Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձել է համոզել նախկին մարզպետին. ինչպիսին է արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Սարգիս Սահակյանը դեռ քարոզարշավը նույնիսկ չմեկնարկած է մտածել ինքնաբացարկ հայտնելու մասին: Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նա այդ մասին ասել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ամեն կերպ փորձել է նրան համոզել եւ հետ պահել ինքնաբացարկ հայտնելու մտքից:

Եվ մի քանի օր Սարգիս Սահակյանը փորձել է հանդիպումներ ունենալ տարբեր մարդկանց հետ, ակտիվ է եղել, սակայն հասկանալով, որ ինքն այսպիսի իրավիճակում չի կարողանալու ձայներ հավաքել` որոշել է խայտառակ չլինել եւ ինքնաբացարկի որոշում է կայացրել: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը կրկին փորձել է համոզել, նույնիսկ ասել է` քարոզչություն մի՛ արա, նստի՛ր տանը, միայն թե ինքնաբացարկ մի՛ հայտնիր: Սակայն Սահակյանն անկոտրում է եղել:

Ի դեպ, օրերս «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սահակյան եղբայրները հանդիպումներ են ունենում իրենց մարզի ՀՀԿ-ական գյուղապետերի հետ՝ հորդորելով ԱԺ ընտրություններում ընտրել իրենց: Բայց որպեսզի այդ այցերի մասին մարզում շատ մարդ չիմանա, Սահակյան եղբայրները տաքսիներով են մեկնում: Մեր այս հրապարակումը գրավել է իրավապահների ուշադրությունը, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը ուսումնասիրել հրապարակման մեջ տեղ գտած փաստերը, իրավախախտման դեպքում ընթացք տալ գործին:




Լրահոս