Երեկ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ Գոռ Ասատրյանը նշանակվել է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որի համար առաջադրվել էին 16 թեկնածու, սակայն մրցույթը հաղթել էին երեք թեկնածու՝ հիվանդանոցի տրավմատոլոգ Գոռ Ասատրյանը, տնօրենի ԺՊ Արտակ Իսախանյանը եւ Օլգա Մարգարյանը։ Սակայն պարզվում է` մարզպետը ընտրել է Գոռ Ասատրյանին։ Այդ ընտրությանը դեմ է հիվանդանոցի ներկայիս տնօրենի ԺՊ Արտակ Իսախանյանը։ Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հետագա անելիքները իրավաբանի հետ քննարկելուց հետո կորոշի։
«Ես Գոռ Ասատրյանի դեմ ոչինչ չունեմ, իրեն հարգում եմ, բայց մարզպետի որոշմանը դեմ եմ, քանի որ մրցույթին ես ավելի բարձր արդյունքներ եմ հավաքել։ Մարզպետը իմ նկատմամբ ոչ արդարացի որոշում է կայացրել։ Այսօր ուշ երեկոյան եմ իմացել որոշման մասին, այն էլ` ֆեյսբուքյան էջից։ Բայց մինչ այդ մարզպետարանի տարբեր բաժիններ եմ զանգել, ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին։ Շատ դժգոհ եմ այս որոշումից, այն անարդար, ոչ օբյեկտիվ է։ Անգամ մյուս թեկնածուն՝ Օլգա Մարգարյանը, ավելի հարմար թեկնածու էր»,- նկատեց Իսախանյանը։ Ապա հայտարարեց, որ բողոքարկելու է մարզպետի որոշումը։