Հասցեի փոփոխության դեպքում անձնագրում կնիքի փոփոխված չլինելը հիմք չէ անձին քվեարկությանը չթողնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.  «Բնակության վայրի հասցեում փոփոխություն կատարվելու դեպքում (եթե փոխվում է բնակարանի կամ տան համարը, փողոցի, թաղամասի, համայնքի, բնակավայրի անվանումը) Հայաստանի Հանրապետության բնակիչը հաշվառման մասին նոր դիմում չի ներկայացնում: Իրավասու մարմնի կամ շահագրգիռ անձանց կողմից համապատասխան փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթը անձնագրային ծառայություն ներկայացնելիս բնակչության պետական ռեգիստրի բազայում կատարվում է փոփոխություն։

Եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր, այն կարող է ներկայացնել անձնագրային ծառայություն, որպեսզի համապատասխան նշումների բաժնում հաշվառման կնիքով ամրագրվի փոփոխությունը։ Նույնականացման քարտի դեպքում փոփոխությունը կատարվում է էլեկտրոնային պահոցում։ Տվյալ դեպքում անձնագիրը կամ նույնականացման քարտը կարող է ներկայացվել նաև այլ անձանց կողմից։
Լիազորված անձի կողմից դիմելու դեպքում լիազորագիրը կարող է լինել սովորական գրավոր ձևով. նոտարական վավերացումը պարտադիր չէ։ Գործողությունը կկատարվի տեղում, առանց գրավոր դիմում ներկայացնելու։

Ընդ որում, հասցեի փոփոխության դեպքում անձնագրում կնիքի փոփոխված չլինելը հիմք չէ անձին քվեարկությանը չթողնելու համար», – ասված է հայտարարությունում։




Լրահոս