ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 ուժերից շատ քչերն են այս օրերին ակտիվ քարոզարշավ իրականացնում` հանդիպումներ կազմակերպելով բնակչության հետ:
Ամփոփելով նախընտրական արշավի այս հինգ օրերը` արձանագրենք` ակտիվ քարոզարշավ են իրականացնում «Իմ քայլը», «Մենք» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Սասնա Ծռեր» կուսակցությունները, մյուս ուժերը հիմնականում տեղային քարոզչություն են իրականացնում կամ էլ հանդես գալիս լրատվամիջոցներով, ինչպես, օրինակ, ՀՀԿ-ն է, որի անունը, սակայն, շատ է թմբկահարվում:
Օրինակ` այդ նույն ուժերի առաջնորդները մարզային քարոզարշավ իրականացնելիս մի քանի քաղաքներ են այցելում, հանրահավաքներ, ելույթներ կամ երթեր ունենում, իսկ առանձին վարկանիշային թեկնածուներ էլ քարոզարշավ են իրականացնում իրենց քաղաքներում, հատկապես մայրաքաղաք Երեւանում:
ԲՀԿ-ի դեպքում նույնպես այդպես է, սակայն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պարագայում այլ քաղաքականություն է գործում, եւ վերջինս հիմնականում այցելում է մարզկենտրոններ եւ մեծ հանրահավաքների այցելում: Մինչ այժմ նա եղել է Աբովյան, Սիսիան, Իջեւան, Եղեգնաձոր եւ Մասիս քաղաքներում: Եվ այս առումով կուսակցության քարոզարշավի քաղաքականությունը փոխվել է: 2017 թվականի ընտրությունների ժամանակ ԲՀԿ նախագահը մեկ օր հատկացնում էր մի մարզի եւ մի քանի քաղաքներ շրջում: Իհարկե, չի բացառվում, որ այսպիսի քարոզարշավի պատճառը նաեւ քարոզչության համար կարճ ժամկետն է:
ՀՅԴ-ն եւս մարզային հանդիպումներ անցկացնում է, սակայն ոչ լայնամասշտաբ կերպով, ոչ հանրահավաքների միջոցով: Ավելի ակտիվ են նրանց ռեյտինգային թեկնածուները, որոնք Երեւանում ու մարզկենտրոններում փոքր հանդիպումներ են ունենում բնակչության հետ:
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւս հիմնականում դահլիճային հանդիպումներ է ունենում, սոցիալական կայքերում տեսանյութեր հրապարակում, իսկ բակային հանդիպումներն այնքան էլ շատ չեն: «Ազգային առաջընթաց», «ՔՈ» եւ «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցությունների պարագայում եւս իրավիճակը նույնն է. ավելի շատ տեսնում ենք այս ուժերի ներկայացուցիչների հարցազրույցները: Թերեւս մի փոքր տարբերվում է «ՔՈ»-ն, որ հետաքրքիր քարոզարշավ է իրականացնում` մանդարինի սիմվոլիկայով:
Իսկ ահա ՀՀԿ-ն, որպես այդպիսին, քարոզարշավ չի էլ իրականացնում: Երեւանի փողոցներում առհասարակ չես կարող տեսնել ՀՀԿ-ական թեկնածուի, ով քայլում է, զրուցում մարդկանց հետ, ծրագրեր ներկայացնում: Մարզերում մի փոքր ուրիշ է եւ, հատկապես, հեռավոր գյուղերի պարագայում: Մասնավորապես, մեր տեղեկություններով` հեռավոր գյուղերում ՀՀԿ թեկնածուներն անձամբ են այցելում գյուղացիների տներ, զրուցում նրանց հետ, համոզում: Եվ, իհարկե, նրանք այցելում են այնպիսի վայրեր, որտեղ գիտեն` իրենց չեն կոպտի կամ տանից դուրս չեն հանի: Սակայն ՀՀԿ-ն շատ լավ է օգտագործում օնլայն պլատֆորմը. նրանք ակտիվ են թե՛ սոցիալական կայքերում, թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ լրատվական կայքերում եւ թե՛ հետաքրքիր տեսահոլովակներով ու պաստառներով:
Եվ հետաքրքիր միտում է. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անխնա քննադատում է ՀՀԿ-ին, ինչպես անխնա քննադատում էր ընդդիմադիր ժամանակ` վերհանելով նրանց օրոք տեղի ունեցած ապօրինությունները: ՀՀԿ հասցեին մեղադրանքներ են հնչեցնում նաեւ մյուս ուժերը, օրինակ` «Մենք»-ը, ԼՀԿ-ն, «Սասնա ծռեր»-ը: Եվ այնպիսի տպավորություն է` կարծես այժմ էլ իշխանությունը ՀՀԿ-ն է, եւ այս ուժերի նպատակը նրանցից ազատվելն է: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, որը ժամանակին ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք էր կազմել, ապա փորձում են հնարավորինս մեղմ գտնվել, նույնիսկ ասել, որ «ընկածին չեն խփում», հեռացած իշխանությանը քննադատելն անիմաստ է:
Քարոզարշավի առաջին օրերն անհամեմատ ավելի լարված էին, եւ հեռահառար հակադարձումներ եղավ ոչ միայն «Իմ քայլ»-ՀՀԿ մակարդակով, այլ նաեւ ՀՅԴ-ի եւ «Սասնա Ծռեր»-ի միջեւ, սակայն վերջին օրերին այն շարունակվում է նախկին եւ ներկա իշխանությունների մակարդակով: Այլ կերպ ասած` մյուս ուժերը հասկացել են, որ ինչ-որ քվեի շանս ունենալու գրավականը ոչ թե «Իմ քայլ»-ին կամ Նիկոլ Փաշինյանին վատաբանելն է, այլ նրանց ամեն կերպ գովելը: Եվ այս մարտավարությունը շատ լավ է օգտագործում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով նույնիսկ իր հարազատ Աբովյան քաղաքում ելույթ ունենալիս կոչ արեց Նիկոլ Փաշինյանի կողքին լինել: Եվ չմոռանանք, որ այս երկու ուժերը հուշագիր ունեն ու պայմանավորվածություն, որ քարոզարշավը պետք է անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Այդպես էլ ընթանում է, եւ եթե, օրինակ, «Մենք» դաշինքը եւս առաջին օրերին թաքնված քննադատում էր Փաշինյանին, ապա հիմա եւս շեշտում են, որ նրանց կողքին են: Այլ կերպ ասած` բոլորը հասկացել են, որ չմերժվելու, չսեւանալու եւ գոնե ձայներ ստանալու համար պետք է քծնեն Փաշինյանին:
Նաիրա Հովհաննիսյան