Գյուղապետը հրաժարական է տվել հարկերը չհավաքելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա փետրվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցքում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Բանն այն է, որ Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նշենք, որ Արթուր Ալոյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ միայն կառավարությունը հաստատեց նրա հրաժարականի դիմումը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արթուր Ալոյանի հետ:

-Պարո՛ն Ալոյան, ի՞նչն է հրաժարական տալու պատճառը:

-Պատճառը հարկերի թերի հավաքագրումն է: Գյուղացիներից չեմ կարողացել հարկերը հավաքագրել:

-Որքա՞ն գումարի մասին է խոսքը:

-Այս տարվա հարկերի միայն 50 տոկոսն է հավաքագրվել, բայց 2008 թվականից 100 մլն դրամի պարտք կա կուտակված: Բայց գյուղը նոր է խոշորացվել, հետեւաբար խոսքը մի քանի գյուղերի հարկերի հավաքագրման մասին է: Բնակիչները 100 մլն դրամ պարտք են գյուղապետարանի բյուջեին:

-Իսկ ի՞նչ են հիմնավորել մարդիկ, որ չեն վճարել հարկերը:

-Մի մասը չունի, չի վճարել, իսկ մի մասն էլ չնչին եկամուտ է ունեցել, որով կարողացել է միայն ընտանիք պահել: Այսպես, 1500 ընտանիք կընկնի դատարանների դռները:

-Հիասթափվե՞լ եք, որ չեք կարողացել հարկերը հավաքել ու հրաժարականի դիմում եք գրել…

-Չեմ հիասթափվել, ուղղակի չեմ ցանկացել մարդկանց վատություն անել, որ բնակիչներին դատի չտայինք, որ չգնային բանկերի դռներն ընկնեին, գումար վերցնեին, կամ էլ մենք իրենց դռները չընկնեինք: Չեմ հիասթափվել: Հուսամ` մարդիկ կգնահատեն իմ քայլը:

-Պարո՛ն Ալոյան, Ձեզ պարտադրե՞լ են, որ հրաժարականի դիմում գրեք:

-Ո՛չ, բոլորովին:

-Այսինքն` Ձեզ պարտադրե՞լ են, որ հարկերը հավաքագրեք:

-Պարտադրել են, որ հավաքենք գումարը: Միշտ էլ պարտադրում են, բայց չեն պարտադրել հրաժարականի դիմում գրել: Մարզպետն ասաց` հարկերը հավաքագրե՛ք ու շարունակե՛ք աշխատել, բայց դե…

-Ձեզ հաջորդո՞ղն է մարդկանց ստիպելու հարկերը վճարել:

-Այո, նա մի քանի ամսում պետք է այդ պարտքը հավաքի: Նոր ղեկավարը ժամանակ կտա մարդկանց ու կհավաքի:

Պարո՛ն Ալոյան, հրաժարական ներկայացնելու միակ պատճառը հարկերի թերի հավաքագրո՞ւմն է…

-Այո՛, այո՛…

Զրուցեց Սյունէ Համբարձումյան




Լրահոս