ՀՅԴ-ի հիշողությունը կրկին թարմացնել է պետք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որ ԱԺ արտահերթ ընտրություններում գլխավորում է ՀՅԴ ցուցակը, երեկ արդարացել է, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելիս դեռ օրակարգում չկար Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը: Սա, թերեւս, ուշագրավ է այն առումով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացի հենց սկզբից ընդդիմությունը պնդում էր՝ այդ ամենի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանավարման հավերժացումն է:

Դա ակնհայտ էր նաեւ սահմանադրության նոր տարբերակի ձեւակերպումներից: Եւ այն ժամանակ ՀՅԴ-ականները փորձում էին հերքել այդ տեսակետը` պաշտպանելով սահմանադրության նոր նախագիծը: Իսկ երեկ Ռուստամյանը նաեւ ասել է, թե «2017թ ԱԺ ընտրությունների արդյունքները, որը չի վիճարկել որեւէ մեկը, ու այդ արդյունքներով մեծամասնություն ուներ ՀՀԿ-ն, իրենք ասեին, որ, չէ՛, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ՀՀԿ-ն չունի՞»: Միայն թե այստեղ էլ պարոն Ռուստամյանը փորձում է իրականությունը խեղաթյուրել:

Ինչպես հիշում եք, 2017թ. ԱԺ ընտրություններից հետո Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով ընտրությունների արդյունքները: Այլ բան, որ ՍԴ-ն անփոփոխ թողեց այդ արդյունքները: Երեկ ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, հիշեցրեց. «Սահամանադրական դատարան ենք դիմել, երկար քննություն է եղել: Բնականաբար, իշխանության պատվերով մերժել է մեր հայցը, բայց մենք բողոքարկել ենք, ընդ որում` նաեւ ԿԸՀ-ում: «Դաշնակցության»` Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու որոշումը ոչ մի կապ չունի վիճարկման կամ չվիճարկման հետ:

Անձնական կամ քաղաքական շահը դա է թելադրել, իրենք էլ արել են: Մնացածը ընդամենը բացատրություններ են, որոնք անհիմն ու արհեստական են»:




Լրահոս