Արցախի առաջատար քաղաքական ուժը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վրա:

Արցախի առաջատար քաղաքական ուժը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ

Այս մասին ասված է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարության մեջ: Նա նշել է, որ անհարկի շահարկումների արհեստական այս ալիքի խորացումը բացառելու համար, որպես քաղաքական ուժի ղեկավար և Արցախի իշխանությունների ներկայացուցիչ, պարտավոր էր արձագանքել:

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին՝ աջակցելով պաշտպանունակության և տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանն ուղղված Արցախի իշխանությունների ձեռնարկումներին: Լիովին տիրապետելով Արցախում նախատեսվող տնտեսական խոշոր նախագծերին (դրանց մի մասի վերաբերյալ առիթ եմ ունեցել ձեզ տեղեկացնելու), որոնք ապահովելու են Արցախի տնտեսության թռիչքային զարգացումը, ՀՀ կառավարությունը բառացիորեն արել է ամեն ինչ դրանց իրագործմանը նպաստելու համար: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում մեկնարկելիք խոշորամասշտաբ այդ ծրագրերը հնարավորություն են տալու կտրուկ բարձրացնելու արցախցիների սոցիալ-տնտեսական կենսամակարդակը: Ի դեպ, այդ ծրագրերն ընդգրկում են Արցախի՝ Սահմանադրությամբ ամրագրված ամբողջ տարածքը: Կարծում եմ՝ ուղերձս հստակ էր, և փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա:
Արցախի հարցում որոշ քաղաքական շրջանակների կողմից այս օրերին հաճախակի հնչող մտահոգություններին ի պատասխան ասեմ, որ մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը, այն է՝ հակամարտության լուծման հարցում պետք է վճռական լինի ժողովրդի դիրքորոշումը: Ըստ այդմ կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները:
Համոզված եմ՝ դեկտեմբերի 10-ին մենք մեկ անգամ ևս ամրագրելու ենք հայկական երկու հանրապետությունների առաջնորդների լիովին նոր որակի հարաբերություններ, և առկա բոլոր տեսակի հարցերը այդ հարաբերություններում հաղթահարելի մանրուքներ են: Այս իմաստով անթույլատրելի էր մամլո պատասխանատուների դրսևորած անպատասխանատու վարքագիծը, քանի որ վերջիններս հաշվի չեն առել իրենց խոսքի հանդեպ հանրային ընկալումը:

Ավելի քան վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկապես, կլինեն աննախադեպ Հայաստանի պատմության մեջ և կամբողջացնեն Նոր Հայաստանի նկատմամբ մեր բոլորիս սպասումները, որի անբաժան մասն է կազմում Արցախը:
Արցախի առաջատար քաղաքական ուժի անունից հայտարարում եմ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Ուրեմն՝ առա՛ջ հանուն մեր միասնական հաղթած և հզոր Հայրենիքի, որտեղ պետք է տիրեն արդարությունը, միասնականությունը, սերն ու հանդուրժողականությունը յուրաքանչյուրի համար»,- ասված է Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ:




Լրահոս