբաններն էլ բողոք են ներկայացրել:

« Որպեսզի այս դատական շրջապտույտը չլիներ, այդ իմ նշած բոլոր հանգամանքները պետք էր հաշվի առնել»,-ասաց Հայկ Ալումյանը:




Լրահոս