«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մեր մոտեցումը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը – Իմ Քայլը դաշինքը, գործող օրենքի համաձայն, կարող է ստանալ մանդատների միայն 2/3, անկախ նրանից, թե փաստացի քանի տոկոս ձայն է ստացել, այսինքն՝ նույնիսկ 95% ձայն ստանալու դեպքում էլ, նրանց ստանալու են մանդատների 2/3 միայն։
Մնացած 1/3 պետք է բաժին հասնի երկու կամ ավելի այլ կուսակցությունների, որոնք պետք է լինեն այլընտրանք ԱԺ-ում։
Հետևաբար, քաղաքացիները պետք է գիտակցված գնան ընտրության և ձայն տան նաև այլ առողջ ուժերի, քանի որ եթե բոլորն ընտրենք Իմ Քայլը դաշինքին, ապա օրենքի ուժով 2/3 -ից ավելի ձայները գնալու են հաջորդ ուժերին, որը բաժին է հասնելու ՀՀԿ, ԲՀԿ կամ Դաշնակցությանը։
Ուստի, մենք հորդորում ենք բոլոր ընտանիքներին, իրենց ընտանիքի ներսում պլանավորում իրականացնել, և ձայները բաշխել հետևյալ կերպ՝ ընտրելու իրավունք ունեցողների 2/3 իր ձայնը տա Իմ Քայլը դաշինքին, իսկ ընտանիքի ընտրողների 1/3 իր ձայնը տա Ազգային առաջընթաց կուսակցությանը կամ մեկ այլ առողջ հեղափոխական ուժի։
Այսինքն, եթե 3 ընտրող կա մի ընտանիքում, ապա 2 ընտրեն Իմ Քայլը դաշինքին, իսկ առնվազն մեկը՝ Ազգային առաջընթաց կուսակցությանը։ Հիշեք՝ եթե բոլոր երեքն էլ իրենց ձայնը տան Իմ քայլը դաշինքին, ապա անուղղակիրոեն այդ երրորդ ձայնը գնալու է հակահեղափոխական ուժերին՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ կամ Լույս դաշինքին, կամ նրանց մի մասին։
Այսինքն, մենք քարոզելու ենք ակտիվ, գիտակցված և պլանավորված ընտրություն կատարելու մշակույթ, քանի որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ուստի հենց ժողովուրդն էլ պետք է որոշի ԱԺ կառուցվածքը»: